ՀԱԿ-ում համոզմունք է ձևավորված, որ դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր առաջադրման մասին: Նրանք պնդում են, որ այդ հարցը կարելի է 99 տոկոսով լուծված համարել: Իսկ ինչո՞ւ ոչ ՀԱԿ համաժողովում, այլ ՀՀՇ համագումարում, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը լինելու է ՀԱԿ թեկնածուն, և ոչ թե միայն ՀՀՇ-ինը: Սրա բացատրությունն այն է, որ մինչև վերջերս Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը չի քննարկվել, քանի որ ավելի հավանական էր համարվում Ծառուկյանի առաջադրումը, իսկ դրանից հետո էլ ժամանակը չէր բավարարի ՀԱԿ համաժողով հրավիրելու համար:
Հնարավոր է նաև, որ ՀԱԿ համագումար չի հրավիրվում միայն այն պատճառով, որպեսզի չերևա, թե իրականում ինչ է մնացել 2008թ. ստեղծված այդ կառույցից: Չնայած ՀԱԿ անդամների պնդումներին, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, դրանից դուրս համոզմունք կա, որ Տեր-Պետրոսյանը չի գնա նման քայլի, և ՀՀՇ համագումարում կառաջադրվի Լևոն Զուրաբյանը: Բանն այն է, որ եթե վերջինս առաջադրվեր ՀԱԿ-ի կողմից, դրան մաս կազմող ուժերը կարող էին ձախողել դա՝ օգտվել վետոյի իրենց իրավունքից: Մինչդեռ ՀՀՇ-ի կողմից Լ. Զուրաբյանի ՀԱԿ-ի՝ “գծի մեջ” մնացած ուժերը կպաշտպանեն նրան, իսկ մյուսները կորակվեն՝ որպես “իշխանության հետ համագործակցող”: