«ՍԵՐՈՒՆԴ ԿԱ, ՈՐ ԹԱՏՐՈՆ ՉԻ ՏԵՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Հովակ Գալոյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ նաեւ սերիալներից, «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, խոսել է թատրոնի հանդիսատեսի պահանջներից, երիտասարդ կադրերին թատրոնում պահելու խնդրից եւ այլ թեմաներից:

-Հովա՛կ, մի շրջան ակտիվորեն ներգրավված էիք սերիալներում, Ձեր կերպարներն էլ տպավորվում էին հեռուստադիտողների շրջանում: Այժմ ինչո՞ւ չեք նկարահանվում:
-Եթե լինի հարմար առաջարկ, ինչո՞ւ ոչ, կընդունեմ. դա իմ աշխատանքն է, եթե ես դա չանեմ, բա էլ ո՞վ անի: Երեւի արդեն սեպտեմբերին կլինեն նոր առաջարկներ: Իհարկե, եղել են հրավերներ, որոնցից ես հրաժարվել եմ նաեւ գումարային հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով, ինչ թաքցնեմ:
-Գիտենք, որ մի թաքուն երազանք ունեք` Ձեր իսկ նախաձեռնությամբ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանել: Այդ ուղղությամբ աշխատո՞ւմ եք: Նորություններ կա՞ն:
-Այդ ուղղությամբ քայլեր արվում են: Դա, իհարկե, բարդ գործընթաց է, սակայն նորություններ հայտնել դեռ չեմ կարող. սպասողական վիճակում եմ: Ամեն դեպքում, նպատակս իրականացման փուլում է: Ինքս կլինեմ ֆիլմի գլխավոր ռեժիսորը, սակայն կհրավիրեմ այլ ռեժիսորի եւս:
-Հանդիսատեսն ու մասնագետները երբեմն դժգոհում են` նշելով, որ մեր թատրոնների խաղացանկերն ուշ-ուշ են թարմացվում, նաեւ նոր շնչի, սերնդափոխության կարիք է զգացվում: Ի՞նչ կասեք:
-Մեր թատրոնը տարին երեք-չորս նոր ներկայացում է հանձնում հանդիսատեսի դատին: Այսինքն` մեզ մոտ խաղացանկը փոփոխական է: Իհարկե, կան ներկայացումներ, որոնք մնում են՝ հանդիսատեսի շրջանում պահանջարկ վայելելու հանգամաքից ելնելով: Ի դեպ, մեր թատրոնում սեպտեմբերին կլինի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման պրեմիերան: Ինչ վերաբերում է թարմ շնչին, պետք է նկատեմ, որ մեզ մոտ նոր սերունդ կա, կան ներկայացումներ, որոնցում զբաղված են հետաքրքիր, խարիզմատիկ երիտասարդներ, սակայն խնդիրը նրանց թատրոնում պահելն է: Թատրոնն առանց երիտասարդների մեռած է, սակայն երիտասարդներին պահելը միայն թատրոնից չէ, որ կախված է: Դա պայմանավորված է երիտասարդի մտածելակերպից, մեծապես նաեւ` ֆինանսական դրությունից: Շատ շնորհքով դերասաններ գնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան գումար վաստակել…
-Թատրոնի այսօրվա հանդիսատեսն ինչո՞վ է տարբերվում, օրինակ, տասը տարի առաջվա հանդիսատեսից:
-Այսօր ժողովուրդը խորիմաստ, հետաքրքիր ներկայացման պահանջ ունի, թեկուզ կոմեդիայի, բայց խորը: Բացի այդ, օրինակ` խորհրդային տարիներին գոյություն ունեին հրաշալի ավանդույթներ, որոնք հարկավոր է այսօր էլ կիրառել: Այն ժամանակ թատրոնների հայտնի դերասաններ, ասենք` Մետաքսյա Սիմոնյանը, պապս` Հովակ Գալոյանը, եւ այլք գնում էին մարզեր, գյուղերի ակումբներում լուրջ ներկայացումներով էին հանդես գալիս: Հիմա մտածում են` էդպես ոնց կլինի: Գյուղացիները կովը կթում էին, դաշտից գալիս էին տուն, գործերն ավարտում էին ու գնում ակումբ. Դոստոեւսկու «Ապուշ»-ն էին դիտում: Այդպիսով ստեղծվում էր գյուղական ինտելիգենցիա: Այդ մարդիկ հնարավորություն ունեին նայելու ներկայացումներ, որոնք Մոսկվայում մրցանակի էին արժանանում: Այսօր էլ ժողովրդին պետք է տալ այդ այլընտրանքը: Երկու տարի առաջ մարզերից մեկում բարեգործական նպատակներով ներկայացումով էինք հանդես գալիս եւ այնտեղ հանդիպեցինք երեխաների, որոնք չգիտեին` ներկայացումն ինչ է, թատրոնն ինչ է: Զարմացած նայում էին մեզ վրա: Սերունդ կա, որ թատրոն չի տեսել: Կցանկանայի, որ թատրոնների ծախսերը հոգային, որպեսզի վերջիններս հաճախ հնարավորություն ունենային այցելելու մարզեր:
-Իսկ մեր հասարակության շրջանում կա՞ն սատիրիկ կերպարներ, որոնք կցանկանայիք կերտել, կա՞ն թեմաներ, որոնց կցանկանայիք անդրադառնալ:
-Ժամանակին մարդիկ մարդկային էին, հիմա ոչ. շատ են էգոիստացել, մտածում են` իրենց մոտ ամեն բան կարգին է, մնացածը` հեչ, հաշվի չեն առնում, որ իրենք կարող են մյուսների պես նույն կոտրած տաշտակի առջեւ հայտնվել: Ես կուզենայի «Չիպոլինո»-ն բեմադրել: Տեսեք` Չիպոլինոն տրորում է արքայազն Լիմոնի ոտքը, որը պարոն Լոլիկի ժառանգն էր, վերջինս դատի է տալիս Չիպոլինոյին եւ նրա ընկերներին: Շատ հետաքրիր գործ է, որն այսօր էլ որքան արդիական է, չի հնացել: Ամբողջ աշխարհում գոյություն ունի արծարծվող խնդիրը… Մարդկային հարաբերությունները պետք է վերանայվեն:

 

 

 

 

«ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼՈՒ, ԵԹԵ ՉՆԱՎՍԵՆ…»

Շուտով կմեկնարկի «Ռուսաստանի ձայն»-ի նոր եթերաշրջանը, եւ, ինչպես արդեն հայտնի է, երաժշտական այդ նախագծում իրենց ուժերը կփորձեն Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք անցել են նախընտրական փուլն ու պատրաստվում են օգոստոսին կրկին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին: Դեռ նոր էին այս մասին լուրերը տարածվել համացանցում, սակայն սոցցանցերի օգտատերերը հասցրել էին Աննայի եւ Արամի` մրցույթին մասնակցելու վերաբերյալ ոչ միանշանակ դիտարկումներ անել: Նրանց մի մասը պնդում է, որ մեկ բեմում սկսնակ երգիչների կողքին հայտնվելով՝ մեր արդեն կայացած աստղերի համար հարմարավետ չի լինի, մյուս մասն էլ այն համոզման է, որ ոչ հաջող ելույթի դեպքում մեր երգիչները ստիպված կլինեն քննադատության հերթական ալիքի տակ ընկնել:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց երգչուհի Աննա Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե ինչ սպասելիքներ ունի մրցույթից եւ ինչպես է վերաբերվում իր մասնակցության շուրջ քննադատական կարծիքներին:
«Ես ոչինչ չեմ ուզում մրցույթից ստանալ, միայն ուզում եմ հաճույք ստանալ նվագախմբի հետ երգելուց: Հայաստանից դուրս ավելի հայտնի դառնալու մտադրություն բացարձակ չունեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «սկսնակների» կողքին հանդես գալուն, ապա Աննա Խաչատրյանը վստահեցրեց, որ «Ռուսաստանի ձայն»-ում սկսնակներ առհասարակ չկան. «Այնտեղ պատահական մարդիկ չկան, շատ դաժան ընտրություն է կատարվում»,-նշեց Աննան` հավելելով, որ ինքը մրցույթի նախընտրական փուլում հանդիպել է հայաստանցի մի հայտնի երգչուհու, որին չի հաջողվել անցնել հաջորդ փուլ: Նրա անունը, սակայն, Աննան չցանկացավ տալ:
Ինչ վերաբերում է անհաջող ելույթի հետեւանքով հնարավոր քննադատություններին, երգչուհին ընդգծեց, որ ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու. «Եթե ես մտածեմ ինչ-որ մարդկանց կամակորությունները բավարարելու մասին, պետք է առհասարակ տանից դուրս չգամ»,-նկատեց նա:
Անդրադառնալով «Ռուսաստանի ձայնը» նախագծին` Աննան նշեց, որ նախկինում էլ հետեւել է այս ծրագրին. «Սիրում եմ մրցույթների մասնակցել, վաղուց չէի մասնակցել. որոշեցի ուժերս փորձել: Ես գիտեմ, թե այնտեղ ինչ պրոֆեսիոնալներ են հավաքված, որոնցից շատ սովորելու բան կա: Երբ կլինեմ մրցույթի ներսում, կհասկանամ` ինչն է ինձ գրավում, իսկ առայժմ այն ինձ համար մի փակ տարածք է: Կրկնում եմ` գնում եմ հաճույք ստանալու, եթե, իհարկե, այսքանից հետո ստացվի մասնակցությունս, եթե «չնավսեն»,- կես կատակ, կես լուրջ եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ «ՎԱՐԴԱՎԱՌ»-Ի
Հայ ժողովրդի եւ համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձանների` Գեղարդի եւ Գառնիի տարածքում հուլիսի 12-ը տոնի կվերածվի. Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ծրագրում է անցկացնել «Վարդավառ» միջազգային փառատոնը:
Հիշեցնենք, որ այն առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին: Այն ժամանակ փառատոնին իր մասնակցությունը ցուցաբերեց ավելի քան 150 օտարերկրացի`շուրջ 26 երկրից:
«Հաշվի առնելով նախորդ փորձը` այս տարի իրականացվելու են առավել լայնածավալ աշխատանքներ` զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգեւոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը եւ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը»,- նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

 

ՇԵՆԵՆ` ԱՐԵՆԻՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրերի ցանկում, բացի Օռնելա Մուտիից եւ Նաստասյա Կինսկիից, ընդգրկված է նաեւ ֆրանսիացի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն: Պարզվում է` Շենեն մի քանի օր է, ինչ ժամանել է Հայաստան եւ այս պահին Արենի գյուղում նկարահանվում է Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին:

 

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին ռեկորդ է սահմանել YouTube-ում: Երգչուհու Roar երգի տեսահոլովակը դիտել է 1 միլիարդ օգտատեր: Նա դարձել է միակ երգչուհին, որի երկու տեսահոլովակները` Roar-ը եւ Dark Horse -ը, հատել են 1 միլիարդի սահմանը: Նշենք, որ վերջիններս թողարկվել են 2013-ին:
Ի դեպ, բացի Փերիից՝ 1 միլիարդ եւ ավել դիտում են գրանցել Psy-ի Gangnam Style, Ջասթին Բիբերի Baby եւ Թեյլոր Սվիֆթի Blank Space երգերը:




Լրահոս