Հայաստանի որոշ գյուղերում կան փողոցներ, որտեղ ծայրից ծայր կողպված դռներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ մեր իշխանությունները շարունակում են պնդել, որ Հայաստանից մարդիկ չեն հեռանում, այնուամենայնիվ, պաշտոնական թվերը հակառակն են ապացուցում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի որոշ քաղաքներում մշտական բնակչության թվաքանակը նվազել է: Նշենք, որ «մշտական բնակչությունը» մարդահամարի պահին ներկա եւ բացակա բնակչության հանրագումարն է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիների թիվը:

Մշտական բնակչության թվի նվազումը սկսվում է Հայաստանի քաղաքներից: Օրինակ՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մշտական բնակչության թվաքանակը, ըստ ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա ապրիլի մեկի դրությամբ կազմել է 20 հազար 500, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100-ով նվազել է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մշտական բնակչության թվաքանակը նույնպես նվազել է. այստեղ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է՝ 19 հազար 200, մինչդեռ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 19 հազար 500: Այսինքն՝ 300 քաղաքացի հեռացել է Աշտարակից:

Վերջին շրջանում անընդհատ սկանադալային պատմությունների մեջ հայտնված Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած մարզի քաղաքներում նույնպես մշտական բնակչության թվի նվազում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 20 հազար 400, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 20 հազար 500: Կապանից նույնպես մարդիկ հեռացել են. այստեղ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 42 հազար 800, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 42 հազար 900:

Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում նույնպես արձանագրվել է մշտական բնակչության թվաքանակի նվազում: Ուշագրավն այն է, որ Իջեւանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվը 1000-ով նվազել է՝ կազմելով 20 հազար 900: Իսկ Դիլիջանում 200-ով է նվազել՝ կազմելով 23 հազար 600: Մեկ տարվա ընթացքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մշտական բնակչության թվաքանակը 700-ով է նվազել՝ կազմելով 21 հազար 300:

Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում մշտական բնակչության թվաքանակը նույնպես նվազել է: Վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրին լքել է 800 հոգի: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում մշտական բնակչությունը պակասել 300-ով: Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 100-ով, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում՝ 100-ով:
Կան նաեւ քաղաքներ, որտեղ բնակչության թվաքնակը չի փոփոխվել: Դրանք են՝ Մեղրին, Էջմիածինը, Եղեգնաձորը, Հրազդանը եւ այլն: Իսկ, ահա, մայրաքաղաք Երեւանում հակառակը՝ մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը ավելացել է. այս տարվա ապրիլի մեկի դրությամբ այն կազմել է 1 մլն 71 հազար 500, մինչդեռ նախորդ տարի այն եղել է 1 մլն 67 հազար 300: Այսինքն՝ 4200-ով երեւանաբնակների թիվն ավելացել է: Հնարավոր է, որ այս աճը ՀՀ մյուս քաղաքներից հեռացած քաղաքացիներն են ապահովել:

Հ. Գ. Դե, իսկ գյուղերում ահագնացող արտագաղթի մասին խոսելն ավելորդ է: Հայաստանի որոշ գյուղերում կան փողոցներ, որտեղ ծայրից ծայր կողպված դռներ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս