Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն, մայրաքաղաքի Ներքին Չարբախ և Հաղթանակ թաղամասերում բնակիչների առաջնային բուժօգնությունն ապահովելու նպատակով ստեղծվել են բուժկետեր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ պոլիկլինիկա Ներքին Չարբախ և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ Հաղթանակ թաղմասում բացված մասնաճյուղերի պայմաններին աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 6000 բնակչություն ունեցող Ներքին Չարբախում և շուրջ 10000 բնակչություն ունեցող Հաղթանակ թաղամասում բուժկետերի բացումը սպասված ծրագիր էր:
«Նախընտրական հանդիպումների ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ներկայացնում էին նաև հրատապ լուծում ենթադրող խնդիրներ, որոնք բոլոր վարչական շրջաններում գույքագրվել են ու հետզհետե լուծումներ են ստանում: Այդ համատեքստում են նաև այս երկու բուժկետերի ստեղծումը: Երևանում կան վարչական շրջաններ, որոնք ունեն ծայրամասային թաղամասեր և մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում դրանց նկատմամբ ևս հետևողական ուշադրություն է ցուցաբերվում: Առողջապահությունը մեր ամենակարևոր օղակներից մեկն է, և մենք արդեն գրեթե բոլոր վարչական շրջանների ծայրամասային թաղամասերում ունենք բուժկետեր, որոնք տեղում լուծում են մեր բնակչության համար առաջին անհրաժեշտության առողջապահական խնդիրը»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը շրջել է բուժկետերում, զրուցել բնակիչների ու աշխատակիցների հետ: Իրենց շնորհակալությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ բնակիչներին տրված խոստումը կատարելու և առաջարկը ծրագրի վերածելու համար, բնակիչներն ընդգծել են, որ այն իսկապես անհրաժեշտություն էր: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն իր հերթին վստահեցրել է, որ նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական և որ բուժկետերի ստեղծումից հետո աշխատանքներ կտարվեն նաև բուժ ծառայությունների մատուցումն ավելի ընդգրկուն դարձնել ուղղությամբ:
Հաղթանակ թաղամաս այցի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալը ծանոթացել է նաև վերջերս բացված բռնցքամարտի մարզադահլիճի պայմաններին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բացված ու անվճար գործող մարզադահլիճում այսօր մարզվում է շուրջ 100 երեխա:
«Նախընտրական հանդիպման ժամանակ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մենք եկանք Հաղթանակ թաղամաս, բնակիչները երեք հարց բարձրացրեցին՝ նախկինում տրամադրված տնամերձ հողամասերի իրավական խնդրի լուծման, բնակիչների համար բուժկետ, նաև սպորտային օջախ ստեղծելու հետ կապված: Այսօր կարող ենք արձանագրել, որ նշված բոլոր խնդիրներն ամբողջությամբ լուծված են: Մասնավոր հատվածի մասնակցությամբ բացված բռնցքամարտի դահլիճում ստեղծել ենք բոլոր պայմանները, նաև տրամադրել ենք մարզիչներ, որոնք աշխատում են երեխաների հետ»,- նշել է Դավիթ Օհանյանը: