Հուլիսի 12-ին Վարդավառ է: Բոլորը պատրաստվում են միմյանց մի լավ ջրել, սակայն քչերը գիտեն, թե այն իրականում ինչ տոն է, և որտեղից է գալիս իրար վրա ջուր ցողելու ավանդույթը:
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Քրիստոսի Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են նաև Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»:
Բառի աստվածաշնչյան ստուգաբանությունում էլ կարդում ենք, որ այն կազմված է վարդ (սիրո գերագույն խորհուրդ է նշանակում) և վառ (ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում) բառերից և նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։
Հայտնի է, որ բնության տարրերից առանձնապես պաշտամունքի են արժանացել ջուրն ու կրակը, որոնք կենսական նշանակություն ունեին մարդկանց համար: Դրա համար էլ և´ կրակը, և´ ջուրը Վարդավառի ժամանակ հավասարազոր նշանակություն ունեին: Ջրի պաշտամունքը հիշատակվում է նաև Նոյ նահապետի ժամանակներից և կապվում է ջրհեղեղի հետ:
Ըստ ավանդության` երբ Նոյ նահապետը դուրս եկավ տապանից, առաջին ամիսը կոչեց Նավասարդ, որ նշանակում է «նորոգված աշխարհ»: Ջրհեղեղից ազատվելու հիշատակն անմոռաց դարձնելու նպատակով Նոյն առաջարկեց իր տղաներին ջուր լցնել իր վրա:
Տեսանյութը` Civilnet-ի