Պարզվում է՝ էլեկտրաէներգիայի գողությունը ՀՀ օրենսդրությամբ փաստացի չի համարվում քրեորեն պատժելի արարք: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ՀՀ քրեական օրենսգրքում գտնել գեթ մեկ հոդված, որի հիման վրա մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել, ասենք, «էլեկտրիկի» հետ համաձայնությամբ «ձախ» հոսանք սպառելու համար: ՀՀ ՔՕ 177-րդ «Գողություն» հոդվածը սահմանում է. «Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է»: Նախ՝ սկսենք նրանից, որ էլէներգիան ոչ մի տարբերակով հնարավոր չէ համարել գույք, երկրորդը՝ երբ բաժանորդը «էլեկտրիկի» հետ համաձայնության է գալիս, էլէներգիան գաղտնի հափշտակելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «էլեկտրիկը» այդ մասին ենթադրաբար իր ղեկավարին է տեղեկացնում, նա էլ իր վերադասին եւ այսպես շարունակ մինչեւ…: Արդյունքում, ստացվում է, որ կողմերի «փոխհամաձայնեցված գործարքի» հետ գործ ունենք: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե որեւէ մեկին իրավապահները փորձեն մեղադրել էլէներգիայի գողության մեջ, պարզ չէ, թե ինչպես են ներկայացնելու գողոնը: Մի խոսքով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի խորհրդարանը տարիներ շարունակ օրենսդրությունն այնպես է մշակել, որ ինչ-որ անձինք կարողանան անարգել էլէներգիա գողանալ, եւ նրանց ոչինչ չի սպառնա: Այսքանից հետո մնում է պարզել, թե ՀՀ իշխանավորներից յուրաքանչյուրն էլէներգիայի գողությունից որքա՞ն մասնաբաժին ունի: Հետաքրքիր կլիներ իմանալ, օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «փայը» որքան է:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՀ դատական դեպարտամենտում արդեն մեկ տարուց ավել է՝ պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ է սկսել գործել: Խոսքը փաստաթղթերի թարգմանության համար հատկացվող միջոցների արհեստական ուռճացման մասին է: Բանն այն է, որ մինչեւ 2014 թվականը թարգմանությունների համար դատական դեպարտամենտը վճարել է էջի հաշվարկով, իսկ 2014-ից սկսել են վճարել նիշերով: Նիշերով վճարելիս գումարը հաշվարկվում է «ներառյալ բացատները» («պրաբելները»): Արդյունքում, նիշերի թիվն արհեստական ավելացնելը դառնում է տեխնիկայի հարց: Ասենք՝ իրական 30 հազար նիշանոց փաստաթուղթը ներկայացվում է որպես 45 կամ 50 հազար նիշանոց: Ի դեպ, դատական դեպարտամենտի փաստաթղթերի թարգմանությունն իրականացնում է մասնավոր ընկերություն: Սակայն ակնհայտ է, որ առանց դեպարտամենտի պատասխանատուների համաձայնության այս համակարգը չէր կարող գործել, քանի որ առաջին իսկ հավելագրման դեպքում խնդիրը կբացահայտվեր:
Ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, ինչպես հայտնի է՝ հուլիսի 4-ին իր ընտանիքի անդամների հետ հեռացել է ՌԴ-ից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ իշխանություններն իրավիճակը հասկանալու նպատակով փորձում են ռուսական իշխանությունների հետ ինչ-ինչ խողովակներով պարզել՝ արդյոք Ստերլիգովը ՌԴ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով է իր հայրենի երկրից հեռացել: Բնականաբար, ԼՂՀ իշխանությունների համար նախընտրելի է, որ գործարարն իր երկրում խնդիրներ չունենա, եւ չպարզվի, որ նա ՌԴ-ից փախել է եւ փորձում է Արցախում ապաստան գտնել: Մյուս կողմից էլ, եթե պարզվի, որ նա ՌԴ-ից փախել է, ապա խնդիր է ծագելու` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրավական հարթության բացակայության հետ կապված: Ամեն դեպքում, Արցախում բնակվելու գործարարի միտքը ողջունելի է:
Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հունիսի դրությամբ կազմել են 1 միլիարդ 545 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ հունիսի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 52 մլն 800 հազար դոլարով: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ընդամենը երկու ամիս կարողացան թույլ չտալ, որ միջազգային պահուստները չնվազնեն: Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել էին մոտ 700 միլիոն դոլարով: Այս տարվա մարտին դրանք մի փոքր ավելացան եվրոբոնդերի վաճառքից ստացված միջոցներից 200 մլն դոլարն այդ նպատակին ուղղելու հաշվին: Հաջորդած ապրիլ եւ մայիս ամիսներին միջազգային պահուստները շարունակում էին քիչ-քիչ ավելանալ, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ դրական միտումը երկար չշարունակվեց:
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆՈՒՅՆ ԲԻԲԻՆՆ ԵՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի խայտառակ նիստից հետո, որի ընթացքում կայացվեց էլէներգիան 6.93 դրամով թանկացնելու ապազգային որոշումը, երեկ հրավիրած նիստում հուսահատ փորձեր էր անում՝ վերականգնելու իր հեղինակությունը` ՀԷՑ-ին տուգանելով մի ամբողջ 60 միլիոն դրամով: Իհարկե, միայն տկարամիտը կարող է մտածել, որ հանձնաժողովի նախագահն իրեն նման հանդգնություն կարող էր թույլ տալ, եթե չլիներ Բաղրամյանի աննախադեպ ընդվզումը: Նույնկերպ եւ չէր լինելու նաեւ ՀԷՑ-ի կողմից 8,5 միլիարդ դրամ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, ինչի կապակցությամբ երեկ, ի վերջո, հանձնաժողովի նիստին մասնակցելու ժամանակ գտած ՀԷՑ-ի տնօրենը նեղսրտած ասում էր, թե շատ դժվար կլինի այդ ներդրումային ծրագիրն իրագործել մինչեւ տարեվերջ:
Անկեղծ ասած` այս ամենը հիշեցնում էր վատ բեմադրված ներկայացում` նախապես գրված սցենարով: Ըստ ամենայնի` բեմադրիչները հաշվարկել էին, որ սակագնի թանկացման որոշումից հետո ՀԷՑ-ին մի քանի միլիոնով տուգանելու եւ համակարգում կատարվելիք 8,5 միլիարդի ներդրումների մասին տեղեկատվությունը բավարար կլինի, որպեսզի հանրության վրդովմունքը մեղմվի: Սակայն պարզվեց, որ այդ հաշվարկները սխալ էին, եւ, ըստ ամենայնի, հենց դա գիտակցելով էլ երեկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձում էր այլեւս ազգային հայհոյանքի վերածված ազգանվան տեր ՀԷՑ-ի տնօրենին ցույց տալ իր տեղը: Դա, սակայն, բավականին տհաճ էր դիտվում այն պարզ պատճառով, որ նույն Նազարյանը նույն Բիբինին դեռեւս այս տարվա մարտի 31-ից կարող էր ցույց տալ իր տեղը: Բանն այն է, որ հենց այդ օրվանից է Բիբինը որոշել, որ նոր սպառողները էլցանցին միացվելու համար սահմանված վճարից բացի՝ պիտի վճարեն նաեւ ընկերության կատարած աշխատանքների ծախսերը:
Ընդ որում, նկատենք, որ սրա հետ կապված ՀԾԿՀ-ի ներկայացուցչի պարզաբանումը, թե հանձնաժողովը հենց հիմա է որոշել տուգանել ՀԷՑ-ին, քանի որ հիմա է սպառողներից բողոք ստացել, չի դիմանում որեւէ քննադատության: Առավել եւս, որ Ռ. Նազարյանը երեկ հայտարարեց, թե մարտի 31-ից սկսած ամեն օր զանգահարել է Բիբինին եւ պահանջել չեղյալ անել այդ հակաօրինական հրամանը: Ասել է թե` հանձնաժողովի նախագահը դեռեւս ամիսներ առաջ շատ լավ տեղեկացված էր ՀԷՑ-ի կողմից սահմանված կարգը խախտելու մասին, բայց չգիտես ինչու՝ չէր համարձակվում ՀԷՑ-ին տուգանելու ուղղությամբ քայլ անել: Եվ այն փաստը, որ Բիբինն իր այդ հրամանը չեղյալ է արել հունիսի 23-ին, շատ խոսուն ձեւով ցույց է տալիս, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ միայն կոռումպացված եւ վատ կառավարվող ՀԷՑ-ի ղեկավարության, այլեւ իր պաշտոնեական պարտականությունները թերի կատարած, կամակատար պետական կառույցի` ՀԾԿՀ-ի հետ: Եվ այս դեպքում շատ մեծ հարց է, թե ստեղծված իրավիճակում որ կողմի մեղքն է ավելի մեծ: