Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն է տարածել Սմբատ Այվազյանը: Հայտարարության մեջ ասված է.
“Հայրենակիցներ,
Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին հերթական անգամ խաբեց: Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից, քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որևէ ընտրություն կատարելու հնարավորությունից:
Իշխանությունների կողմից ժամանակին որպես արհեստական այլընտրանքային ուժ ստեղծված “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը  մեկ անգամ ևս ի չիք դարձրեց մեր երկրում քաղաքական պայքարի հնարավորության վերաբերյալ սին  պատրանքները:
Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետեւից գնալ, ԲՀԿ-ն, որը  խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության, հրաժարվելով նախագահական պայքարից:
Ինչպես 2003-ին “Ազգային Միաբանության” և 2008-ին “Օրինաց Երկրի” դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավը իր  անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին,  դրսևորելով իր հանցավոր եսասիրությունը:
Հանուն իշխանության պահպանման նրանք այս անգամ էլ դավաճանեցին ժողովրդին՝  “Բարգավաճ Հայաստանը” դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք:
Իսկ ԲՀԿ-ն՝ ձևացնելով ընդդիմադիր գործունեություն, կարողացավ, ոչ միայն խորտակել  ներկա պահին  քաղաքական մրցակցային դաշտ ստեղծելու  ժողովրդի հույսերը, այլև տկարացնել ընդիմադիր շարժումը, որն արտահայտում և արտացոլում էր լայն ժողովրդական զանգվածների բողոքն ընդդեմ անհույս գործազրկության, աղքատության և պաշտոնյաների անօրենությունների:
Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են առաջընթացի եւ ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ,  հանցավոր ռեժիմների  վերարտադրութան տասնամյակներ:
Այս  իրավիճակում Հայաստանի նվիրյալ որդիները, իսկական քաղաքացիները չե’ն կարող լռել:
Չեն կարող չտեսնել, որ երկիրը կանգնած է լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև, շարունակվող  թշնամական շրջափակման մեջ:
Չեն կարող չտեսնել, որ Հայաստանի քաղաքացիների կեսն արդեն լքել է երկիրը, իսկ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսական քաղաքականությունը:
Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործությանը: Ժողովուրդը պե’տք է ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները, իր հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, իր հայրերի պատիվը եւ իր երեխաների ապագան:
Ես կո’չ եմ անում Հայաստանի նվիրյալ որդիներին միանալ և մեկընդմիշտ ապացուցել, որ անդրկուլիսային պայմանավորվածությունները  չեն կարող կոտրել ժողովրդի կամքը:
Կո’չ եմ անում բոլոր հայերին, ում հետաքրքրում է հայրենիքի ապագան, պաշտպան կանգել իրենց սահմանադրական իրավունքներին:
Սիրելի’ հայրենակիցներ,
Պետք է համախմբվել, միավորվել և պայքարել, որպեսզի 2013թ. փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության և բազմակարծության մթնոլորտում:
Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ կրկին խաբեն անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը վեր են դասում ժողովրդի շահերից:
Մենք այլևս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում:
Չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ իրենց արյան գնով Արցախն ազատագրած մեր հայրենակիցների ընտանիքները գոյատեւեն աղքատության մեջ:
Այլևս տեղ չկա:
Համբերության բաժակը լցվել է:
Հետեւաբար, մենք պե’տք է պայքարենք:
Պայքարենք  հանուն ապագայի, հանուն հայրենիքի ու հանուն նոր հույսի ծննդյան:
Միայն համազգային միասնական ու  վճռական գործողությունները կարող են շտկել վիճակը:
Միայն ազգային արժեքների շուրջ ճշմարիտ հայրենասերների  համախմբումն է, որով կարող ենք  հաղթահարել այս  քաղաքական դավաճանությունների շարքն ու դրանց բերած դառնությունը:
Հայրենակիցներ. մենք պարտավոր ենք ազատվել այս անտարբերության թմբիրից և պարտավոր ենք հասկանալ, որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության:
Մենք պարտավոր ենք համախմբվել ու գործել:
Մենք  պարտավոր ենք գտնել այս անհանդուրժելի իրավիճակը շտկելու ձևերն ու միջոցները:
Մենք պայքարելու ենք և մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու  ծրագրերը:  Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի:
Այդ պայքարում ես և իմ համախոհները  ակնկալում ենք մեր հասարակության, մեր ողջ ժողովրդի օգնությունն ու աջակցությունը: Որովհետև մեր միասնությունն է լինելու հաղթելու, իրականում բարգավաճող երկիր կառուցելու  միակ երաշխիքըե:
Ս.  Այվազյանի գրասենյակ




Լրահոս