«ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՅՆ ՈԼՈՐՏԸ ՉԷ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ՌԵԱԼԻԶԱՑՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարվող մշակութային քաղաքականության հետեւանքներն ու մշակութային սահմանափակ արտադրությունն ուղիղ համեմատական են մշակույթի ոլորտի մասնագետների ցածր պահանջարկին: Դրա արդյունքում դիմորդները ցանկություն չեն ունենում ընտրել այնպիսի մասնագիտություն, որը դաշտում լիարժեք ռեալիզացվելու հնարավորություն չի տալու:

«Ժողովուրդ»-ը ՀՀ որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում (որոնք կատարում են տվյալ մասնագիտությամբ ընդունելություն) փոքրիկ մոնիտորինգ է անցկացրել` պարզելու համար, թե 2015/2016 ուսումնական տարում «Մշակութաբանություն» մասնագիտության գծով դիմորդներն (առկա ուսուցում, բակալավրիատ) ինչ թիվ են կազմում, նախորդ տարվա համեմատ այդ թիվն աճե՞լ է, թե՞ նվազել: Այսպիսով` Երեւանի պետական համալսարանում «Մշակութաբանություն» մասնագիտության գծով 3 անվճար տեղի համար դիմել է 19 հոգի (առաջին հայտով), այնինչ նախորդ տարի եղել է 27 դիմորդ, այսինքն` դիմորդների թիվը 8-ով նվազել է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մշակութաբանություն» մասնագիտության գծով դիմել է 15 հոգի (առաջին հայտով), այդ թիվը նախորդ տարվա համեմատ ավել է ընդամենը 1-ով:
Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս ցուցանիշը պայմանավորեց ոչ միայն օբյեկտիվ պատճառներով (արտագաղթ, աղքատություն), այլեւ մշակույթի ոլորտին առնչվող սուբյեկտիվ խնդիրներով:
«Մշակույթն այն ոլորտը չէ, որտեղ ներգրավվելով հնարավոր է ռեալիզացվել: Մշակութաբանն, օրինակ, կարող է աշխատել հետազոտական հաստատություններում, օրինակ` գիտությունների ազգային ակադեմիայում, կամ կարող է իրեն դրսեւորել դասախոսական ոլորտում. այսինքն` ոլորտը սահմանափակ է: Նա, նեղ մասնագիտացված լինելով, կարող է ընտրել, օրինակ` բիզնես ոլորտը, ասենք` մշակութային տուրիզմը, կամ կարող է աշխատել մեդիաների հետ, դառնալ քննադատ, այս հնարավորությունները գուցե հեռանկարային լինեն, սակայն դրանք դեռ նախնական զարգացման փուլում են. դեռեւս աշխատատեղերի խնդիր կա»,-մեկնաբանեց նա:
Ն. Կարոյանը նաեւ հավելեց, որ մշակույթի ոլորտի աշխատակիցների ցածր աշխատավարձերի խնդիրը եւս մնում է չլուծված. «Մշակույթը մեզ մոտ համարվում է երկրորդական, լրացուցիչ սպեկտոր, որը բավարար ուշադրության չի արժանանում: Թանգարանների աշխատակիցների աշխատավարձերն, օրինակ, նվազագույն աշխատավարձից մի քիչ են բարձր, դրանով հնարավոր չէ մինիմալ ծախսերը հոգալ, ուստի մարդիկ ոգեւորությամբ չեն վազում դեպի այդ ոլորտ»,- ասաց նա:
Ն. Կարոյանի համոզմամբ՝ մենք, առհասարակ, մշակույթի ոլորտի բարձիթողի վիճակի հետ կապված խնդիր ունենք, սկսած մշակութային քաղաքականությունից եւ մշակութային տնտեսությունից: «Մշակութաբանները նաեւ այն մասնագետներն են, որոնք ուսումնասիրում են մշակութային ժառանգությունը եւ մշակույթի ընթացիկ վիճակը, իսկ եթե մշակութային արտադրություն չկա, կամ սահմանափակ է, նշանակում է` չկա դիտարկում, մեկնաբանություն, վերլուծություն, չկա ԶԼՄ, որը կունենա մշակութաբան կամ արվեստի ոլորտի մեկնաբան սյունակագիր, այսինքն` մշակութային քննադատությունը հանրային պահանջ չունի»,-նկատեց նա:
«Ժողովուրդ»-ը նաեւ մշակույթին եւ արվեստին առնչվող մասնագիտությունների ընդունելություն կազմակերպող բուհերից հետաքրքրվել է` ուսումնական այս տարում որքան է կազմել դիմորդների ընդհանուր թիվը, արդյոք այն նվազել է, թե աճել: Արդյունքում պարզել ենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն այս տարի ունեցել է 212 դիմորդ, իսկ, ահա, նախորդ ուսումնական տարում եղել է 225 դիմորդ, այսինքն` թիվը 13-ով նվազել է:
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան ուսումնական այս տարում ունեցել է 189 դիմորդ, նախորդ տարվա համեմատ 10 հոգով պակաս:
Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում 20 դիմորդից քննության են ներկայացել 18-ը: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ (13 հոգի) դիմորդների թիվն աճել է:
Երեւանի մշակույթի համալսարանում դեռեւս ամփոփվում է դիմորդների վերջնական թիվը, սակայն այնտեղից մեզ հայտնեցին, որ պատկերը բավական տխուր է. «5-6 դիմորդ հազիվ ունենանք»,-տեղեկացրին բուհից:
Իսկ Երեւանի պետական համալսարանում «Արվեստաբանություն» մասնագիտության գծով դիմորդների թիվն ուսումնական այս տարում կազմել է 23 հոգի (5 անվճար տեղի համար): Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3-ով:

 

 

 
«ՍԱ ԱՅՆ ՉԷՐ, ԻՆՉ ԵՍ ԷԻ ՈՒԶՈՒՄ…»

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով տեւական ժամանակ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, արդեն մեկ տարի է` Հայաստանում է: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին:

-Իվետա՛, վերջնականապես որոշել եք Հայաստանում ապրե՞լ, թե՞ ժամանակավորապես եք այստեղ:
-Թերեւս մի քանի տարի անց կտեղափոխվեմ ԱՄՆ, ի դեպ, ծնողներս այնտեղի քաղաքացի են: Այստեղի գործնական պլաններից է կախված` ի վերջո, կգնամ, թե կմնամ: Դրանց արդյունքները, սակայն, մինչ օրս ցույց են տվել, որ եթե հնարավորություն ունենամ, հենց վաղն էլ կգնամ ԱՄՆ: Միակ բանը, որ ինձ կարող է կապել Հայաստանի հետ, իմ մասնագիտությամբ աշխատելն է: Բայց դեռեւս որեւէ հստակ բան չկա, պետք է համագործակցեմ Գոռ Վարդանյանի հետ, սակայն դա ժամանակավոր բնույթ կկրի: Մեկ տարի էլ կսպասեմ, եթե փոփոխություն չլինի, կգնամ. մարդ որ հիասթափվում է, հիասթափվում է…
-Իսկ ինչո՞ւ որպես դերասանուհի Ձեր տեղը չեք գտնում: Չէ՞ որ ժամանակին ակտիվորեն ներգրավված էիք սերիալներում:
-Ես առանց դերասանության չեմ կարողանում ապրել, իսկ դերասանը պետք է միշտ ֆորմայի մեջ լինի: Կարող եմ, օրինակ, մտնել թատրոն, բայց այն պահանջում է լիովին նվիրում, իսկ ես երգում եմ ակումբում եւ չեմ կարող այդ երկու աշխատանքները համատեղել: Թատրոնի աշխատավարձն էլ շատ քիչ է, ուստի չեմ կարող երգելը թողնել: Ինչ վերաբերում է տեղը գտնել չկարողանալուն, ապա, թերեւս, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դերասանները շատացան, էժան գնով նկարահանվող ոչ պրոֆեսիոնալներն՝ առավել եւս: Բայց ես չեմ կոտրվում, էլի բեմահարթակում եմ, արվեստով եմ զբաղվում, երգում եմ, թեեւ սա այն չէր, ինչ ես էի ուզում…
-Իսկ Ձեր հայրը` դերասան Աշոտ Եդիգարյանը, ով եւս ԱՄՆ-ում է, ի՞նչ է խորհուրդ տալիս` մնա՞լ, թե՞ գնալ:
-Նա ինքն անձամբ ուզում է գալ, չի կարողանում առանց իր երկրի ապրել, թեպետ եթե ես գնամ, ինքն էլ կմնա: Ամեն դեպքում, նա կողմնակից է Հայաստանում ապրելուն, սակայն մնալ-գնալու որոշումն ինձ է թողել:
-Ձեր անձնական կյանքը դասավորելու, կրկին ամուսնանալու տեսլականն ԱՄՆ-ի՞, թե՞ Հայաստանի հետ եք կապում:
-Ես կարծում եմ, որ կնոջ համար ամենակարեւոր բանն ընտանիքն է, ավելի կարեւոր, քան կարիերան, թեպետ նախկինում այդ կարծիքին չէի: Իսկ թե որտեղ կդասավորվի անձնական կյանքս, ինձնից կախված չէ. ինչպես Աստված կամենա…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀՈԼՈՔՈՍՏԻ ՄԱՍԻՆ
Կանադացի հայտնի հայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հայտարարել է, որ մտադիր է Հոլոքոստի մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ակոս»-ին: Ատոմ Էգոյանն ասել է, որ չի պատրաստվում նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: «Իմ նոր` Remember (Հիշել) ֆիլմի հերոսն ընտանիքը կորցրել է Աուշվից ճամբարում, Հոլոքոստից փրկված եւ հիշողության կորստով տառապող մարդ է: Նա ճանապարհ է ընկնում՝ իր ընտանիքին վերացրած մարդուն սպանելու համար, սակայն մոռանում է պատճառը: Երբեմն իրեն գտնում է զենքը ձեռքին որեւէ հյուրանոցի համարում, սակայն չի կարողանում հիշել, թե ինչու պետք է սպանի որեւէ մեկին»,-պատմել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության մասին հայտնի «Արարատ» ֆիլմը նկարահանել է 2002 թվականին:

 

ՔՈՐԹՆԻ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է
Քորթնի Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիքի հարաբերություններն այս շրջանում արտասահմանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաների շարքում են: Արդեն լուր է տարածվել, որ 9 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները բաժանվել են: Daily Mail-ի փոխանցմամբ` զույգին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ նրանք միշտ էլ խնդիրներ եւ անհամաձայնություններ են ունեցել, իսկ դավաճանությունն արդեն վերջին կաթիլն էր:
Հիշեցնենք, որ օրերս պապարացիները տարածել էին Սքոթ Դիսիքի եւ նրա նախկին ընկերուհու` Մոնտե Կառլոյում արված մտերմիկ լուսանկարները:
Քորթնին եւ Սքոթը միասին էին 2006 թվականից, բայց պաշտոնապես չեն ամուսնացել: Զույգն ունի երեք երեխա:

 

«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ը ԿՀԵՏԱՁԳՎԻ
Այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթը տեղի կունենա աշնանը: Ի սկզբանե մրցույթը նախատեսված էր անցկացնել օգոստոսին, բայց այն հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 2-11ը: Այս տարի մրցույթը կազմակերպվելու է Օլիմպիական այգու տարածքում, որտեղ մեկ ու կես տարի առաջ ացկացվել են Օլիմպիական խաղերը: Թե ինչու են կազմակերպիչները նման որոշում կայացրել, դեռ հայտնի չէ: Super-ի փոխանցմամբ` մրցույթը հետաձգելու որոշումը պայմանավորված է «Ֆորմուլա-1»-ով, որն ավելի մեծ լսարան ու հանդիսատես կապահովի մրցույթի համար:




Լրահոս