ՍՈՂԱՑՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՌՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հանրության լայն շերտերին հայտնի է նրանով, որ երբեք չի հրաժարվում տարբեր տեսակի պատվերներով դատական ակտեր կայացնելուց: 2000-ականների սկզբին, երբ նա նոր էր դատավոր նշանակվել ու դեռեւս քրեական գործեր էր քննում, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու քաղաքական պատվերների մեծ մասը հենց նրան էին հանձնարարում: Բայց մի օր նա որոշեց այլեւս քրեական գործեր չքննել, այլ զբաղվել քաղաքացիական հայցերով, չէր խորշում անգամ լրագրողների հետ մասնավոր զրույցներում հպարտանալ, որ ինքը հանգիստ է ապրում, քանի որ ստիպված չի լինում կեղտոտ գործերի մեջ խառնվել՝ անկախ իր կամքից: Սակայն կյանքը ցույց տվեց, որ կապ չունի, թե դատավորն ինչ մասնագիտացում ունի: Եթե մարդը պատվեր կատարող է, ապա դա ամբողջ կյանքի համար է, իսկ պատվիրատուներ միշտ էլ կգտնվեն:
Ի դեպ, Ռուբեն Ներսիսյանի մասին պատմում են, որ նա գինովցած վիճակում, երբեմն նաեւ սթափ վիճակում, աշխատասենյակում սիրում է ադրբեջանական մուղամ լսել: Բայց մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե դատավոր Ներսիսյանի մոտ մուղամ լսելու ցանկություն ե՞րբ է առաջանում` հերթական պատվերով վճիռ կայացնելո՞ւց հետո, թե՞ պատվերազուրկ շրջանում: Բանն այն է, որ մուղամ լսելու սովորության մասին լուրերը Ռուբեն Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որակեց որպես անհեթեթություն: Բայց, դե, նման կենսագրություն ունեցող դատավորի դեպքում անհնար է պարզել, թե երբ է նա ճշմարտությունն ասում: Հետաքրքիր է՝ ադրբեջանական մուղամից հետո հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնելու համար ի՞նչ հոգեվիճակ է հարկավոր մարդուն:

 

 

 
Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը եւ ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին «հմայել»: Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետեւողականորեն չեն «հետապնդել»: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա՛մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա՛մ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջեւում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Գալստյանը ազատվել է աշխատանքից: Վերջինիս այս քայլը զարմացրել է բոլորին, քանի որ Հակոբ Գալստյանը այս օրերին արձակուրդում էր գտնվում: Բայց պարզվում է՝ Գալստյանը արձակուրդ էր մեկնել, որ այլեւս չվերադառնա: Ենթադրվում է, որ առաջիկայում նրա պաշտոնանկությունը կձեւակերպվի ավանդական ձեւով՝ նա ազատվել է սեփական դիմումի համաձայն: Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել Հակոբ Գալստյանի աշխատանքից ազատվելու պատճառը: Առավել հավանական է, որ նա չի կարողացել «լեզու գտնել» ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, քանի որ վերջինս, ինչպես նախկինում գրել ենք, ենթակաների հետ շփումներում հաճախակի իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ, իսկ մարդիկ շարունակում են նրա հետ աշխատել զուտ այն պատճառով, որ այլ ելք չունեն:

 

 

 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Մինչ այս նրանք հերքում էին այդ հնարավորությունը: Բայց ուշագրավ է, որ նա նաեւ ասել է, թե ՀԷՑ-ում սպասվող աուդիտն անցկացնող ընկերության ընտրության նպատակով առաջիկայում մրցույթ կհայտարարվի, որը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը միանձնյա չի որոշի, թե որ ընկերությունն է ՀԷՑ-ի աուդիտն անցկացնելու: «Ինտեռ ՌԱՕ»-ի կարծիքը եւս այս գործընթացում լինելու է որոշիչ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀԷՑ-ում տիրող ալան-թալանը տեղի է ունցել «Ինտեռ ՌԱՕ»-ի ղեկավարության անմիջական աչքի առաջ, ապա պետք է արձանագրել, որ ռուսական կողմի ներգրավումն այս գործընթացին կասկածի տակ կդնի աուդիտի արժանահավատությունը: Սրա համար էի՞ն մարդիկ օրերով պայքարում Բաղրամյան պողոտայում:

 

 

 

 
ՄՐՑԱՎԱԶՔԱՅԻՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ավելի վաղ ռուսական մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ. «Ձեռք է բերվելու նորագույն զինտեխնիկա, սպառազինություն ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական բնույթի, ինչպես նաեւ՝ նոր սարքավորումներ»,- «Ազատությանն» ասել է ՊՆ խոսնակը` նշելով, որ խոսքը նաեւ հեռահար սպառազինության մասին է: Ընդ որում, նա նաեւ նկատել է, որ ձեռք բերվող զինատեսակների մեջ կան այնպիսի սպառազինություններ, որոնք Հայաստանը մինչ այդ չի ունեցել:
Այն մասին, որ ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ-ին վաճառել գերհզոր «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռային համալիրներ, խոսվեց դեռեւս Երեւանում ընթացոող հոսանքի թանկացման դեմ պայքարի ամենաակտիվ փուլում, եւ շատերը ուղղակի կապ արձանագրեցին Բաղրամյան պողոտայի եւ այս գործարքի միջեւ` դա ներկայացնելով որպես հայկական կողմի հաջողություն: Իրականում, սակայն, այս ռազմական վարկի համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռեւս անցած փետրվարին, պարզապես հենց այդ օրերին գործընթացն ավարտին հասցնելով` ռուսական կողմից փորձ արվեց մեղմել Հայաստանի ներսում հետզհետե խորացող հակառուսական տրամադրությունները:
Իհարկե, «Իսկանդերը» հզորագույն սպառազինություն է, որի առկայությունը Հայաստանի զինանոցում զգալիորեն կզսպի Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը` հաշվի առնելով այն, որ այդ հրթիռների հեռահարությունը հնարավորություն է տալիս ուղղակի նշանառության տակ վերցնել Բաքուն: Այլ հարց է, թե դա որքան կտեւի, քանզի կասկածից դուրս է, որ Ադրբեջանը կգործադրի բոլոր ջանքերը` նույնպես նման հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:
Մյուս մտահոգիչ հարցն էլ այն է, թե ինչու ՌԴ-ն համաձայնեց ՀՀ-ին տրամադրել այդ համակարգերը, որոնցից, ի դեպ, աշխարհում որեւէ այլ երկիր չունի: Եթե նկատի առնենք, որ այս ռազմական վարկի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, ասել է թե` դա կապ չուներ «հայկական մայդանի» վտանգի հետ, ապա ստացվում է, որ ՌԴ-ն այս սպառազինությունը տրամադրում է՝ այլ հաշվակներից ելնելով: Բացի Ադրբեջանին գայթակղելուց, ռուսական ռազմական արդյունաբերության համար հերթական միլիարդանոց պատվերները ստանալուց՝ այստեղ շատ ավելի կաեւոր է այն, որ, փաստորեն, ռուսներն իրենք են արդեն հասկացել, որ Ադրբեջանին այնքան են զինել, որ արդեն իսկ խախտել են երկու երկրների միջեւ ռազմական բալանսը, ինչի մասին, ի դեպ, շատ թափանցիկ ակնարկ արեց Սերժ Սարգսյանը Պոզներին տված իր հայտնի հարցազրույցում:
Այնպես որ, չարժի առանձնապես ոգեւորվել «Իսկանդեր»-ների ձեռքբերման փաստից: Դա մեզ պետք է ավելի շուտ մտահոգվելու տեղիք տա տարածաշրջանում Ռուսաստանի կողմից սանձազերծվող սպառազինությունների նոր մրցավազքի եւ դրա հետեւանքների առումով:




Լրահոս