ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է
«Գագիկ Ջհանգիրյանն այս գործով ապօրինությունների համահեղինակներից մեկն է: Ես գիտեմ Ջհանգիրյանի՝ այս վերջին քաղաքական գործունեության մեջ ներգրավված լինելը, գիտեմ, որ այնտեղ ինքն անմեղ է եղել: Բայց այս գործով ես համոզված եմ, պնդում եմ, որ նա համահեղինակներից մեկն է»,-երեկ նախագահական նստավայրի դիմաց «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով Մատաղիսի գործը:

ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
ՀՅԴ-ի համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունն անակնկալ չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հավելելով, որ դրա արդյունքում նոր տեղաշարժեր եւ զարգացումներ են հնարավոր: Բոլոր այն վերլուծաբաններին, որոնք միասնական դաշտի ձախողման մեջ մեղադրում են «Դաշնակցության»-ը, նա խորհուրդ է տվել ամեն մեկին մեղքը փնտրել իր մեջ:

Ո՛Չ ՇԱՀՈՒՄ Է, Ո՛Չ ԿՈՐՑՆՈ՞ՒՄ
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկացած որոշում իրենց կուսակցության ներքին խնդիրն է»,-հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ իրենք հարգանքով են վերաբերում ցանկացած քաղաքական ուժի որոշման: Շարմազանովը նշել է, որ որեւէ մեկի առաջադրմամբ կամ չառաջադրմամբ Սերժ Սարգսյանը ո՛չ շահում է, ո՛չ էլ կորցնում:

ԼԵՎՈՆԸ ՉԻ ԼՌՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի լռել, այլ պարզապես հարցազրույցներ չի տալիս, բայց աշխատում է: Այս մասին  «Ֆորում» ակումբում  հրավիրված ասուլիսում ասել է  «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության անդամ Զոյա Թադեւոսյանը: Նա չի բացառել ընդդիմության միավորումը միասնական թեկնածուի շուրջ: «Ի՞նչ է, այդքան պատրա՞ստ չենք, թե՞ պատրաստ չենք իրար հարգելու եւ սիրելու: Ակնհայտ միասնական թեկնածու տեսնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին»,-ավելացրել է Թադեւոսյանը եւ հավատացրել, որ ՀԱԿ-ն իրական ընդդիմություն է:

ԿՈՏՐԵԼ ԵՆ ԿԱՅՔԸ
Դեկտեմբերի 11-ի երեկոյան yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից: Ցավոք, ջնջվել է yerkir.am-ի ամբողջ արխիվը, սակայն խմբագրությունը խոստանում է հնարավորինս արագ վերականգնել այն: Այժմ աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ:

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՊԱՇՏՈՆ
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ` նախարարության աշխատակազմի քարտուղարության, պաշտպանության նախարարի տեղակալների եւ խորհրդականների ապահովման ու սպասարկման ստորաբաժանման, պաշտպանության նախարարի խորհրդականների ապահովման եւ սպասարկման բաժանմունքի առաջատար մասնագետի պաշտոնի համար:




Լրահոս