Ու՞ր են կորել երբեմնի հայտնիները. մաս 6 (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է բավարարել ընթերցողների հետաքրքրասիրությունն ու անդրադառնալ երբեմնի հայտնի ու սիրված դեմքերին, որոնք այժմ չեն երեւում ասպարեզում:

Պարուհի Իռեն Ուլիխանովան, ով ժամանակին ակտիվորեն ներգրավված էր հեռուստատեսային նախագծերում, նկարահանվում էր տեսահոլովակներում, այսօր, կարծես, կորել է ասպարեզից: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպասում է հարմար առաջարկի. «Ունեցել եմ շատ հրավերներ, որոնք իմ սրտով չեն եղել, հիմա սպասում եմ մի առաջարկի, որը կհամապատասխանի իմ կարգավիճակին, տարիքին, նախասիրություններին. ամեն առաջարկի ետեւից չեմ ընկնում, անգամ եթե այն մեծ գումարի հետ է կապված»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրում է հեռուստատեսային մի նախագծի մասնակցել, բայց դեռ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

iren3

Նրա խոսքով` այսօր հեռուստատեսային ծրագրերի որակը շատ է ընկել. «Հեռուստաընկերությունից առաջարկ ընդունելու համար հարկավոր է, որ աշխատես լավ պրոդյուսերի հետ, որ նախագծի շրջանակներում ներդրված լինի կոնկրետ գումար, ոչ թե ասեն` հովանավորի միջոցով մի բան կանենք: Իմ պահանջները խիստ են ոչ թե, որովհետեւ ես ինձ բարձր եմ դասում, այլ չեմ ուզում հավասարվել այն մարդկանց, որոնք իրենց ամեն տեղ գցում են, միայն թե երեւան, միայն թե իրենց անունը հնչի»,-ընդգծեց պարուհին:

iren_ulixanova_vahagn_grigoryan_04_ts1323256769

Ի դեպ, Իռենն ավելացրեց, որ իր գործունեությունն այժմ բավական բազմաժանր է. պարում է «Հոգու եւ պարի թատրոն»-ում, որտեղ նաեւ փորձավար է, ունի պարային խմբեր, նաեւ ամուսնու` Վահագն Գրիգորյանի հետ ընկերություն ունի, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:

Հաջորդ երբեմնի հայտնին, որի հետ կապ ենք հաստատել, երգչուհի Սերինե Պողոսյանն է, ով հայտնի դարձավ Անդրեի հետ իր դուետով: Թովմաս Պողոսյանի դուստրն այժմ չի երեւում էկրաններին, իսկ պատճառը անձնական կյանքին նվիրվելն է. «Պատրաստվում եմ մայրիկ դառնալ, երեխաս շուտով կծնվի, այնպես որ, ստիպված կլինեմ որոշ ժամանակ եւս բացակայել ոլորտից` նվիրվելով զավակիս խնամքին: Որոշակի դադարից հետո արդեն կշարունակեմ կարիերաս»,-ասաց նա:

515bdf6feee8f_medium

Սերինեի խոսքով` ինքը, լինելով ֆոլկլորագետ, մտադիր է ավելի մասնագիտանալ իր ոլորտում. «Հանդիսատեսն ինձնից կարող է ակնկալել աշուղական, ժողովրդական երգերի նորովի կատարումներ: Ինքս շատ կարոտել եմ բեմը, այն ոգեւորվածությունը, որ փոխանցում է հանդիսատեսը, եւ մտադիր եմ անպայման վերադառնալ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս