Չնայած Ամանորին դեռ 18 օր կա, բայց չարազի, մրգի եւ խմիչքի շուկայում արդեն նկատվում է գների բարձրացում: “Ժողովուրդ”-ը զրուցեց Երեւանում գտնվող մի քանի սուպերմարկետների ներկայացուցիչների հետ եւ պարզեց, որ մինչեւ Ամանոր ապրանքների գների էական բարձրացում չի լինի: Սակայն Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ թանկացումներ կլինեն նաեւ դեկտեմբերի 20-ից հետո: Նրա խոսքով՝ դրա մեղավորը ՀՀ կառավարությունն է, որը պարտավոր է ժամանակավոր սահմանային գներ դնել, սակայն չի անում:
Սպառողների միության ներկայացուցիչները մեկ ամսից ավելի ուսումնասիրություններ են անցկացրել չարազի, մրգեղենի եւ խմիչքի շուկայում եւ պարզել, որ վերջին օրերին առկա է նշված ապրանքների գների բարձրացում:
“Չարազի շուկայում կա գների բարձրացում: Նկատել ենք, որ ընկույզի 1 կգ-ն մեկ ամիս առաջ արժեր 4-5 հազար դրամ, բայց հիմա 7-8 հազար է: Նույնիսկ մսի գնի աճ էլ ենք նկատել: Մրգերը միանշանակ թանկանում են, հատկապես մանդարինը, խնձորը: Այսինքն` այն, ինչ կապ ունի Ամանորի հետ, եւ այն, ինչ մարդիկ մեծ քանակությամբ են գնում` պատրաստվելու տոնին, թանկ է ու շարունակում է թանկանալ: Նշեմ, որ մարդիկ ձեթի գնից էլ են դժգոհում, այն աննկատ է թանկանում”,-ներկայացրեց Ա. Պողոսյանը` կանխատեսելով, որ թանկացումների ալիքը նոր է սկսվելու: Սակայն նա մի ուրախացնող երեւույթ է նկատել. նշված ապրանքների այս տարվա գների բարձրացումները անցյալ տարվա համեմատ նվազ են. “Եթե անցյալ տարի 15 տոկոսով էր թանկացել, ապա այս տարի, հավանաբար, 12 տոկոս կլինի”:
Պողոսյանի կարծիքով՝ թանկացման պատճառը մոտալուտ տոնն է, սակայն ավելի գլոբալ առումով` մենաշնորհները: Բացի այդ, գյուղամթերք արտադրողները, որոնք տնային պայմաններում են ստեղծում իրենց արտադրանքը, չունեն կազմակերպված մթերման մեխանիզմ: Նրանք պետք է հեռավոր գյուղից գան, քաղաքի փողոցում կանգնեն ու վաճառեն, ծայրահեղ դեպքում տան վերավաճառողին, բայց այդ դեպքում նրանց մնում է իրենց ստեղծած բարիքի 30 տոկոսը: “Մի կողմից մենաշնորհը, մյուս կողմից գյուղմթերման չկազմակերպվածությունն է: Երկուսն էլ գների աճի վրա ազդում են: Այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաեւ ՀՀ կառավարությունը: Էկոնոմիկայի նախարարությունը ժամանակավոր սահմանային գներ սահմանելու հնարավորություն ունի, բայց այդ մեխանիզմը երբեւէ չի գործել մեր երկրում”,-պարզաբանեց սպառողների շահերի պաշտպանը:
Այս առիթով զրուցեցինք նաեւ Երեւանում գործող սուպերմարկետներից
“Մոսկվիչկա”-ի ու “Երեւան սիթի”-ի ներկայացուցիչների հետ: “Մոսկվիչկա”-ի չարազեղենի եւ խմիչքի գծով պատասխանատուն` Վարդուհին, ասաց, որ թանկացումներ չեն լինելու. “Կթանկանա այն դեպքում միայն, երբ մատակարարի կողմից դա լինի: Առայժմ մենք չարազի գնի հետ կապված խնդիր չունենք: Իսկ խմիչքի առումով որոշ մատակարարներ, այո՛, կան, որ իրենց ապրանքատեսակները թանկացրել են”: Նույն ցանցի մրգեղենի պատասխանատու Մարիաննան նշեց, որ հիմնականում թանկացումներ չեն լինի: Իսկ “Երեւան սիթի” խանութների ցանցի գործադիր տնօրեն Վարդան Ֆարմանյանն ընկույզի գնի բարձրացման վերաբերյալ ասաց. “Մեզ մոտ ընկույզը շուկայից ենք ձեռք բերում, իսկ այն հիմնականում վրացիներն են ներկրում Հայաստան, եւ գներն էլ, բնականաբար, իրենք են թելադրում: Մնացածը` ինչ կապված է Ամանորի հետ, խոստանում եմ, որ գների բարձրացում չի լինելու: Նախապես ֆիրմաներին տեղեկացրել ենք, որ ոչ մի գնային փոփոխություն չի լինի”:
Թեեւ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տեսադաշտում չի գտնվում չարազեղենի, հացամթերքի, մրգեղենի եւ կենցաղային այլ ապրանքների շուկան, բայց, այնուամենայնիվ, հանձնաժողովը Նոր տարուց առաջ ուժեղացված վերահսկողություն է սկսում ընդհանուր շուկայում: “Ամենօրյա մոնիթորինգ ենք անցկացնում, դիտանցումներ են լինում: Եւ շուտով առավել խիստ վերահսկողություն կսկսվի` գնային անհիմն բարձրացումները, ինչպես նաեւ չարաշահումները կանխարգելելու նպատակով: Իսկ խմիչքի շուկան գտնվում է հանձնաժողովի դիտակետում, քանի որ այդ շուկայում կան գերիշխողներ: Դա հանձնաժողովի վերահսկողության դաշտում է”,-“Ժողովուրդ”-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ