Հերթական ընտրություններով իշխանափոխության սպասելը ինքնախաբեություն է. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած սակավաթիվ հանրահավաքին մասնակցում էին նաև Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչները: Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում, ընդհանրական գնահատական տալով վերջին մեկ ամսում տեղի ունեցած իրադարձություններին, հոսանքի թանկացման դեմ պայքարից մինչև իշխանափոխության վերաբերյալ կոչերին` ասաց` այս ամենի ելքը տեսնում է միայն իշխանափոխության մեջ:

«Ելքը տեսնում ենք միայն իշխանափոխության մեջ: Բոլորն էլ ուզում են ապրել նորմալ երկրում, հատկապես եթե երկրի համար ինչ-որ բան են արել: Բայց այսօր այս իշխանությունները չեն ապահովում արժանապատիվ ապրելը: Մենք բոլորս, ժողովուրդն էլ համոզվել է, որ այս իշխանությունները պատրաստ չեն ոչ մի բան անել: Ոչ թե չեն ուզում, այլ ի վիճակի չեն որևէ բարեփոխում իրականացնել: Երկիրն այս վիճակից հանելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է: Մնացած բոլոր տեսակ կոչերն ու լոլոները անիմաստ են»,- նշեց ազատամարտիկը:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով` հերթական ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն սպասելը ինքնախաբեություն է. «Այսօրվա քաղաքացիներով միայն կարող ենք խնդիր դնել վերջնական փոփոխության: Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պետք է ծառայի ժոովրդին, ոչ թե մի խումբ օլիգարխներով կամ փող ունեցողներով իշխանության եկածներին»:

Ազատամարտիկը կարծում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե հերթական ընտրություններով իշխանափոխության կհասնեն, նրանք «իշխանություններին նորմալ ծառայություն են մատուցում ընդդիմադիրի շապիկի տակ»:

Հարցին` իշխանափոխության հասնելու ճանապարհը տեսնում են քաղաքացիական անհնազանդությա՞ն միջոցով, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե, լավ կլիներ, որ բանը չհասներ քաղաքացիական անհնազանդությանը, բայց դա է ճանապարհը: Ես վստահ եմ` եթե ամբողջ ժողովուրդը ոտքի կանգներ, անհնազանդության խնդիր չէր էլ առաջանա: 2008 թվականին մենք ազգովի միասնական էինք, միակ բանը, որ բացակայում էր, երիտասարդությունն էր: Իսկ հիմա երիտասարդությունը կա և ապագան կերտելու է իր ձեռքով: Այդ առումով այս իշխանությունների գործը շատ բարդ է»:




Լրահոս