«ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակն ամենաբաց կառույցն է լինելու». առաջիկա օրերին կտեղափոխվեն նոր գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխվի նոր գրասենյակ, որը գտնվում է Հանրապետություն փողոցի վրա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկա օրերին կտեղափոխվենք կուսակցության նոր գրասենյակ: Ժամանակացույց ենք կազմել, ըստ որի կլինեն պատգամավորների, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների և քաղաքացիների ընդունելության օրեր: Ամեն օր քաղաքացիները կկարողանան նշված ժամանակացույցով այցելել գրասենյակ և իրենց հուզող խնդիրները բարձրացնել: Մենք մեր հնարավությունների և իրավասությունների չափով բոլոր հարցերին լուծում պետք է տանք: Կարծում եմ` ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը ամենաբաց կառույցն է լինելու, համենայն դեպս մենք այդպես ենք տրամադրված աշխատելու»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Կուսակցությունը սկսել է մարզային այցելությունների շարքը և պլանավորվում է մինչև օգոստոսի վերջ այցելել ԲՀԿ մարզային 64 կառույցները: Զոհրաբյանը նշեց, որ երեկ հանդիպում են ունեցել Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային կառույցի ակտիվի հետ, այնուհետև ուշ երեկոյան` Նոր Նորքի ընտրատարածքային կառույցի անդամների հետ: «Եկող շաբաթ պլանավորում ենք Սյունիքի մարզային կառույցների պատասխանատուների և անդամների հետ հանդիպում: Գրեթե ամեն օր տարածքային որևէ կառույցի հետ հանդիպում ենք: Այնպես ենք կազմել գրաֆիկը, որ շաբաթվա մեջ երկու-երեք օր Երևանի տարածքային կառույցների ակտիվի հետ հանդիպենք, երկու-երեք օր` մարզային»,- ասաց կուսակցության նախագահը:

Տարածքային կառույցների պատասխանատուների և անդամների հետ քննարկված հարցերը տարբեր են եղել. «Կանխատեսել, թե տվյալ տարածքային կառույցի անդամները ինչ հարցեր կտան, դժվար է: Մենք քննարկում ենք, ներկայացնում ենք կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական և տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ներկայացնում ենք մեր խմբակցության և կուսակցության քաղխորհրդի կատարած աշխատանքները, առաջիկա ծրագրերը, այնուհետև պատասխանում ենք տարբեր հարցերի: Բաց, հրապարակային քննարկում է տեղի ունենում տարածքային կառույցի պատասխանատուների հետ, որպեսզի հանրությանը փոխանցվի այս կամ այն հարցի վերաբերյալ ԲՀԿ-ի տեսակետը»:

Զոհրաբյանի խոսքով` այս այցելությունների առաջնահերթ նպատակն այն է, որ ինքը` որպես կուսակցության նորընտիր նախագահ, պարտավորություն ունի քաղխորհրդի անդամ իր գործընկերների հետ այցելել կուսակցության 64 տարածքային կառույցները, «ներկայացնելու փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցության որդեգրած մարտավարությունն ու ռազմավարությունը, այս  ընթացքում իրենց կատարած աշխատանքը»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս