
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, մի շարք ուսուցողական, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:
Մասնավորապես՝ հիշյալ կենտրոնի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վահե Գրիգորյանի կողմից դասընթացներից մեկի ժամանակ ներկայացվել են դատաձեռագրաբանական փորձաքննության առարկան, խնդիրները, օբյեկտները, փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, ինչպես նաև ձեռագրով և ստորագրությամբ անձի նույնացման հիմնահարցերը:
Վահե Գրիգորյանը ներկայացրել է համեմատական հետազոտության ընթացքում օգտագործվող փորձառական, ազատ և ազատ-պայմանական նմուշների հասկացությունը, տվել ուղղություններ դրանց ձեռքբերման աղբյուրների վերաբերյալ: Հատկանշական է նշել, որ դասընթացի ընթացքում ներկայացվել են նաև ընդօրինակմամբ և նմանեցմամբ կատարված ստորագրությունների, մտացածին և ինքնակեղծմամբ կատարված ստորագրությունների, ինչպես նաև յուրահատուկ և սակավ գրաֆիկական նյութ ունեցող ձեռագրաբանական օբյեկտների մեթոդիկաները:
Կազմակերպված դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ձեռագրաբանական օբյեկտների դիագնոստիկայի ու լուսապատճեններով ձեռագրաբանական փորձաքննությունների նշանակման-կատարման առանձնահատկություններին:
Մեկ այլ դասախոսության ընթացքում Վահե Գրիգորյանը ներկայացրել է դատափաստաթղթաբանական փորձաքննության առարկան, խնդիրները, օբյեկտները, փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը:
Ներկայացվել են նաև փոփոխված բովանդակությամբ գրառումների սկզբնական բովանդակության վերականգնման, կնիքների և դրոշմակնիքների հետազոտության, մեքենագիր և տպագիր տեքստերի, պոլիգրաֆիական արտադրանքի, պատառոտված և այրված, խամրած փաստաթղթերի, դրամանիշերի, արժեթղթերի և հատուկ պաշտպանություն ունեցող այլ փաստաթղթերի հետազոտության մեթոդիկաները:
Առավել մանրամասն խոսվել է հատկապես փաստաթղթի ռեկվիզիտների կատարման հաջորդականության և ձեռագիր գրառումների ու ստորագրությունների կատարման վաղեմության որոշման հիմնահարցերի մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցելով, շարունակում է իրականացնել այս նախաձեռնությունը: Վերապատրաստման հետագա դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք հաջորդիվ: