ԱՐՑԱԽԸ ՌԴ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միլիարդատեր, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը հուլիսի 4-ին իր ընտանիքի անդամների հետ հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն` Ստերլիգովը ԼՂՀ-ում պատրաստվում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրւթյամբ զբաղվել եւ արդեն իսկ այդ նպատակով հողատարածքներ է փնտրում:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ռուս գործարարի` ԼՂՀ տեղափոխվելու մասին, թե՛ ռուսական եւ թե՛ ադրբեջանական մամուլում տարատեսակ հրապարակումներ հայտնվեցին: Չգիտես ինչու` ռուս միլիարդատիրոջ` Ղարաբաղում հայտնվելու փաստից ադրբեջանցիները իրար խառնվեցին: Իր այցելության նպատակի եւ առաջիկա ծրագրերի վերբերյալ տարատեսակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով երեկ գործարարը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հայտարարել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ասուլիս է տալու եւ այդ նպատակով լրագրողներին հրավիրում է «ծաղկող այգի` Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական Շուշի քաղաք` ճշմարտությունն իմանալու»: Ստերլիգովի այս հայտարարությանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն` այդ ասուլիսը «սադրանք» որակելով եւ հորդորելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չանսալ Ստերլիգովի կոչին եւ չմեկնել Շուշի:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ռուս գործարարի այցելության եւ հետագա ծրագրերի մասին որեւէ հստակ տեղեկատվություն չունեն նաեւ ԼՂՀ իշխանությունները, որոնց այս պահին ավելի շատ մտահոգում է այն, որ ռուս գործարարի այս քայլի արդյունքում խնդիրներ չծագեն ՌԴ իշխանությունների հետ: Այսինքն՝ Արցախի իշխանությունները չեն ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե ԼՂՀ-ն ընդունում է մարդկանց, որոնք փախնում են իրենց երկրից: Այդ նպատակով այս օրերին ԼՂՀ իշխանությունները փորձում են ՌԴ-ից ճշտել` արդյոք Ստերլիգովը իր հայրենիքում իրավապահ համակարգի հետ խնդիրներ ունի, թե ոչ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԼՂՀ իշխանություններն անգամ այս ժամանակահատվածում հանդիպում չեն ունեցել Գերման Ստերլիգովի հետ՝ պարզելու նրա նպատակներն ու ցանկությունները: Արցախի իշխանություններն այս օրերին փորձում են հստակեցնել իրենց անելիքները, քանի որ Գերման Ստերլիգովը ԼՂՀ-ում է գտնվում որպես զբոսաշրջիկ: Սա մասնավոր այց է, որի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունները կանխավ որեւէ տեղեկություն չեն ունեցել: Ի դեպ, դեռեւս հստակեցված չէ նաեւ Գերման Ստերլիգովի ասուլիսի ձեւաչափը, որը որոշ հարցերի հստակեցումից հետո միայն կկայանա: Տեղեկացնենք, որ այս օրերին ռուս գործարարը` ընտանյոք հանդերձ, հանգրվանել է Շուշի քաղաքի «Շուշի պլազա» հյուրանոցային համալիրում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում Գերման Ստերլիգովի` Արցախում բնակություն հաստատելու որոշմանն ու ի՞նչ կարգավիճակ են պատրաստվում տալ նրան:
-Պարո՛ն Բաբայան, սկանդալային համբավով ռուս հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ինչպե՞ս է այս հարցին վերաբերվում ԼՂՀ իշխանությունը, արդյո՞ք պատրաստ եք նրան կեցության վայր տրամադրել:
-Ես տեղյակ եմ, որ Գերման Ստերլիգովը Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ, իսկ մեր պետությունը ժողովրդավարական ազատ երկիր է, ու մեր երկիր տարբեր մարդիկ են այցելում: Ես տեղյակ եմ, որ նա այցելել է Արցախ, բայց թե ինչ ցանկություններ ունի՝ ուզում է մնալ Արցախում, թե չէ, դա կտեսնենք առաջիկայում: Մենք ազատ երկիր ենք, մեզ համար որեւէ այդպիսի խնդիր չկա, ու ես չեմ հասկանում, թե ինչու են անընդհատ շահարկում այս թեման, ինչու են փորձում այս ամենը այլ ձեւով ներկայացնել: Մարդը եկել է Արցախ, զբոսաշրջիկ է, ու բոլորն են Արցախ գալիս, ես անհասկանալի եմ համարում այս շահարկումները: Այս պահի դրությամբ նա Արցախում որպես զբոսաշրջիկ է:
-Իսկ ԼՂՀ իշխանություններն այս ընթացքում հանդիպել են Ստերլիգովի հետ, արդյո՞ք որոշվել է, թե նա ի՞նչ կարգավիճակով է շարունակելու բնակվել Արցախում:
-Նման բան չի եղել: Շատ վաղաժամ է նման բաների մասին խոսելը, քանի որ այդ մարդը որպես զբոսաշրջիկ է եկել Արցախ, թե ինչ նպատակներ, ինչ պլաններ ունի իր կյանքի հետ կապված, դա ցույց կտա ժամանակը: Վստահեցնում եմ, որ այս պահի դրությամբ դրա մասին խոսելը շատ վաղաժամ է:
-Իսկ ի՞նչ կասեք այն մտավախություններին ի պատասխան, թե Արցախը կարող է Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալ` Գերման Ստերլիգովին բնակության թույլտվություն տալու պատճառով: Այդ հարցը չի անհանգստացնո՞ւմ ԼՂՀ իշխանություններին:
-Կրկնում եմ, որ նա Արցախ է եկել որպես զբոսաշրջիկ: Ռուսաստանից Արցախ ժամանած զբոսաշրջիկները բավականին պատկառելի մաս են կազմում: Երեւի ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն համահավասար քանակությամբ զբոսաշրջիկներ ունեն Արցախում, առ այսօր որեւէ խնդիր, որեւէ պետության հետ մենք չենք ունեցել: Ու ես հույս ունեմ, որ մենք որեւէ խնդիր այդ հարցի հետ կապված չենք էլ ունենալու: Նա որեւէ ապօրինի գործողություն Արցախում չի արել, նա զբոսաշրջիկ է, իսկ զբոսաշրջիկներն ունեն իրավունք տարբեր երկրներ այցելելու, այդպիսի որեւէ քաղաքական խնդիր առ այսօր չկա: Հազարավոր զբոսաշրջիկներ են Արցախ գալիս, եթե ինչ-որ մեկը ինչ-որ ցանկություն է հայտնում, դա իր իրավունքն է, որեւէ բան մենք չենք կարող անել: Կրկնում եմ՝ Արցախը ժողովրդավարական երկիր է, ու մենք ընդունում ենք բոլոր նրանց, ովքեր մեր երկիր են գալիս: Այս պահին Արցախում հազարավոր զբոսաշրջիկներ կան:

 

 

 

 
ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ԿԲԱՑԻ ՈՒ ԿՍԿՍԻ ԱԿՏԻՎԱՆԱԼ

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը առաջիկայում պատրաստվում է Գյումրի քաղաքում իր առաջին գրասենյակը բացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ քննարկվում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ներկայության հարցը գրասենյակի բացմանը:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միավորման ստեղծումից հետո էլի մարդիկ են միացել իրենց: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Անի պլազա» հյուրանոցում միավորման ստեղծումն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե իրենց են միացել ավելի քան 60 կազմակերպություն, որոնցից 50-ը հասարակական կազմակերպություններ են, իսկ 10-ը` կուսակցություններ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե այս ժամանակահատվածում ովքեր են միացել «Հայկական վերածնունդին»: Մամլո պատասխանատուից տեղեկացանք, որ այս ընթացքում եւս 13 միություն է համալրել «Վերածնունդը»: Դրանք են` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը», «Նոր Զեյթուն» հայրենակցական միությունը, «Հուսո Առագաստ» հիմնադրամը, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն, «Հայաստանի ավանդական երիտասարդների միություն» ՀԿ-ն, «Երիտասարդության ուժը» ՀԿ-ն, «Գեղամա» ՀԿ-ն, «Հայ ազգայնական շարժում» ՀԿ-ն, «Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ-ն, «Գվարդիական աստղ ռազմահայրենասիրական միություն» ՀԿ-ն, Միջազգային հասարակական իրավապաշտպան շարժում «ժՊՌվրՑՉՏ» ՀԿ-ն, «Գոյ» բարեգործական հիմնադրամը, «Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների հասարակական միություն» կազմակերպությունն ու «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ն:
Մեր զրուցակիցը հայտարարեց նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում բոլոր կուսակցությունների ու ՀԿ-ների հետ. «Հանդիսավոր կերպով կլինի համաձայնագրի ստորագրում, ըստ այդմ, կշարունակենք մեր աշխատանքները: Արդեն կլինի գրասենյակների բացում, հանդիսավոր բացումներ»: «Հայկական վերածնունդ»-ի մամլո պատասխանատուն նաեւ նշեց, որ ամառվա ընթացքում իրենք ակտիվորեն աշխատելու են, իսկ աշնանը շարունակելու են նոր գրասենյակների բացման գործընթացը. Գյումրիից հետո գրասենյակ կբացեն նաեւ Վանաձորում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՂԱԼԱՐԻ ՈՐԴՈՒՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում որոշել են բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդուն` Էյներ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին ներկա է եղել նաեւ Էյներ Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն վերջինիս հրավիրել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նրան բերման ենթարկել: Ի դեպ, եթե դրանից հետո էլ չհաջողվի Էյներ Խաչատրյանին բերման ենթարկել, ապա, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

 

ԻՍԿ ՈՎ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԻ
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվել է գնահատել հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության դեպքերը: «Չունեմ գնահատական. գործողություն է տեղի ունեցել, ազատվել է պողոտան, ընդամենը այսքանը»,- ասել է նախարարը: Այն, որ երկրում տեղի ունեցած նման աղմկոտ իրադարձության վերաբերյալ արդարադատության նախարարը կարծիք չունի, արդեն իսկ տարակուսելի է: Ի վերջո, դատաիրավական ոլորտում Կառավարության քաղաքականությունն իրականացնում է հենց ՀՀ արդարադատության նախարարությունը: Ուստի Հովհաննես Մանուկյանը պարտավոր է հստակ ասել, թե, ըստ իրեն, ոստիկանության գործողությունները որքանո՞վ են օրինական եւ հիմնավորված եղել: Իսկ եթե այդպիսին չեն եղել, ապա նա պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Իսկ եթե ի վիճակի չէ այդ ամենն անել, ապա ավելի լավ կլինի հրաժարական ներկայացնել: Այդպես նա որդու հետ վարսավիրանոցում լինելու ավելի երկար ժամանակ կունենա:

 

ԾԱՆՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը երեկ lragir.am կայքի միջոցով հայտարարություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին եւ նրա տեղակալ Արզուման Հարությունյանին: Հայտարարության գոնե այս հատվածը շատ կարեւոր է. «Ես գիտակցում եմ սուտ մատնության մեղադրանքը ու պնդում եմ, որ Գորիկ Հակոբյանն ու Արզուման Հարությունյանը հայրենիքի դավաճան են, Ադրբեջանի գործակալներ: Հարգելի՛ ընթերցող, պնդում եմ, որ նրանք չունեն այնքան քաջություն, որ իմ նկատմամբ հարուցեն մեղադրանք, քանի որ դատարանում նրանց դավաճան լինելը կհանրայնացվի: Եթե նրանք չվախենային բացահայտվելուց, վաղուց էին ինձ այդ հոդվածով դատել: Չէ՞ որ նրանք ո՛չ հումանիստ ու գթասիրտ են, ո՛չ էլ իմ հորեղբոր որդիները: Նրանք նույնիսկ իմ ու ընկերներիս մեղադրանքը փոխեցին, որպեսզի իմ 14 տարեկան որդուն ենթարկեն հաշվեհարդարի»: Եթե ԱԱԾ-ն շարունակի անտեսել այս կարեւոր մեղադրանքը, ապա կստացվի, որ Շանթ Հարությունյանի մեղադրանքները հիմնավոր են:




Լրահոս