ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոք սրտի, հասարակությունն իր փրկչին տեսավ Գագիկ Ծառուկյանի մեջ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
-Պարո՛ն Իսագուլյան, ի՞նչ եք կարծում, Գ. Ծառուկյանը չէ՞ր ուզում նախագահ դառնալ, որ հրաժարվեց առաջադրվել:
-Դժվար է ասել: Պետք է անկեղծ լինել՝ արձանագրելու, որ հասարակության մեծամասնության մոտ առկա է երկրում արդարության նկատմամբ հավատի պակաս, ծանր է հասարակության մի ստվար հատվածի սոցիալական վիճակը: Այս ամենն առաջացրել է իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ միջոցների փնտրտուք, որոնց բացակայության պայմաններում մարդկանց հիմնական մասը հանգել է վիճակը փոխելու համար անհրաժեշտ «փրկիչ» տեսնելու գաղափարին:
-Ծառուկյանի մեջ տեսա՞ն այդ «փրկչին»:
-Ինչքան էլ տարօրինակ է, սա է իրողությունը` իր մեջ առկա բոլոր հակասություններով:  Մարդկության փորձը ցույց է տվել, որ միայն աննկարագրելի զոհողություններից հետո է մարդն արժանանում փրկչի կերպարին: Այս պարագայում մենք ունեինք միայն խոստումներ, եւ հասարակությունը հավատաց այդ խոստումներին: Եկել էր ամենափոքրիկ զոհողության պահը, եւ այն չդրսեւորվեց: Մնացածը գիտի ինքը` պրն. Ծառուկյանը: Ես ուղղակի գիտեմ, որ ԲՀԿ քաղխորհրդում շատ մարդիկ իսկապես ուզում էին, որ պրն. Ծառուկյանն առաջադրվեր:
-Իսկ ինչո՞ւ են նրանք հիմա լռում:        
-Թե՛ Վահե Հովհաննիսյանը, թե՛ Վարդան Օսկանյանը մամուլով շատ հստակ ասացին, որ իրենք կողմնակից են եղել եւ մինչեւ վերջ պայքարել են, որ ԲՀԿ-ն ունենա սեփական թեկնածու:
-Հնարավո՞ր է՝ նրանք լքեն ԲՀԿ-ն:
-Դժվար է ասել՝ ինչ տեղի կունենա: Դեռեւս բացառված չէ, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Ճիշտ է՝ հայտարարել են, որ որեւէ մեկին չեն սատարում, բայց ամենեւին բացառված չէ, որ ինչ-որ պահի հայտարարեն ճիշտ հակառակը: Այս գործընթացներից հետո դժվար է որեւէ կանխատեսում անել, թե ԲՀԿ-ն որոշումներն ինչպես է կայացնում, եւ որ պահին ինչ փոփոխություններ կլինեն:
-Դուք չունե՞ք տեղեկություն՝ Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում ինչ է խոսվել, եւ ինչն է ստիպել, որ Ծառուկյանը հետ կանգնի իր որոշումից:
-Հավատացե՛ք, որ սա բացարձակ էական չէ, որովհետեւ ինչ կխոսվեր, ինչ չէր խոսվի, միանգամայն երկրորդական է: Քաղաքական գործիչը եթե մտնում է քաղաքականություն, պետք է նկատի ունենա, որ նշանառուն արդեն իրեն առել է նշանառության տակ: Պետք է պատրաստ լինես ցանկացած զարգացման:
-Այսինքն՝ Ծառուկյանը պատրա՞ստ չէր զոհաբերության:
-Պատճառը, կարծում եմ, բացառապես անձնական է: Ուրիշ բացատրություն նման իրավիճակում դժվար է գտնել: Պարզապես անհասկանալի է, թե ինչ են անելու ԲՀԿ-ի 450 000 ընտրողները, որոնք «հավատացին» պրն. Ծառուկյանին: ԲՀԿ վերջին որոշման մեջ նրանք ուղղակի անտեսված են:
-Դուք Ս. Սարգսյանի թիմի ներկայացուցիչ եք եղել, եւ հիմա այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ ԲՀԿ-ի տիրույթում եք գործունեություն ծավալում, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի թիմը: Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք:
-Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում միշտ փորձել են ինձ մեղադրել այս կամ այն անհատի կամ քաղաքական ուժի մարդը լինելու մեջ: Հայտարարել եւ հայտարարում եմ, որ Իսագուլյանը բացառապես Իսագուլյանն է, եւ ինձ որեւէ մեկի մարդը կոչելը նշանակում է ինձ լավ չճանաչել: Հավելեմ, որ պրն. Ծառուկյանի հետ, բացի զուտ պաշտոնական ձեռքսեղմումից, երբեւէ որեւէ զրույց չեմ ունեցել: Ի տարբերություն դրան` նախագահ Ս. Սարգսյանին ճանաչում եմ 1988թ.-ից, ունեցել եմ բազմաթիվ զրույցներ տարբեր թեմաներով: Պարզապես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի պայքար լինի, քանզի պայքարի մեջ է ծնվում ճշմարտությունը: Ողջ հայ ժողովուրդն իմ համախոհներն են: Ես հայ ժողովրդի կողմնակիցն եմ:
-Հայտնի է, որ Դուք եղել եք միջկուսակցական բանակցությունների առանցքում, ու նաեւ Ձեզ հետ են հանդիպումներ եղել: Տեղեկություններ կան, որ Վարդան Օսկանյանը վստահեցրել է բոլորին, թե Ծառուկյանն առաջադրվելու է: Ինչո՞ւ փլուզվեց միասնական թեկնածուի գաղափարը:
-Ասել, որ եղել եմ միջկուսակցական բանակցությունների առանցքում, ճիշտ չէ, բայց իմացել եմ, թե ինչ է տեղի ունենում ներկուլիսային հանդիպումներում: Կարող եմ ասել, որ գաղափարի շուրջ խոսակցություն չի եղել, եղել է խոսակցություն անձերի շուրջ:
-Եւ ո՞ր անձի շուրջ է կենտրոնացած եղել:
-Ցավոք սրտի, այդ հանդիպումների ժամանակ դարձյալ ընդհանուր եզրակացության չեն կարողացել գալ:
-Այսինքն՝ բոլորը պնդել են իրե՞նց թեկնածուներին:
-Որքանով ինձ է հայտնի, ինչքան էլ տարօրինակ կամ անարժանահավատ հնչի, միակ մարդը, որ կարողացել էր հասկանալ պահի թելադրանքը, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր շատ փոքր թիմով, որը պատրաստ էր առաջարկվող կոնսեսուսին: ՀՅԴ-ն պատրաստ չի եղել այդ կոնսեսուսին:
-ՀՅԴ-ն տապալե՞ց նախագիծը:           
-Եզրակացություններ կարելի է անել միայն մամուլից, բայց կարծում եմ՝ կուսակցությունները պարտավոր են հասարակությանը հաղորդակից դարձնել ողջ ճշմարտությանը:
-Մի կուսակցության ղեկավար էլ Դուք եք, ինչո՞ւ չեք ցանկանում ինքներդ գաղտնազերծել:
-Հիմնական բանակցող կողմերը խորհրդարանական քաղաքական ուժերն են եղել: Մենք եթե ինչ-որ բաների մասնակցել ենք, ապա որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ, եւ մեր մասնակցությունը կրել է զուտ խորհրդակցական բնույթ:
-Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
-Ինչպես կասեր հասարակությունը, չկա չարիք առանց բարիքի: Ընդդիմությունն ինքն է մեղավոր, որ չի կարողանում իր տեղը գտնել հայաստանյան քաղաքական կյանքում: Այժմ որեւէ կասկած չկա, որ նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում գործող նախագահ Սերժ Սարգսյանն առանց դժվարությունների մեծ առավելությամբ կվերընտրվի: Գալու է պատասխանատվության ամենաէական փուլը, ընձեռնվելու է լավագույն հնարավորություն, որ բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ ու լուծում չէին գտնում նախագահի գործունեության առաջին շրջանում, լուծում ստանան գալիք հինգ տարիների ընթացքում: Եթե նախկինում կար արդարացում` մարտի 1, հետընտրական լարված ներքաղաքական իրավիճակ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, արտաքին մարտահրավերներ եւ այլն, այժմ այդ երեւույթները մեծամասամբ չեն լինի, ուրեմն չի լինի նաեւ խանգարող հանգամանք, որն իր հերթին բացառելու է ցանկացած արդարացում:
-Վերջին հարց. ի՞նչ եղավ Մհերի դուռը: Ե՞րբ սպասենք դրա բացմանը, եւ արդյոք փրկչին այնտեղ կգտնենք:
-Մի՛ շտապեք, կգա այդ օրը: Եւ իսկապես այդ դռները բացվելուց հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:    

Զրուցեց Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս