ՀԱՐՑ. Տարիներ առաջ վաճառել եմ ավտոմեքենաս: Հիմա, երբ քաղաքում տեղադրված են տեսախցիկներ, ավտոմեքենայիս գնորդի վարորդական խախտումները տուգանքների տեսքով գալիս են իմ հասցեին: Դիմել եմ ոստիկանություն, ինձանից պահանջել են վաճառքի նոտարական պայմանագիրը, որը կորցրել եմ: Հնարավո՞ր չէ ֆիքսել տվյալ մեքենայի պետհամարանիշը եւ հենց վարորդին հրավիրել ոստիկանություն՝ բացառելով թյուրիմացությունները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 2010թ. հոկտեմբերի 16-ը (մինչեւ ՏՄ նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ինստիտուտի ներդրումը) կնքված օտարման պայմանագրերով ձեռք բերված ՏՄ-ն, անկախ նրանից, թե տրանսպորտային միջոցն ում անվամբ է գրանցված կամ հաշվառված, ձեռք բերողի սեփականությունն է: Պետք է ՃՈ ներկայացնել օտարման պայմանագիրը, իսկ կորցրած պայմանագրի կրկնօրինակը կարող եք ձեռք բերել այն նույն նոտարական գրասենյակի արխիվից, որտեղ վավերացվել է գործարքը:
Ինչ վերաբերում է ՃՈ կողմից տրանսպորտային միջոցի համարանիշը ֆիքսելուն եւ դրա վարորդին ոստիկանություն հրավիրելուն, ապա դա իրավաչափ չէ, քանի որ որեւէ օրենքով դա տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու հիմք չէ: Իսկ ՃՈ-ն էլ իրավասու չէ միջամտել քաղաքացիների միջեւ կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների իրականացման գործին:
Արման Չիլինգարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խորհուրդ ենք տալիս քաղաքացիներին՝ ավելի խնամքով վերաբերել կնքվող պայմանագրերին, քանի որ երբեք չեք իմանա` որ պահին դրանք ձեր անձից ավելի կարեւոր կթվան: