Ռեկտոր Կորյուն Աթոյանը ձեռք է բերել հողամաս` դրանով փակելով իր դասընկերոջ ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի բնակիչներ Ազնիվ Մաթեւոսյանը, Լեւոն Պապոյանը, Էլմիրա Դարբինյանը, Սուդարիկ Գրիգորյանը 2014թ. հուլիսի 17-ին քաղաքացիական հայց են ներկայացրել Կորյուն Աթոյանի, Արամ Աթոյանի եւ Սարգիս Պապյանի դեմ: Նշենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Սույն քաղաքացիական հայցը առնչվում է Բերդում գտնվող հողատարածքները եւ համայնքին պատկանող ճանապարհն ազատելու պահանջին: Այս գործով դատավարությունն Իջեւան քաղաքում սկսվել է 2014թ. սեպտեմբերի 26-ին:

Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը դատարանին միջնորդել է փորձաքննություն կատարել՝ պարզելու համար, թե որքա՞ն են կազմում Բերդ քաղաքի Գետափնյա 31/1 եւ Գետափնյա 31/2 հասցեներում գտնվող, Կորյուն Աթոյանին պատկանող հողամասերի փաստացի մակերեսները եւ համապատասխանո՞ւմ են, արդյոք, դրանք սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված չափերին: Դատավոր Արման Կուրեխյանի 2015թ. փետրվարի 19-ի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձագետի եզրակացությունը ստանալը: 2015թ. մարտի 4-ին դատարանում ստացվել է փորձագետ Լիլիթ Ադամյանի գրությունը, որ փորձաքննությամբ առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են ճշգրիտ գործիքներ, որոնցով ինքն ապահովված չէ եւ չի կարող փորձաքննություն կատարել:

Ապրիլի 16-ին դատավոր Կուրեխյանը նշանակել է դատատեխնիկական նոր փորձաքննություն եւ այն հանձնարարվել է անհատ ձեռներեց Արմեն Մանուչարյանին: 2015թ. հուլիսի 9-ին սույն քաղաքացիական գործով հերթական նիստը նշանակված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում: Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը, ով Բերդի քաղաքապետարանի աշխատակից է, «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Նոյեմբերյանում նիստ անցկացնելու մասին, դատարանի կողմից պատշաճ չի ծանուցվել եւ նիստին չի մասնակցել: Նա ասաց, որ ինքը եւ Կորյուն Աթոյանը դասընկերներ են, 10 տարի միասին են դպրոց հաճախել:

Ա. Մաթեւոսյանը հայտնեց, որ Կ. Աթոյանը Բերդում ձեռք է բերել 4600 քմ մակերեսով հողատարածք, որի մեջ եղել է համայնքային ճանապարհ: Մաթեւոսյանի խոսքերով՝ Կ. Աթոյանն այդ ճանապարհը փակել է, ինչի արդյունքում ինքն ու մյուս հայցվորները չեն կարողանում գնալ իրենց հողամասեր: «Կորյուն Աթոյանը ճանապարհը փակել է, վերտալյոտո՞վ ենք գնալու, մեր հողերը մշակելու»,- վրդովվեց Ազնիվը:

Նա ասաց, որ Կ. Աթոյանն իր հողամասը փաստացի վաճառել է Սարգիս Պապյանին, սակայն վերոհիշյալ քաղաքացիական հայցի պատճառով այդ վաճառքը չի կարողանում ձեւակերպել: Ա. Մաթեւոսյանը ընդգծեց, որ Կ. Աթոյանի հողամասերի չափերը 230 քառակուսի մետրով գերազանցում են վկայականներում նշված չափերին, սակայն, չգիտես ինչու, փորձագետը Կ. Աթոյանի հողամասում համայնքային ճանապարհ չի տեսել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս