Վայոց Ձորի մարզում բեռնատարները բախվել են իրար. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Հրաչ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ 39-ամյա Մահամադ Ալի Ռուշանը, վարելով “Մակ”ե մակնիշի 22 A 52310 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը ենթարկվել է սահքի և բախվել ճանապարհի ձախ կողմում կայանված Իրանի Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ 42-ամյա Մեհդի Հեյզումի Չալվարի վարած “Էվիգո” մակնիշի 81 A 665 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո “Էվիգոյի” կցորդը կողաշրջվել և փակել է ճանապարհը, ինչից հետո Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Աշոտ Նավասարդյանը իր կողմից վարած “Opel Vektra” մակնիշի 31 ՕԼ 121 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհը լայնությամբ փակած Մահամադ Ալի Ռուշանի վարած ավտոմեքենային: 
Վթարի հետևանքով “Opel Vektra”-ի ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Արթուր Նավասարդյանը “Opel”-ի վարորդ Աշոտ Նավասարդյանի որդին է, իսկ վերջինս աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես օպերատիվ բաժնի ավագ սպա:




Լրահոս