Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում կայացավ նորընտիր ավագանու երկրորդ նիստը: Հենց սկզբում ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե իր կողմից նախապես արված առաջարկությունները՝ կապված Գյումրիում անօթեւանության հարցը վերջնականապես լուծելու համար ՀՀ նախագահին ուղերձով դիմելու, ավագանու անդամների համար քաղաքապետարանում սենյակներ ունենալու եւ Գյումրու քաղաքաշինական կանոնադրությունը մշակելու հետ, ինչու չեն ընդգրկվել օրակարգում: Քաղաքապետը նշեց, որ այդ հարցերը ընդգրկվելու են ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Ի տարբերություն նախորդ նիստի` այս անգամ, բացի Լեւոն Բարսեղյանից, իրական մասնակցության փորձեր արեցին նաեւ ավագանու մի քանի այլ անդամներ: Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվեցին, արվեցին առաջարկություններ: Հարկ է նշել, որ նման բան չէր արվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք:
Անդրադառնալով Գյումրու քաղաքաշինական խնդիրներին՝ Լ. Բարսեղյանը նկատեց, որ առաջին անգամ Գյումրու զարգացման ծրագիրը հանրության իրական քննարկմանն էր դրվել դեռ նախորդ շաբաթվա վերջին, ինչը, իր կարծիքով, մի կողմից շատ լավ էր, իսկ մյուս կողմից վատ, քանի որ քննարկման եւ նիստի միջեւ ընկած ժամանակահատվածը շատ կարճ էր, բացի այդ, նրա կարծիքով՝ շատ վատ է, որ քառամյա զարգացման ծրագիրն ավագանու բոլոր անդամներին հատուկ չէր հասցվել: Վերջինս առաջարկեց այսուհետ բոլոր փաստաթղթերը ավագանու անդամներին հասցեական ուղարկել: Այնուհետ անդրադառնալով Գյումրու զարգացման քառամյա ծրագրում նոր հատակագծի հաստատման կետին՝ ավելացրեց. «Կետը, որ այս ծրագրի մեջ սահմանում է, ասում է՝ Գյումրի համայնքի գլխավոր հատակագծի վերանախագծում: Այսինքն՝ խոսքը նոր նախագծի մասին է, ինչն անհասկանալի է, այն դեպքում, եթե մեր գլխավոր հատակագիծը հաստատվել է 6-7 տարի առաջ: Եթե մենք խոսում ենք քաղաքաշինական իրադրությունը գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու եւ գոտիավորման նախագծեր ունենալու մասին, ուրիշ բան է: Նոր գլխավոր հատակագծին ես անձամբ դեմ եմ եւ առաջարկում եմ ավագանու անդամներին նույնպես դեմ լինել»:
Ծրագրում նշված այդ կետը քաղաքապետի առաջարկությամբ վերաձեւակերպվեց «գոտիավորման հետ կապված հատակագծի փոփոխություն», ու հարցին կողմ քվեարկեցին ավագանու 21 անդամները: Ըստ հերթականության անդրադառնալով օրակարգում ընդգրկված 13 հարցերին՝ ավագանու բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին: Բուռն քննարկումներով ու միաձայն որոշումներով նիստի անցկացման առթիվ քաղաքապետը ողջունեց ավագանու բոլոր անդամներին, որոնք կատակեցին, թե 13 տարի շարունակ ավագանին այս կերպ է աշխատել` հավանաբար նկատի ունենալով այն, որ նախկինում ավագանու անդամների մեծ մասից դեմ կամ ձեռնպահ քվեարկելու համար համարձակություն էր պահանջվում:
Գյումրի