ՇՌԱՅԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ՝ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 տարուց ավելի է՝ Հայաստանը չի կարողանում լուծել աղետի գոտու եւ անօթեւան մնացածներին բնակարաններով ապահովելու խնդիրները: Թեեւ կառավարությունը շարունակաբար խոստանում է հարցը վերջնականորեն կարգավորել, արդյունքում ունենում ենք միայն այն, որ խոստումները չեն կատարվում՝ի հեճուկս ոլորտում առկա ծախսերի ամենամյա ավելացմանը: Եթե 2010թ. պետբյուջեից «Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ» բնագավառին հատկացվել է 42,8 մլրդ դրամ, ապա 2011թ. այդ նույն հատկացումները կազմել են 43,8 մլրդ դրամ:
Այսպես, 2011թ. պետական բյուջեով վերոնշյալ ոլորտին տրամադրված ավելի քան 43.8 մլրդ դրամը կազմել է նախնական ծրագրի 91.8%-ը: Ծրագրում առկա շեղումը կապված է ջրամատակարարման ոլորտում արտաքին աջակցությամբ իրականացվող որոշ ծրագրերի ցածր կատարողականի հետ: Բնակարանային շինարարությունների եւ կոմունալ ծառայությունների բաժնի ծախսերը 2,4%-ով (1 մլրդ դրամով) են գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը, որը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող որոշ ծրագրերի, ինչպես նաեւ բնակարանային շինարարության եւ խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորման ոճով:
Բյուջետային նույն կատարողականից պարզվում է, որ միայն բնակարանային շինարարության ոլորտին տրամադրվել է շուրջ 25.8 մլրդ դրամ: Ի տարբերություն 2010թ.՝ հաշվետու տարում տվյալ ծախսերն աճել են 550.4 մլն դրամով կամ 2.2%-ով: Այս միջոցները հատկացվել են աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակի համար: Բարեբախտաբար, ի տարբերություն այլ ոլորտների հաշվետվությունների՝ այս հատվածում մասնավորեցված է, որ ծրագրի շրջանակներում կատարվել են Գյումրու 1200 բնակարանների կառուցման, Անի թաղամասում տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում 182 բնակարանների եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 354 բնակարանների շինարարության աշխատանքները: Այսուհանդերձ, կրկին հստակ չէ, թե արդյոք այդ աշխատանքները վերջնականորեն ավարտվել են, եւ քանի քաղաքացու է հնարավոր եղել ապահովել բնակարանով:
«Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ» բաժնի ծախսերի 36,4%-ն ուղղվել է ջրամատակարարման խմբի ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ ծախսերը կազմել են 15,9 մլրդ դրամ (տարեկան ծրագրի 80,3%), որը հիմնականում պայմանավորված էր Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ինչպես նաեւ՝ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման դրամաշնորհային ծրագրի ցածր կատարողականով: Ի դեպ, Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կատարվել են 386,1 մլն դրամի ծախսեր: Այս գումարից 255,6 մլն դրամը տրվել է դրամաշնորհային միջոցներից, իսկ 130,5 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման արդյունքում: Այս ծախսերը կազմել են նախատեսվածի 20,1%-ը, իսկ շեղումը պայմանավորված է նրանով, որ վճարները կատարվել են նաեւ չօգտագործված վարկային միջոցներից՝ 805.6 մլն դրամի չափով: Պարզվում է, որ այս վարկային միջոցները պիտի ծախսված լինեին դեռ 2010թ., բայց «օբյեկտիվ գործոններից ելնելով (եղանակային պայմաններ)՝ աշխատանքները ավարտին են հասցվել 2011թ.»:
Ինչ խոսք, այս ասպարեզում աշխատանքներ տարվում են, բայց դրանց օգտակար գործողության գործակիցն է ակնհայտորեն ցածր, թեեւ վերոհիշյալ բնագավառին ուղղված ֆինանսական միջոցները, օրինակ, այս տարի գերազանցել են 100 մլն ԱՄՆ դոլարը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը թեեւ ժամանակին հպարտանում էր, թե ինքն աղետի գոտու հարցը լուծել է, այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը դեռ 2008թ. ընտրարշավի ժամանակ խոստումներ էր հնչեցնում՝ հարցը վերջնականորեն կարգավորելու մասին: Ի դեպ, 2008թ. առ այսօր Ս. Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ոչ մի անգամ չի եղել Գյումրիում, մինչդեռ այս տարի Ճապոնիա կատարած եռօրյա այցի շրջանակներում Սենդայ քաղաքում ժամանակ էր գտել այցելել «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այսօր մուտք ենք գործում 2013թ., թվում է՝ խոստումները պիտի իրագործված լինեին, բայց, ավա՜ղ, այդպես չէ: Օրինակ՝ հենց Գյումրիում, ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վ. Թումասյանի տվյալների, հաշվառված է 6200 անօթեւան ընտանիք: Շուտով նախագահական ընտրություններ են, եւ դժվար չէ կռահել, որ Շիրակի մարզ կատարելիք այցելության ընթացքում Ս. Սարգսյանը կրկին կխոստանա լուծել բնակարանաշինության հրատապ խնդիրը, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս