Ժողովուրդ. Վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող Ռենշին ընկերության տնօրենին կալանելու որոշումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող “Ռենշին” ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Գործի նախաքննությունը շարունակվում է: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 25-ին Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեի նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ էր զոհվել, ևս երկուսը բազմակի վնասվածքներով տեղափոխվել էին “Արմենիա” բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը գրանցված չի եղել ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն: Բեռներն իջեցնելու պահին այն 19-րդ հարկից պոկվել էր և  ընկել վերելակի հորանը: Նորակառույց շենքը պատկանում է “Ռենշին” շինարարական-ներդրումային ընկերությանը:
Նույն օրը Խանջյան փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած փլուզման գործով քրգործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: ՀՀ ոստիկանության հասարայկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ փլուզման փորձաքննության պատասխանը դեռևս չկա, և նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս