ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՂԾԵԼ ԵՆ
Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական գրություններ են թողել ուղղափառ Սուրբ Խաչ վանքի պատերին, օրինակ՝ «Մա՛հ քրիստոնեությանը», եւ հայկական գերեզմանատան դարպասներին: Վնասել են նաեւ մոտակայքում կայանված երեք ավտոմեքենաները՝ մեկի վրա գրելով. «Շնորհավոր Հանուքին, մաքավեյները կհաղթեն»: Վանդալները վանքը պղծում են արդեն 7-րդ անգամ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վանդալիզմի փաստի առթիվ:

ՄԱՐԴԱԿԵՐԸ
«ՌԴ-ի Պենզայի մարզում 23-ամյա մարդակերը սպանել է անօթեւաններին եւ կերել նրանցից 2-ի սիրտը»,-գրում է Newsru.com-ը: Նա նախապատրաստվել է սպանություններին՝ ուսումնասիրելով սերիական մարդասպանների կենսագրությունները, ընտրել է զենքը, մտածել, թե ինչպես վերացնի հետքերը եւ ինչպես հարձակվի անօթեւանների վրա: Հետաքննության տվյալների համաձայն` մարդակերը միշտ ատել է մուրացկան եւ հարբեցող անօթեւաններին: 2 տարվա մեջ նա սպանել է 9 անօթեւանի` թաղելով նրանց դիակները քաղաքի տարածքում, իսկ նրանցից 2-ի սիրտը կերել է:

ՀԱՆՎԵԼ ԵՆ ԱՃՈՒՐԴԻՑ
Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի մասին հանրահայտ խորհրդային մուլտֆիլմի հերոսներին «20-րդ դարի ռուսական եւ խորհրդային մշակույթը» խորագրով աճուրդից հանել են հասարակության բուռն արձագանքի պատճառով: Շատերը պնդում են, որ այս տիկնիկ-ցուցանմուշների տեղը թանգարանն է, այլ ոչ մասնավոր հավաքածուն: Բացի այդ, փորձագետները կասկածել են Չեբուրաշկայի տիկնիկի իսկության մեջ: Նշենք, որ աճուրդում տիկնիկների մեկնարկային գինը պետք է կազմեր 1.5 միլիոն ռուբլի:

ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Armtoday.info-ի տեղեկացմամբ՝ ՌԴ Նիժնի Նովգորոդում քրեական գործ է հարուցվել 22-ամյա մի երիտասարդի նկատմամբ, որը մեղադրվում է սպանության մեջ: Խնջույքի ժամանակ  նրա եւ սպանված հայ տղամարդու միջեւ ծեծկռտուք է սկսվել, որն ավարտվել է սպանությամբ: 42-ամյա սպանված տղամարդը ՀՀ քաղաքացի էր, որը ՌԴ-ում էր գտնվում օրինական կերպով եւ աշխատում էր շինարարությունում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս