ՀԱՐՑ. «Օրինապահ-91» կոոպերատիվի անդամ եմ, տուժել եմ խորհրդային ռուբլու արժեզրկման հետեւանքով՝ զրկվելով վճարածս գումարից: Դեռեւս 2010թ. ինձ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարը, ապա 2011թ. նախարար Վաչե Գաբրիելյանը վստահեցրել են, որ «ՀՀ պետական բյուջեի նախագծով համապատասխան գումարները նախատեսվել են»: Բայց մինչ օրս ոչ մի գումար ինձ չի հասել: Ե՞րբ կտրամադրվի այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից ԽՄ ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնությունը տրամադրվում է ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի 2-ի N 432 որոշմամբ հաստատված կարգով եւ ՀՀ կառավարության 2002թ. մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով:
«Օրինապահ-91» կոոպերատիվի անդամներին դրամական օգնության տրամադրման գործընթացը նախատեսված էր իրականացնել 2010թ. ընթացքում: Կարգի 4-րդ կետի համաձայն` օգնության գումարները տրամադրվում են այդ նպատակով ՀՀ պետբյուջեում նախատեսված միջոցների հաշվին: Իսկ կարգի 5-րդ կետի 4-րդ պարբերության համաձայն, եթե ՀՀ պետական բյուջեով օգնություններ տրամադրելու նպատակով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա ՀՀ հաջորդ տարվա բյուջեով օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով օգնություն տրամադրվում է նախորդ տարում օգնություն ստանալու իրավունք ունեցող եւ միջոցները չբավարարելու հետեւանքով օգնություն չստացած կոոպերատիվների անդամներին:
Ներկայում ընթացքի մեջ է ժամանակացույցով նախատեսված` 2009թ. օգնություն ստանալու իրավունք ունեցող եւ միջոցները չբավարարելու հետեւանքով օգնություն չստացած կոոպերատիվի անդամներին վճարումներ կատարելու գործընթացը: Քաղաքացուն հասանելիք դրամական օգնությունը տրամադրելուն հնարավոր կլինի անդրադառնալ ժամանակացույցով «Օրինապահ-91» կոոպերատիվից առաջ նախատեսված կոոպերատիվների անդամներին վճարումներ կատարելուց հետո:
հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք՝ մեզ դիմած օրինապահ քաղաքացին կունենա այնքան առողջություն, որ համբերատար սպասի իր հերթին: