Երեկ գյումրեցիների հետ հանդիպելու նպատակով Գյումրիում էին «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության այլ անդամներ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ր. Հովհաննիսյանը նշեց, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:
Խոսելով գյումրեցի ընտրողների մասին՝ Հովհաննիսյանն ասաց. «Նա, ով այնքան ցավ ու տառապանք է տեսել, ով երազանք, հավատ չունի, ինքը կորցրել է մարդկայնությունը: Մենք քաղաքացի լինելու իրավունքը պետք է վերադարձնենք շարքային քաղաքացուն: Ես վստահ եմ, որ ոչ թե դրոշակակիրը, այլ դրա մասնիկը ես եմ դառնալու, Գյումրիում ու Շիրակում վերցնելու եմ առաջին տեղը, եթե գյումրեցին ու շիրակցին ուզենա դուրս գալ այդ վիճակից»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, թե իրենք եւս հասկանում են, որ այս պետությունում կայացող ընտրություններում կա 10 կամ 20 հազար դրամի գործոնը, կա վարչական ռեսուրսի, ինչպես եւ հանցագործ աշխարհի գործոնը, եւ այս պարագայում ի՞նչ անել, նստել ու որոշել՝ վե՞րջ. «Այլեւս չունենա՞նք պետություն, չունենա՞նք հեռանկար: Այլընտրանքը նշանակում է փախուստ Հայաստանից կամ գոյություն քարշ տալու պես մի բան: Մենք գտնում ենք, որ մեր պետության թշնամին այդ հիասթափությունն է: Այսպիսի մոտեցումը որեւէ մեկիս ընտանիքին լավ բան չի խոստանում»:
Ր. Հովհաննիսյանը խոսեց նաեւ այն մասին, որ դեռ նոյեմբերի 2-ին ինքը հանդես է եկել քաղաքական եւ քաղաքացիական հայտարարությամբ՝ քննարկելով իր թեկնածությունը ոչ միայն «Ժառանգության» գործընկերների, այլեւ քաղաքացիական ակտիվիստների հետ եւ այդ երկու կողմերին ասել է, որ ինքը կա եւ չպետք է նստի ու թվաբանական խաղերով զբաղվի, կանխատեսումներ անի, թե 2012-2018թթ. ինչպիսի Հայաստան ենք ունենալու:
«Ես չեմ սպասելու 5 տարի: Միաժամանակ դուք լավ գիտեք՝ սա բառախաղ չէ, որ ես կողմնակից եմ ոչ թե մի կախարդական հերոսի շուրջ միասնական թեկնածուի անվամբ հավաքվելու, այլ կողմնակից եմ, որ մենք հավաքական թեկնածություն ստեղծենք, որն ունենալու է կոլեգիալ պատասխանատվություն եւ որոշումների կայացման մեխանիզմ»,-ասաց Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այդ մեխանիզմը նախագահական մի շրջանի ընթացքում սահմանադրական հանրաքվեի միջոցով երկիրը դարձնելու է խորհրդարանական կառավարման համակարգ, որն իր օրինակով բացառելու է իշխանության եւ բիզնեսի միասնությունը:
Գյումրի