ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ Ֆիրդուսի փողոցի խաբված բնակիչները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ նրանց ընդուներ վարչապետը, ու վանկարկում էին «վարչապե՛տ, իջի՛», «Զախարյա՛ն, քյոփակ շո՛ւն», «պահաջում ենք մեր տները» եւ այլն: Վերջիններս փորձել են ներխուժել Կառավարության շենք, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել: Նրանք սպառնացել են նստացույց անել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որո՞նք են Հայաստան մուտք գործելու վիզայի տեսակները, եւ, ընդհանրապես, Հայաստան մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Ռուզաննա Մելիքյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստան մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1) անձնագիր կամ անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, 2) N 1 ձեւի դիմում-հարցաթերթիկ, որը լրացվում է անգլերենով կամ հայերենով, 3) 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ սահմանի անցման կետերում՝ օտարերկրացու անձնագրի պատճենը, 4) հրավերի հիման վրա Հայաստան այցելելու դեպքում նաեւ հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, 5) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին նաեւ այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որեւէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր), 6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ինչ վերաբերում է վիզայի տեսակներին, ապա հայտնում ենք, որ դրանք հետեւյալն են՝
ա) այցելության մուտքի վիզա՝ հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար,
բ) պաշտոնական մուտքի վիզա՝ պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար,
գ) դիվանագիտական մուտքի վիզա՝ դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար,
դ) տարանցիկ մուտքի վիզա՝ Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակվողների թիվը կազմել է 3 մլն. 17 հազ. 400 մարդ, ինչը 9,500-ով պակաս է 2013թ-ի հունվարի 1-ին արձանագրված տվյալների համեմատ: Ի դեպ, Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմում է 1մլն. 452 հազ. 85 մարդ, իսկ հեռացածներինը՝ 1 մլն. 494 հազ. 86 հոգի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող անհատ ձեռներեցները:

Համլետ Պետրոսյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ Կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի՝
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետտուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, որոշակի արտոնություններ գործում են հաշմանդամության կարգ ունեցող անհատ ձեռներեցների համար, սակայն դրանք բավականաչափ չեն: Առհասարակ, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները գրեթե ամենուր ոտնահարվում են, անգամ մայրաքաղաք Երեւանի կենտրոնական փողոցներում եւ անցումներում, որտեղ տարրական թեքահարթակներն անգամ հաճախ բացակայում են:




Լրահոս