Դեկտեմբերի 16-ին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրում կկայանա Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանի կրտսեր որդու՝ Աշոտի եւ Տավուշի փոխմարզպետ, «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի դստեր հարսանիքը: Մարզպետի տղան աշխատում է Բագրատաշենի մաքսակետում, իսկ փոխմարզպետի դուստրը բժշկուհի է Երեւանի բուժհաստատություններից մեկում: Վարդապետյանի աղջիկն աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ մարդկային հատկանիշներով, բազմիցս անշահախնդիր օգնություն է ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող տավուշցիներին: 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում Վահե Վարդապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում: Սակայն մարզպետը պաշտպանում էր ոչ թե իր խնամու (նրանց զավակներն այն ժամանակ նշանված էին), այլ ՀՀԿ անդամ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Վերջինս վերընտրվեց 4 թեկնածու ունեցող ընտրատարածքում: Ի դեպ, թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն էր Վահե Վարդապետյանի տիկինը՝ Աիդա Սարգսյանը: Ընտրություններն իրենց բացասական կնիքը դրեցին խնամիական հարաբերությունների վրա, հարսանիքը հետաձգվեց, սակայն երիտասարդների սերը հաղթահարեց այդ փորձությունը: Մեր տեղեկություններով՝ մարզպետը ցանկացել է, որ իր կրտսեր որդու հարսանիքը կայանա Երեւանում: Սակայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է եղել դրան՝ Ղուլարյանին ասելով, որ հարսանիքը պետք է տեղի ունենա Տավուշի մարզի տարածքում: Մեր աղբյուրների վկայությամբ` հրավիրյալներին զգուշացրել են, որ նրանք հարսանեկան արարողությանը ներկայանան առանց իրենց կանանց: Հրավիրյալները շատ են, ռեստորանային համալիրի տեղերը՝ սահմանափակ, եւ հավանաբար այդ պատճառով են նման արտառոց քայլի դիմել: «Մարզպետական կոալիցիոն հարսանիքին» սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
«ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ» ՀԱՐՍԱՆԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ