«Մասիս Տոբակո»-ն մոտ 3 անգամ նվազեցրել է վճարված հարկերը. գործարար Վարդանյանների տուգանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող «Մասիս Տոբակո» ընկերությունը 2015թ նվազեցրել է պետության հանդեպ իր հարկերի ծավալը: Եթե անցած տարի ընկերությունը վճարել էր 320 մլն դրամ, ապա այս տարի վճարել է 120,8 մլն դրամ:

Նկատենք, որ գործարար Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտի գործունեությամբ զբաղվող «Մասիս Տոբակոյի» դիրքերն ավելի ցածր են նրանց մյուս ծխախոտի գործունեությամբ զբաղվող երկու ընկերությունների` «Ինտերնեշնլ Մասիս Տոբակոյի» եւ «Գրանդ Տոբակոյի» համեմատ:

Սակայն պարզվում է, որ գործարար Վարդանյաններին պատկանող «Մասիս Տոբակո» ընկերությունը, բացի այն, որ նվազեցրել է պետության հանդեպ իր հարկային վճարումները, նաեւ հայտնի է մաքսային կանոնները խախտելու սովորությամբ: Բարեխիղճ գործարարի իմիջով, ըստ ամենայնի, նրանք իրականում աշխատում են ճիշտ այնպիսի մեթոդներով, ինչպիսիք ընդունված են Հայաստանում. գտնել ուղիներ՝ օրենքը շրջանցելու համար:

Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ ապրիլի 22-ին «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել 3280կգ ապրանք, որոնց վերաբերյալ սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմնին հայտարարագիր չի ներկայացվել: Արդյունքում պետական եկամուտների կոմիտեն որոշել է գործարար Վարդանյաններին պատկանող ընկերությանը տուգանել 50.000 դրամի չափով:

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Այս տուգանքից մի քանի ամիս անց «Մասիս Տոբակոն» էլի է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: 2014 օգոստոսի 3-ին դարձյալ «Մասիս Տոբակոյի» անունով ՀՀ է ներմուծվել 8269 կգ ապրանք, սակայն հերթական անգամ ընկերությունը սահմանված ժամանակահատվածում հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Բայց ուշագրավ զուգադիպությամբ, ընկերության լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Սանթուրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ դարձյալ 50.000 դրամի չափով:

Բայց Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերություններից միայն «Մասիս Տոբակոն» չէ, որ խախտել է մաքսային կանոնները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վարդանյաններին պատկանող «Գրանդ Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ ՍՊԸ»-ն եւս հայտարարագիր չներկայացնելու համար տուգանվել են 50.000 դրամի չափով:

Ավելին՝ տեղեկացանք, որ 2014 թվականին մաքսային այլ կանոններ խախտելու համար «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Կարապետ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն: Բանն այն է, որ ընկերության անունով հայտարարագրվել է 1 մլն 440 հազար տուփ սիգարետ, որը 10-օրյա ժամկետում ՀՀ մաքսային սահմանը չի հատել, ինչի համար որոշվել էր ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Կարապետ Սուքիասյանին տուգանել 100 հազար դրամի չափով:

Քնար Մանուկյան




Լրահոս