Աղջիկ փախցնելու փորձի համար Ազատամուտի ղեկավարի որդուն սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21-րդ դարում զավեշտալի է թվում բռնի ամուսնության հնարավորությունը ԵԽ անդամ երկրում, սակայն պարզվում է՝ «ախչիկ փախցնելու» ավանդույթը դեռ իսպառ չի վերացել Հայաստանում, ինչի արդյունքում շատ երիտասարդներ հայտնվում են ճաղերի հետեւում:

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդու՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ դատաքննությունն այժմ ընթանում է նույն մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Կ. Մարտիրոսյանը 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմացից, առանց պետական համարանիշների «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել են առեւանգել Իջեւանի քաղաքի բնակչուհի Մ. Հ.-ին:

Սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանը եւ մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Կ. Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:




Լրահոս