ԱԹԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես` գալիք նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է, անցանկալի անակնկալների հավանականությունը հասցված է նվազագույնի, եւ, հետեւաբար, Սերժ Սարգսյանն այլեւս ավելորդ սեթեւեթանքների կարիքը չունի: Ուստի եւ արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը եւ պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը` գազի գնի թանկացման  տեսքով: Ինչը եւ երեկ արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ամիսներ շարունակ անտեղյակության դիմակը դեմքին ԱԺ ամբիոնից հանրությանը մոլորեցնող այս պաշտոնյան, գազի գնի շուրջ ցանկացած հարցադրմանն ի պատասխան, ասում էր, թե բանակցությունները շարունակվում են, իսկ բանակցությունների ընթացքում որեւէ տեղեկություն բացահայտելը ճիշտ չէ: Սակայն  երեկ արդեն նրա կեցվացքն այլ էր. բանակցությունները դեռեւս չավարտած՝ նախարարը հայտարարեց. «Ռուսաստանյան «Գազպրոմ»  ընկերությունը պնդում է, թե 2013թ. Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք  թանկանա»: Ասել է թե` Մովսիսյանն ու նրա ղեկավարը որոշեցին, որ արդեն իսկ կարելի է հանրությանը իրազեկել մի փաստի մասին, որը տեղի է ունեցել դեռեւս անցած գարնանը:  Ընդ որում, այդ մասին, չնայած նրանց գործադրած ջանքերին, հանրությանը հայտնի դարձավ մաքսային ծառայության հայտարարագրերի միջոցով, ըստ որոնց՝ անցած գարնանից ռուսական երկնագույն վառելիքը Հայաստանի սահմանին հասնում է 1000 խորանարդ մետրը ոչ թե 180 դոլարով (այսինքն` ներկայիս պաշտոնապես հայտարարված գնով), այլ 220 դոլարով: Երեկ նախարարը ստիպված էր հրապարակավ խոստովանել, որ դեռ չի ուսումնասիրել մաքսայինի տվյալները` հասկանալու համար, թե որն է այդ տարբերության պատճառը: Դե իհարկե, ի՞նչ կարիք կա նման մանր-մունր բաների համար ժամանակ գտնել, առավել եւս, որ բոլորն էլ ամեն ինչից տեղյակ են: Այստեղ միայն մեկ հարց է անորոշ. ինչո՞ւ «Գազպրոմ»-ը որոշեց չսպասել մինչեւ նախագահական ընտրությունները: Արդյո՞ք պատճառները քաղաքական են, թե՞ պարզապես «Գազպրոմ»-ը չի ցանկացել այս ամիսների ընթացքում արդեն իսկ թանկացած գազի համար որպես փոխհատուցում ընդունել «Հայռուսգազարդ»-ի` Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը: Ամեն դեպքում,   Մովսիսյանը երեկ հայտարարեց, թե գազի նոր սակագինը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջերին: Իսկ մինչ այդ իշխանամերձ լրատվամիջոցներով փորձ է արվում հանրության ականջներին նոր «լապշաներ» կախել` ի դեմս «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման եւ երկու միլիարդ դոլար օգնության: Մինչդեռ դա պարզապես անհնար է` զուտ ՀՄԿ-ի կանոնադրությունից ելնելով, ըստ որի՝ երկիրը նախ պետք է ծրագիր ներկայացնի, որը պետք է քննարկվի, ապա նոր հաստատվի: Առայժմ Հայաստանը նման ծրագիր չի ներկայացրել, հետեւաբար, առնվազն հաջորդ տարի ՀՄԿ-ից հատկացումներ լինել չեն կարող:




Լրահոս