Ռուսաստանի կողմից Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի ձեռքբերումը այսօր է միայն ցույց տալիս իր բացասական կողմերը՝ ստիպելով մարդկանց պայքարի դուրս գալ այդ խայտառակ կառավարման դեմ: Սակայն այս ամենի հիմքերը գցվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ չնչին պարտքի դիմաց նա Հայաստանը դարձրեց Ռուսաստանի գերին: Վերջինս էլ, չբավարարվելով ձեռք բերածով, փորձեց ամեն կերպ տիրապետող մնալ էներգետիկ ասպարեզում՝ կլանելով նաեւ Իրան-Հայաստան գազատարը: Այս մասին է պատմում «Վիկիլիքսի» կողմից հրապարակված հերթական փաստաթուղթը: Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսը: Զեկուցագրում քննարկվում է Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում եւ մեր իշխանությունների անկարողությունը ռուսական ձգտումները կասեցնելու ուղղությամբ:
2005թ. փետրվարի 25-ին ամերիկացիների հետ հանդիպած ՀՀ Էերգետիկայի (այսօր՝ նախկին) նախարար Արմեն Մովսիսյանը նկատել է, որ Հայաստանի էներգետիկ շուկան անչափելիորեն կախված է Ռուսաստանից: Ըստ նրա, Հայաստանի համար մեկ խնդիրն այլընտրանքային գազամուղ ունենալն է, որը կնվազեցնի Ռուսաստանից եղած կախվածությունը: Նախարարն անթաքույց հայտնել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայում Իրանից եկող գազատարի օգտակարությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ՝ ճնշում բանեցնելով Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մովսիսյանը շեշտել է, որ գազամուղի գերագույն նպատակը ռուսական կախվածությունից ազատվելն է, եւ, ահա, Ռուսաստանը ցուցադրում է իր հետաքրքրությունը գազամուղի կառուցման հարցում՝ ձգտելով ամեն կերպ մասնակցել կառուցման աշխատանքներին:
Հանդիպման սկզբում Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել լիովին թափանցիկ խոսակցություն ունենալ ամերիկյան դիվանագետների հետ եւ համակողմանիորեն ներկայացնել Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը: Նախարարը ներկայացրել է էներգետիկ ոլորտում տիրող տխուր վիճակը եւ, որ ամենակարեւորն է, անվտանգության համակարգի բացակայության փաստը: Նրա պնդմամբ՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման 40 տոկոսը հիմնված է ռուսական գազի վրա, իսկ, ահա, ատոմակայանի փակման դեպքում նշված թիվը կարող է հասնել 85 տոկոսի: Մովսիսյանը նշել է, որ գազատարի նկատմամբ վատ հոգածությունն ու դրա արդյունքում հաճախ տեղի ունեցող մատակարարման խափանումները Հայաստանի վրա խիստ բացասական են անդրադառնում: Բացի գազամուղի նյութական անվտանգության խնդրից՝ Մովսիսյանը բարձրացրել է նաեւ իր մտահոգությունները՝ կապված «Գազպրոմի» կողմից գազի մատակարարման նպատակադրված դանդաղեցման հետ, ինչի միջոցով ռուսական ընկերությունը կարողանում է իր շահերը սպասարկել ի հեճուկս Հայաստանի Կառավարության: Այսպիսով` Մովսիսյանի վկայությամբ՝ «Գազպրոմը» չարաշահում է իր գործընկերային դիրքը եւ սպառնալիքներով Հայաստանի իշխանությունից կորզում իրեն հարմար պայմանները: Արդյո՞ք ներկայումս էլեկտրաէներգիայի թանկացումն էլ տեղի չի ունենում նույն տրամաբանության շրջանակներում, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ «ծայրահեղ վտանգավոր» համարեց ռուսներին հակառակվելը:
Հատկանշական է, որ Արմեն Մովսիսյանն ընդգծել է Ռուսաստանի կողմից էներգետիկ համակարգի ամբողջական տիրապետման քաղաքական կողմը: Նրա կարծիքով, քանի որ Վրաստանն ավելի շատ միտված է դեպի Արեւմուտք, Ռուսաստանը անխուսափելիորեն փորձելու է Հայաստանի ունեցած կախվածությունն օգտագործել: Նախկին նախարարը, հաշվի առնելով տվյալ ձմռան ընթացքում «Գազպրոմի» մատակարարման ընդհատումները եւ դրա հետեւանքով հայաստանյան պաշարների սպառումը, լրջագույն վտանգ է տեսել Հայաստանի համար: Այս հանգամանքով է Մովսիսյանը բացատրել Իրանից գազ ստանալու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ իրանական գազամուղը վերջ կտա «Գազպրոմի» կոպիտ բանակցային մարտավարությանը եւ Հայաստանի իշխանություններին կօժտի ուժով՝ ավելի վստահ բանակցելու էներգետիկ պայմանագրերի կնքման ժամանակ:
Փաստացիորեն, Մովսիսյանը բացահայտում է, որ Հայաստանի իշխանությունները գտնվել են լիակատար կախվածության մեջ ռուսական կողմից եւ անկարող են եղել հնարավորին չափով պաշտպանել Հայաստանի պետական ու ազգային շահերը: Ավելին՝ ստացվում է, որ ռուսական կողմը, Հայաստանի էներգետիկ ռեսուրսներին տիրանալով, այդ հանգամանքն օգտագործել է իբրեւ դոմոկլյան սուր՝ ցանկացած պայման փաթաթելով մեր պետության վզին: Ցավոք սրտի, Մովսիսյանը չի բացահայտում, թե ինչ ապօրինությունների արդյունքում այդ ողջ համակարգը հանձնվեց Ռուսաստանին՝ Հայաստանը թողնելով մշտական շանտաժի սպառնալիքի ներքո: Կարելի է չկասկածել, որ նախորդ տարի տեղի ունեցած, սակայն ցայսօր չբացահայտված մեքենայությունների արդյունքում առաջացած գազի 300 միլիոն դոլարի պարտքը ռուսները կորզել են նույնօրինակ միջոցներով: Եվ դեռ Սերժ Սարգսյանն էլ համոզում էր, որ իր մտահղացումն է եղել նախկին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը «Գազպրոմի» վրա «սաղացնելը»:
Բացի «Հայռուսգազարդում» Հայաստանի ունեցվածքը մսխելուց՝ ի սկզբանե ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված գազամուղը եւս գործող իշխանությունների «խելացի» ու «անձնազոհ» քաղաքականության արդյունքում հայտնվեց Ռուսաստանի ձեռքում: Իշխանությունների անդուլ ջանքերով ողջ էներգետիկ համակարգը Ռուսաստանին նվիրաբերելու հետեւանքով Հայաստանն այսօր, փաստորեն, դարձել է պատանդ օտար տերության եւ, ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ «իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՅԴԱՆԻՆ ՉԵՆՔ ԴԻՄԱՆԱ
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կողմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող ցույցերին եւ պատրաստ է աջակցել, սակայն այլ` քաղաքական նպատակների համար պայքարը ճիշտ չի համարում: Armlur.am-ի հետ զրույցում Եղիազարյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանը Մայդանին չի դիմանա:
-Երեկ տեղեկություն է տարածվել, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը վերադարձել է Հայաստան: Մինչ այդ նշվում էր, թե նա կարող է ազատվել աշխատանքից, նույնիսկ պատժվել: Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, որ նման բան տեղի չունեցավ, եւ Բիբինը վերադարձավ: Արդյո՞ք հայկական կողմը չի ցանկանում նեղացնել Ռուսաստանին:
-Լավ եղավ, որ ինքը վերադարձավ, որովհետեւ աուդիտ է լինելու: Լավ կլինի, որ այդ աուդիտի մյուս կողմը հենց ինքը ներկայացնի: Ռուսաստանին նեղացնելու խնդիր այստեղ չեմ տեսնում:
-Վերջերս «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել եւ ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի համար մեղադրում էր հայկական կողմին: ՀԾԿՀ-ն էլ իր հերթին մեղադրեց ռուսական կողմին որպես պատասխան: Ի՞նչ եք մտածում այս մեղադրանքների մասին:
-Ես մտածում եմ, որ այստեղ կորուստների խնդիրն ուղղակի գրպանման խնդիր է: Մեկ տարի առաջ 30 դրամով արդեն իսկ թանկացրել են, հիմա նորից 17 դրամ: Բիբինը ընդամենը միջնորդ է, որը գնում եւ վաճառում է հոսանքը: Միջնորդի հետ կապված բազում խնդիրներ կառաջանան հետագայում: Ինչ գնով է նա գնել, ումից. սա էլ է շատ կարեւոր: Այնպես որ, մինչեւ խորը վերլուծություն չլինի, իմ կարծիքով, ոչ մեկը լիիրավ պատասխան տալ չի կարող, թիվ չի կարող ասել, ո՞ր կողմն է ավելի ճիշտ՝ հայկական, թե ռուսական:
-Բաղրամյան պողոտայում շուրջ 2 շաբաթ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերն, ի վերջո, պողոտայից տեղափոխվեցին Ազատության հրապարակ` անհամեմատ սակավաթիվ մասնակիցներով: Ի՞նչ եք կարծում` այժմ ինչպե՞ս պետք է շարունակել պայքարը:
-Դուք շատ բարդ հարց ինձ տվեցիք: Նայած ով ինչի համար է պայքարում: Եթե պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի համար, ես երկու ձեռքով կողմ եմ այդ պայքարին եւ ինչով կարող եմ, կօգնեմ, բայց եթե պայքարում են ուրիշ նպատակների, Մայդանի համար, ապա ես դեմ եմ: Որովհետեւ Մայդանի դեպքում առաջին իսկ վայրկյանում, առաջին րոպեներում մենք կկորցնենք Արցախը, Հայաստանը Մայդանին չի դիմանա:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
Երեւանում ջրի սակագինն առաջիկա մեկ տարում չի բարձրանա։ Ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունը երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հրաժարվել է 2.38 դրամով թանկացումից: Այսպիսով` սակագինը կշարունակի մնալ 170 դրամ 1 խորանարդ մետրի համար։
ՆՈՐ ԵՐԹՈՎ
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ հուլիսի 14-ին Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվելու է դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին եւ դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Նախաձեռնությունն ընդգծում է, որ հավաք-երթն իրազեկված է։
ԱՆՍՊԱՍԵԼԻ
Երեկ Հայաստանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, սկսվել են անսպասելի լայնամասշտաբ ստուգումներ: «Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ, սկսել է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտունակության անսպասելի ստուգումներ»,- ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիացիոն զորամասն ու Գյումրու կայազորային ռազմաբազան մարտական վիճակի բերելու հրամանի կատարման պատրաստվածությունը:
ՎԱԽԵՑԱԾ ԵՆ
Ադրբեջանը մտավախություններ ունի, որ Հայաստանը Ռուսաստանից գնած զենքը կտեղակայի Ղարաբաղում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիեւը: «Մենք վճռական կերպով կանգնած ենք այն դիրքորոշման վրա, որ այդ սպառազինությունը չպետք է տեղակայվի Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացրած տարածքում»,- հայտարարել է Հաջիեւը: Հիշեցնենք, որ խոսքը 200 մլն ԱՄՆ դոլարի ռուսական ռազմական վարկի մասին է, որով հայկական կողմը պետք է ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն ձեռք բերի: