Ո՞ՐՆ Է ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ՝ ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս պատմում է 2008թ սեպտեմբերի 13-ին Երեւանում Մինսկի խմբի ամերիկացի (նախկին) համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հիմնահարցեր, որոնցից ամենաուշագրավը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Անդրադարձ է եղել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ անվտանգության երաշխիքների ապահովման հիմնախնդրին, այլեւ Թուրքիայի հավանական դերակատարությանը հակամարտության լուծման գործում: Ու թեեւ սույն հանդիպմանը հաջորդել են ԼՂ հարցով բազմաթիվ քննարկումներ, սակայն այստեղ արծարծված խնդիրները հակամարտության մշտական ուղեկիցներն են եւ երբեւէ չեն կարող դիտվել ժամանակավրեպ:

Այսպես, ամերիկացի համանախագահը հայտնել է, որ տարածաշրջան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրահանգով՝ ի ցույց դնելու ամերիկյան կողմի շահագրգռվածությունը հիմնարար սկզբունքների շուրջ եղած հակասությունների վերջնական լուծման հարցում: Բրայզան հստակորեն շեշտել է, որ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով է հետաքրքրված շուտափույթ համաձայնությամբ: Սերժ Սարգսյանը եւս համաձայնել է, որ պահը շատ հարմար է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար: Նշենք, որ հիմնարար սկզբունքները, որոնք հասարակությանը առավելապես հայտնի են որպես «մադրիդյան սկզբունքներ», եւ որոնց հիմնական նրբերանգները նախորդ տարի հրապարակել էր Մինսկի խմբի գործող համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Սերժ Սարգսյանի կարծիքով արտահայտում են կողմերի միջեւ փոխհամաձայնության հասնելու լավագույն մոտեցումը: Այս առումով հարկ է վերհիշել, որ «մադրիդյան սկզբունքները» նախատեսում են ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, իսկ Լաչինի շրջանի փոխարեն՝ Հայաստանն ու ԼՂ-ն կապող սոսկ միջանցք: Եվ, ահա, Սարգսյանը նման կետեր պարունակող սկզբունքները համարում է փոխզիջման լավագույն տարբերակը: Մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի 1998թ. մոտեցումները եւ մոռանանք, որ նա «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի ջատագովներից էր, փորձենք հասկանալ, թե ինչ է շահում Հայաստանը նման համաձայնագրի կնքման դեպքում: Առնվազն Ուորլիքի հրապարակած սկզբունքների համաձայն՝ Հայաստանը, բացի զիջելուց, ոչինչ չի ստանում, եւ այստեղ հարց է առաջանում՝ սա՞ է Սերժ Սարգսյանը համարում լավագույն մոտեցում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման խնդրին՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը առաջարկել է իր օգնությունը՝ սեւծովյան տնտեսական համագործակցության ու տարածաշրջանային կապերի հաստատման միջոցով: Ստանալով Բրայզայի դրական տպավորությունը՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը ներդաշնակ չեն: Ավելին՝ իր համոզմամբ՝ Թուրքիան ունակ է Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոք միջնորդի դեր կատարել: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը միշտ էլ ներդաշնակ են եղել, մասնավորապես սկսած 1918 թվականից: Ավելին՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանն ամուր կողպեց ադրբեջանական կողմի պահանջով: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների տապալման համար պատրվակ օգտագործվեց հենց ԼՂ հակամարտությունը: Միգուցե Սերժ Սարգսյանը վերոհիշյալ պնդումն անելիս չէր հաշվարկել դեպքերի այդօրինակ ընթացքը, ինչը, սակայն, չի արդարացնում նրա՝ աշխարհաքաղաքական գործընթացներից «անտեղյակությունը»: Վերջապես, արդյո՞ք հավանական է, որ ինչ-որ պահի Թուրքիան ԼՂ հարցում չեզոք միջնորդ դառնա: Անշուշտ ոչ, ինչի մասին վկայում է թե՛ պատմությունը, թե՛ ներկայիս քաղաքական իրավիճակը: Այսօրինակ փաստաթղթերից է պարզվում, թե որպիսին է եղել եւ է հայկական բարձրագույն ղեկավարության պատրաստվածության մակարդակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակասությունների կարգավորման գործընթացում:
Մեթյու Բրայզան անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքին՝ առաջարկելով Ալիեւի հետ հարցի վերջնական հստակեցման համար անկեղծ զրույց ունենալ: Սերժ Սարգսյանը խնդրել է Բրայզային չբարձրացնել միջանցքի հարցը Բաքվում կայանալիք իր հանդիպումների ժամանակ՝ խոստանալով միջանցքի հարցը քննարկել «ճիշտ պահին»: Չմասնավորեցնելով, թե որն է լինելու այդ «ճիշտ պահը», Սերժ Սարգսյանը նկատել է, որ իր համար պարզ չէ միջանցք հասկացությունը: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն էլ հավելել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխիքները պետք է գան Հայաստանից եւ ոչ թե Ադրբեջանից: Դրա համար էլ Սարգսանն ու Նալբանդյանը շեշտել են, որ մինչեւ ԼՂ անվտանգության հարցի վերջնական լուծումը Ալիեւը պետք է շահի Հայաստանի վստահությունը: Հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն հայտնելով միջանցքի հարցը քննարկել եւ իր մի շարք ելույթներում շեշտելով Լաչինի միջանցքի եւ ոչ թե շրջանի կարեւորությունը, նույն պահին պնդում է, թե չի հասկանում «միջանցք» ասվածը: Ըստ էության, Հայաստանի իշխանությունը ԼՂ բանակցություններում հանդես է բերում լիովին անլուրջ կեցվածք՝ խոստանալով քննարկել մի բան, ինչից գաղափար անգամ չունի: Պետականության ու միջազգային վստահելի գործընկեր դառնալու անհրաժեշտությունից դրդված՝ Հայաստանի իշխանությունը պետք է ունենար հակամարտության լուծման հստակ տեսլական, ինչը, սակայն, ակնհայտորեն գոյություն չունի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ Ո՞ՒՐ Է ՇՐՋՎԵԼ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈՆ

2011 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում գյուղատնտեսական թեմաներով խորհրդակցություն հրավիրեց, ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ այսուհետ պետք է դեմքով շրջվեն դեպի գյուղը: Այդ ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հավանաբար, դեմքով անհայտ ուղղությամբ էր նայում եւ չի ընկալել իր վերադասի հրահանգը:

Ինչո՞ւ ենք այսպես կարծում, բացատրենք: ՀՀ Կառավարության երեկվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել 28 միավոր վարձակալած գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման ժամկետները: Նախարարը նշեց, որ 2001 թվականից դրամաշնորհով ձեռք է բերվել 58 տեխնիկա եւ վարձակալության տրվել գյուղացիական տնտեսություններին՝ 10 տարի ժամկետով նրանից հետո ձեռքբերման հնարավորությամբ:
«Հիմա 15 տարի է անցել, ի՞նչ եք անելու»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարին: Սերգո Կարապետյանը պատասխանեց, թե այդ հարցը բարձրացվել է 2011 թվականին, որպեսզի մեկ տրակտորը 400.000 դրամով վաճառվի իրենց, իսկ եթե այդպես չեն ցանկանում, ապա կդրվի աճուրդի: Այսինքն՝ նախարարն առաջարկում էր գրանտով ստացած անվճար տրակտորները վաճառել գյուղացիներին: Այս հանդգնությունը դուր չեկավ վարչապետին: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հարցը հետաձգել մինչեւ նոյեմբեր. «Երեւակայի` ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին, ավարտենք: 15 տարի օգտագործում են, հետո պետք է վերցնենք, դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»,- զայրացավ Աբրահամյանն ու հավելեց, որ այս հարցը լրացուցից քննարկման կարիք ունի:
Թե ինչ շահույթ ունի ՀՀ գյուղատնտեսության նախարարը տրակտորների վաճառքից, դժվար է ասել, բայց որ նման մտահղացումը հենց այնպես չէր կարող ծնվել որեւէ պաշտոնյայի մոտ, դա միանշանակ է: Օրուգիշեր գյուղացիների հոգսերով ապրող նախարարը, որ տարբեր գյուղմթերքների հետ պարբերաբար ինքնանկարներ (սելֆի) է անում, պետք է որ նման առաջարկի մասին չմտածեր անգամ: Ի՞նչ բարոյական իրավունքով է նա անվճար ստացած, բարոյապես ու տեխնիկապես մաշված տրակտորները փորձում վաճառել գյուղացիների վրա: Այս մտածողության արդյունքն է, որ Հայաստանի գյուղերը դատարկել է՝ վերածելով մեռնող բնակավայրերի:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
Ո՞Վ ԿՆՈՐՈԳԻ ՀԵՆԱՊԱՏԸ
Հուլիսի 7-ին Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել անասնագոմի եւ հենապատի փլուզում, որի արդյունքում քարաբեկորները փակել են ճանապարհը: Դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի փրկարար ջոկատի օպերատիվ խմբի անդամները: Փլուզման վայրում է եղել նաեւ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Մի քանի ժամ հետո քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ճանապարհը քարաբեկորներից մաքրվել է եւ երթեւեկությունը վերականգնվել է: «Ժողովուրդ»-ը Նոյեմբերյանի քաղաքապետից հետաքրքրվեց, թե ո՞վ է կատարելու փլուզված հենապատի վերականգնումը: Նա ասաց, որ անասնագոմի տերերը, որոնք սոցիալապես խիստ անապահով վիճակում են, այժմ Նոյեմբերյանի սարերում են, նրանց տեղյակ է պահվել կատարվածի մասին: Քաղաքապետը նշեց, որ ամեն տարի Նոյեմբերյանում 4-5 նման դեպք է տեղի ունենում, քաղաքապետարանը աջակցում է, տրամադրում հենապատի վերականգնման համար պահանջվող ցեմենտի գումարը, բնակիչներն էլ օգնում են աշխատուժով, մասնակցում շինարարական աշխատանքներին: Վ. Ամիրաղյանն հավաստիացրեց, որ քաղաքապետարանը կաջակցի նաեւ այս դեպքում` փոքր, ընդամենը 5-6 տուն ունեցող Շահումյան փողոցում հենապատի վերականգնմանը:

 

ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ
21-րդ դարում զավեշտալի է թվում բռնի ամուսնության հնարավորությունը ԵԽ անդամ երկրում, սակայն պարզվում է՝ «ախչիկ փախցնելու» ավանդույթը դեռ իսպառ չի վերացել Հայաստանում, ինչի արդյունքում շատ երիտասարդներ հայտնվում են ճաղերի հետեւում:
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդու՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ դատաքննությունն այժմ ընթանում է նույն մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Կ. Մարտիրոսյանը 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմացից, առանց պետական համարանիշների «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել են առեւանգել Իջեւանի քաղաքի բնակչուհի Մ. Հ.-ին: Սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանը եւ մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Կ. Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս