ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Հունաստանում
Հունաստանում կայացել է հանրաքվեն, որի արդյունքում բնակչության 60%-ը «ոչ» ասաց ի պատասխան Եվրամիությունից վարկատուների պահանջներին` սրանով իսկ հաստատելով պարտքերը չվերադարձնելու իր որոշումը: Հանրաքվեի նման արդյունքները ոչ միայն ցնցել են Եվրոպայի առաջնորդներին, այլ նաեւ ուրախացրել են հույներին՝ չսպասելով կառավարության վերջնական որոշմանը, վերջիններս սկսել են տոնել Եվրոպայի դեմ հաղթանակը: Երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսն արդեն հրաժարական է տվել, իսկ իշխանության ղեկին մնացածները հուսով են, որ վարկատուները կներեն պարտքերը, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում:
ՀԱՐՑ. Վերջերս ճանապարհային ոստիկանն ինձ կանգնեցրեց եւ պահանջեց փաստաթղթերս: Նկատեցի, որ վարորդական վկայականս մոռացել եմ տանը: Խնդրեցի 10-15 րոպե ժամանակ տրամադրել, որպեսզի գնամ, բերեմ վկայականս: Բայց պետավտոտեսուչը չթույլատրեց: Նա պնդում էր, որ պետք է արձանագրություն կազմի: Խնդրում եմ ասեք՝ նման դեպքերում վարորդները կարո՞ղ են ժամանակ խնդրել եւ ներկայացնել փաստաթղթերը:
Հակոբ Գաբրիելյան (32 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից՝ պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ եւ ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝
1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը, իսկ դրանում նշված դեպքերում՝ նաեւ բժշկական տեղեկանքը.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
Համաձայն նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի՝ տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:
Համաձայն նույն օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» եւ «ժէ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» «գ», «դ», «ե» եւ «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ՝ տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տրամաբանական է, որ օրենքը թույլ չի տալիս առանց վարորդական իրավունքի վկայականի նստել մեքենայի ղեկին: Եվ որպեսզի վարորդներն ավելորդ քաշքշուկների մեջ չընկնեն եւ ստիպված չլինեն իրենց մեքենաների հետ հայտնվել պահպանվող հատուկ տարածքում, հարկավոր է լինել հնարավորինս ուշադիր եւ ոչ մի դեպքում չմոռանալ վարորդական վկայականը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե ընթանում է ծառայողական քննություն, ապա ո՞ր դեպքերում է թույլատրվում դադարեցնել այն:
Մհեր Ավետիսյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում Խորհուրդ.
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ Oրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:
Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, մեզանում առավել հաճախ ծառայողական քննությունները կրում են ձեւական բնույթ: Մասնավորապես, իրավապահ համակարգում հաճախակի են նման քննություններ հարուցվում, որոնց արդյունքում, սակայն, գրեթե միշտ պարզվում է, որ ոչ ոք մեղավոր չէ: