ԱՊԱԿՐԹԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Երեւանի պետական համալսարանի հրատարակած «Հայոց պատմություն» աղմկահարույց դասագրքին, «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է. «Ոչ մի նախադասություն չի փոխվի»: Իր այդ  կատեգորիկ դիրքորոշումն Աշոտյանը պարզաբանել է հետեւյալ կերպ. «Իհարկե, չենք պատրաստվում որեւէ բան անել: Կարծում եմ, որ առաջինը` որեւէ  մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց  ազատությունները, հատկապես` ակադեմիական ազատությունները: Կա գիտնականների խումբը, որն ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրավունք  իրենց հեղինակած գրքում»: Սա, կարելի է ասել, ուղղակի զավեշտալի  հայտարարություն է: Ի՞նչ է նշանակում` չենք վիճարկում այլոց ակադեմիական ազատությունները:  Ի վերջո, խոսքը ոչ թե որեւէ գիտնականի ստեղծագործական ազատության, այլ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդվող դասագրքի մասին է: Բայց դատելով Աշոտյանի հաջորդ հայտարարություններից, տպավորություն  է ստեղծվում, որ հայրենի ԿԳ նախարարն այնքան էլ լավ չի պատկերացնում ԲՈՒՀ-ում դասավանդվող դասագրքերի նշանակությունը: Աշոտյանը նույն հարցազրույցում  ասում է, թե «գիտնականներն  այս դեպքում  ազատ են իրենց կարծիքը արտահայտել` հիմնվելով  իրենց ունեցած  տպավորությունների եւ փաստական նյութերի վրա»: Եվ ամենազարմանալին` ըստ նախարարի. «Որեւէ մեկը չի կարող  ամբողջությամբ պատասխանել, թե ինչ է եղել այդ ժամանակ»: Բայց ներեցե՛ք` եթե որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ է եղել, այդ դեպքում ինչպե՞ս են դա  արել այդ դասագրքի հեղինակները: Պարզվում է, ըստ նախարարի, դասագրքի հեղինակները դա արել են` չհավակնելով.  «վերջին ատյանի ճշմարտություն գրել»: Սա արդեն ինքնախոստովանություն է: Փաստորեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը հայտարարում է, որ   երկրի  ուսումնական հաստատություններում  դասավանդվող դասագրքերում մեր երեխաներին կարող է մատուցվել ամեն տեսակ աղբ, քանի որ այդ աղբի հեղինակներն ունեն  ակադեմիական ազատություններ եւ չեն հավակնում   իրենց ուսանողներին վերին ատյանի ճշմարտություններ  մատուցել:    Ստացվում է, որ հայրենի ԲՈՒՀ-երում  մեր երիտասարդ սերնդի ընտրյալ հատվածը, որի հետ է կապված մեր երկրի վաղվա ապագան,  պարտադրված է  սովորել   վիճելի ճշմարտություններ, այդ թվում եւ` նույն մարտի 1-ի հետ կապված: Այս պնդումը վիճարկողներին արժե հարցնել. ի՞նչ են կարծում, նույն Էդիկ Մինասյանը եւ նրա  գործընկերներն իրենց ուսանողներին բարձր գնահատականներ  կնշանակե՞ն, եթե նրանք կոնկրետ մարտի 1-ի հետ կապված հարցին  պատասխանեն, որ դասագրքում ներկայացվածը «վերին ատյանի ճշմարտություն չէ», ուստի իրենք դա չեն սովորել: Բնականաբար` ոչ: Հետեւաբար` ուսանողները ստիպված են լինելու սերտել  այն, ինչ նրանց հրամցվում է «վերին ատյանի ճշմարտություն չգրող», չափազանց «ազատ»  դասախոսների կողմից:




Լրահոս