Ի՞նչ բարոյական իրավունքով է գյուղնախարարն անվճար ստացած տրակտորները փորձում վաճառել գյուղացիների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում գյուղատնտեսական թեմաներով խորհրդակցություն հրավիրեց, ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ այսուհետ պետք է դեմքով շրջվեն դեպի գյուղը: Այդ ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հավանաբար, դեմքով անհայտ ուղղությամբ էր նայում եւ չի ընկալել իր վերադասի հրահանգը:

Ինչո՞ւ ենք այսպես կարծում, բացատրենք: ՀՀ Կառավարության վերջին նիստերից մեկում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել 28 միավոր վարձակալած գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման ժամկետները: Նախարարը նշեց, որ 2001 թվականից դրամաշնորհով ձեռք է բերվել 58 տեխնիկա եւ վարձակալության տրվել գյուղացիական տնտեսություններին՝ 10 տարի ժամկետով նրանից հետո ձեռքբերման հնարավորությամբ:

«Հիմա 15 տարի է անցել, ի՞նչ եք անելու»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարին: Սերգո Կարապետյանը պատասխանեց, թե այդ հարցը բարձրացվել է 2011 թվականին, որպեսզի մեկ տրակտորը 400.000 դրամով վաճառվի իրենց, իսկ եթե այդպես չեն ցանկանում, ապա կդրվի աճուրդի: Այսինքն՝ նախարարն առաջարկում էր գրանտով ստացած անվճար տրակտորները վաճառել գյուղացիներին: Այս հանդգնությունը դուր չեկավ վարչապետին: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հարցը հետաձգել մինչեւ նոյեմբեր. «Երեւակայի` ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին, ավարտենք: 15 տարի օգտագործում են, հետո պետք է վերցնենք, դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»,- զայրացավ Աբրահամյանն ու հավելեց, որ այս հարցը լրացուցից քննարկման կարիք ունի:

Թե ինչ շահույթ ունի ՀՀ գյուղատնտեսության նախարարը տրակտորների վաճառքից, դժվար է ասել, բայց որ նման մտահղացումը հենց այնպես չէր կարող ծնվել որեւէ պաշտոնյայի մոտ, դա միանշանակ է: Օրուգիշեր գյուղացիների հոգսերով ապրող նախարարը, որ տարբեր գյուղմթերքների հետ պարբերաբար ինքնանկարներ (սելֆի) է անում, պետք է որ նման առաջարկի մասին չմտածեր անգամ: Ի՞նչ բարոյական իրավունքով է նա անվճար ստացած, բարոյապես ու տեխնիկապես մաշված տրակտորները փորձում վաճառել գյուղացիների վրա: Այս մտածողության արդյունքն է, որ Հայաստանի գյուղերը դատարկել է՝ վերածելով մեռնող բնակավայրերի:

Անի Ստեփանյան




Լրահոս