Հուլիսի 9-ին Երևանում հերթական ծեծկռտուքն է գրանցվել: 50-ամյա մի կին՝ Մարինա անունով, հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Մաշտոցի բաժին այն մասին, որ համագյուղացիներ Կառլեն, Հրանտ, Հրաչ և Աշոտ Մ.-երը Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում փայտով հարվածել են իրար, ապա հետապնդել իր 15-ամյա որդուն, փողոցի մեջտեղում հայհոյել նրան, վնասել իրեն պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ կետի հատկանիշներով: Միջադեպի մասնակիցները ձերբակալվել են:
Պարզվում է խոսքը 3-րդ գյուղի բնակիչներ Մարտիրոսյան եղբայրների մասին է, ովքեր առաջին անգամ չէ, որ նման պատմության մեջ են հայտնվում:
Դեռևս 2007 թվականի նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) գտնվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ կրակոցներ էին հնչել:
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել ՍՊԸ-ի սեփականատեր Կառլեն Մարտիրոսյանը և նրա կրտսեր որդին` Հրանտը: Նրանց կյանքին վտանգ չէր սպառնում, սակայն, ըստ բժիշկների, 33-ամյա Հրանտի ծունկն այլևս իր ֆունկցիան չէր վերականգնի: Գնդակը վնասել էր նրա ծնկի կռճիկային հատվածը:
Կատարվածն այդ ժամանակահատվածում քննարկման մեծ ալիք բարձրացրեց, քանի որ պատմության կիզակետում բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներ էին: Այսպես, այդ ժամանակ Մարտիրոսյանների միջնեկ որդին՝ Աշոտը, վերհիշելով կատարվածը, հայտնել էր, թե այդ ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի փեսան իրենց գումար էր պարտք, ինչն էլ միջադեպերի առիթ էր դարձել. «Մեր խանութ հաճախորդ եկավ, ներկայացավ որպես Արման և ասաց, որ «Խուճուճ Էդոյի» (ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան – խմբ) փեսան է: Աբովյան-Թումանյան խաչմերուկում գտնվող իր խանութի վերանորոգման համար մեզնից քար գնեց, բայց 1000 դոլար պարտք մնաց: Զանգեցի, բա` հիմա կբերեմ: Բայց էսօր-վաղը ասելով` չբերեց: Նույնիսկ սկսեց հեռախոսն անջատել, որ չզանգեմ»:
Նոյեմբերի 28-ի կեսօրին Աշոտ Մարտիրոսյանը քաղաքի կենտրոնում պատահաբար հանդիպել էր Արմանին. «Ասացի` Արման ջան, էդ 1000 դոլարը քեզ համար մեծ գումար չի: Չարժե, որ դրա պատճառով խաբես կամ հեռախոսդ անջատես: Բա` հեսա կես ժամից կգամ 3-րդ գյուղ, կասեմ»:
Երկու ժամ անց Մարտիրոսյանների խանութ-արտադրամասի մոտ կանգնել էին 5-6 ավտոմեքենաներ` մոտ երկու տասնյակ մարդկանցով:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով` «փեսա» Արմանը, «Խուճուճ Էդոյի» որդին` Արման Մադաթյանը և վերջինիս մորաքրոջ կամ հորաքրոջ տղան` Համիկը, մտել էին խանութ ու սկսել հայհոյախառն բառապաշարով լկտի խոսակցություն վարել. «Բա` արա, էս մեզնի՞ց եք փող ուզում: Ասացի` Արման ջան, 1000 դոլարի համար ի՞նչ ես եկել կռիվ անում: Էդ փողը քեզ նվեր, զորքդ հավաքիր, գնա»,- պատմել էր Աշոտը և հավելել, որ եկվորներից չորսը «պիստալետ էին հանել, մեկը` ավտոմատ»: Բայց, բարեբախտաբար, վերջինս այն չի կիրառել:
Սկսվել էր քաշքշուկ, հենց խանութի դիմաց Համիկը, որը, ըստ Աշոտի, «ուռած կամ ծակված» է եղել, ատրճանակից կրակել էր ընտանիքի հոր` 63-ամյա Կառլեն Մարտիրոսյանի ոտքին: Իսկ խանութի մյուս կողմում «փեսա» Արմանը կրակել էր կրտսեր Մարտիրոսյանի` Հրանտի ոտքին:
Սկսած հրաձգությունից հետո Մարտիրոսյաններին «հյուրընկալվածներն» անմիջապես դիմել էին փախուստի` դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաներից մեկը` 001us01 պետհամարանիշով «Մերսեդես – ՄԼ320»-ը:
Ա. Մարտիրոսյանի պատմելով` քիչ անց ժամանած իրավապահները մեքենայում հայտնաբերել են Տրանսպորտի և կապի նախկին նախարար Է. Մադաթյանի որդու փաստաթղթերը:
Նշենք, որ թաղային հեղինակություն Էդուարդ Մադաթյանը` «Խուճուճ Էդոն», 1999 թ. ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Սակայն մեկ տարի անց նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին` Տրանսպորտի և կապի նախարար նշանակվելու կապակցությամբ: Իսկ արդեն 2004 թ. նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլոց դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով:
Ավելի ուշ մամուլին տված հարցազրույցում Է. Մադաթյանին առաջադրված մեղադրանքը բացարձակ անհեթեթություն և «սարքած գործ» համարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»): Ի դեպ, վերջինս «Խուճուճ Էդոյի» որդու` Արման Մադաթյանի աներն է:
Իսկ արդեն նոյեմբերի 30-ին 1985 թ. ծնված Հմայակ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-արտադրամասի մոտ «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակ է արձակել և դիմել փախուստի:
Եվ ահա հիմա, նույն Մարտիրոսյան եղբայրներն իրենք են ծեծի և խուլիգանության անմիջական մասնակցի դերում հայտնվել: