«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում: Սույն շենքում երեկ փակցված էր այդ անջատումների գրաֆիկը: Մեզ հետ զրույցում քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հաստատեց, որ արդեն մի որոշ ժամանակ է (վերջին օրերին) լինում են նման անջատումներ:
– Տիկին Եսայան, ինչո՞ւ են անջատել հոսանքը, ձեզ բացատրե՞լ են:
– Ճիշտն ասած արդեն մի որոշ ժամանակ լինում են անջատումներ:
– Իսկ ինչո՞ւ են անջատռմ, չե՞ն ասել:
– Չէ, ես չգիտեմ, թե ինչու են անջատում, բայց տարբեր նախարարություններում տարբեր ժամերի լինում են անջատումներ: Ինքս մտածում եմ, որ խնայողության ռեժիմ է, կառավարությունը իրենից է սկսել: Բայց կարող եմ նաև հետապնդել այդ հարցը:
Քիչ անց տիկին Եսայանը մեզ փոխանցեց, որ շենքում տրանսֆորմատորի հետ կապված տեխնիկական խնդիր կա: «Բարելավում են վիճակը: Գուցե կոնդիցիոն համակարգը որ միացնում են ամռան այս շոգին, ծանրաբեռնվում է, դրանից է խնդիրն առաջանում»,- ասաց Անահիտ Եսայանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։