Ընդդիմությանը 2013թ. նախագահական ընտրություններից առաջ եւս չհաջողվեց միասնական թիմով հանդես գալ, եթե, իհարկե, այդ միավորման կայացմանը խանգարած ուժերին կարելի է համարել ընդդիմություն:
Ընդդիմադիր միավորումները դեռ չկայացած փլուզվում են գրեթե նույն ձեռագրով. պոտենցիալ դաշնակիցներից մեկն ի սկզբանե այնպիսի պայմաններ է առաջադրում, որոնք անընդունելի են դառնում մյուսների համար: 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ, երբ 4 կուսակցություններ՝ ՀՀՇ-ն, «Հանրապետություն»-ը, ԱԺՄ-ն ու «Ժառանգություն»-ը համաձայնել էին դաշինք կազմել, եւ հերթը հասել էր որոշելուն՝ ով է գլխավորելու ցուցակը, Վազգեն Մանուկյանն առաջարկել էր «գիր ու ղուշ» գցել, արդյունքում՝ այդպես էլ համաձայնություն չեղավ: Միասնություն չեղավ նաեւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններում. այն ժամանակ էլ «Ժառանգություն»-ը պատրաստակամություն էր հայտնում միանալ ՀԱԿ-ին, միայն թե՝ իրենց պայմանով, որ ցուցակը գլխավորի կա՛մ Արմեն Մարտիրոսյանը, կա՛մ Զարուհի Փոստանջյանը: Նույնը, թերեւս, կրկնվել է նաեւ այս անգամ: Ընդ որում, նախագահի ընտրություններից առաջ հնարավոր միավորումը «փոզմիշ» անողի դերում եղել է ՀՅԴ-ն:
«Ժողովուրդ»-ին երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան վերջին օրերի քաղաքական զարգացումներից: Մինչեւ ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի՝ Բրյուսել մեկնելը հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ եւ ԲՀԿ միջեւ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր. երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների առաջին փուլից եւեթ պարզ էր դարձել, որ ԲՀԿ-ն համաձայն է ՀՅԴ ներկայացրած օրակարգի կետերին, ավելին՝ դրանցից 2-ը բխում էին նաեւ իրենց առաջարկից: Հաջորդ հանդիպմանն արդեն խոսք է եղել թեկնածուների մասին, եւ ՀՅԴ ներկայացուցիչները բաց տեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու՝ առաջարկելով իրենց ներկայացուցչին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ն մատնանշել է երկու անուն՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան կամ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանց: Սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Այնուհետեւ՝ Ծառուկյանը մեկնել է Բրյուսել: Երեւան վերադառնալուց հետո պարզվել է, որ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ եւ նրան հավաստիացրել՝ նախագահի ընտրություններում չեն առաջադրի թեկնածու (առաջադրման դեպքում էլ կգործեն հօգուտ նրա):
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՅԴ-ի հետ կատարվածն ամենեւին չի հիասթափեցրել ԲՀԿ-ականներին. ԲՀԿ առաջնորդը Բրյուսելից բավական ոգեւորված է վերադարձել Հայաստան. այցերը անցել են խոստումնալից, անգամ եվրոպացիներն են ցանկություն հայտնել նրան նախագահի պաշտոնում տեսնել: Բրյուսելից Երեւան վերադառնալիս ԲՀԿ-ականները դեռ ինքնաթիռում սկսել են հստակ աշխատանքի բաժանում իրականացնել, թե ով է լինելու նախընտրական շտաբի պետը, շտաբում ով ինչ ոլորտի համար է պատասխանատու: ԲՀԿ-ում վստահ են եղել՝ անկախ ՀՅԴ-ի պահվածքից, միեւնույն է, Ծառուկյանի առաջադրման դեպքում կստանան շատ ավելի ուժեղ ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի աջակցությունը: Ավելին, լուրեր կան, որ ԲՀԿ-ում ունեցել են Կոնգրեսի առաջնորդի աջակցության վերաբերյալ հստակ խոստում:
Իրավիճակը կտրուկ փոխվել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո: «Ժողովուրդ»-ը իր երեկվա համարում տեղեկացրել էր այդ հանդիպման ժամանակ կայացած խորհրդակցության մասին: Սակայն այս առումով նոր, ուշագրավ դետալներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ առաջադրվել-չառաջադրվելու հարցը բացառապես Ծառուկյանի որոշելիքն է, բայց նաեւ ասել է, որ ինքն էլ ձեռքերը ծալած չի նստելու: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ս. Սարգսյանն ասել է, որ ՀՅԴ-ն էլ չի սատարի ԲՀԿ նախագահին, ավելին, նա մնացել է միայնակ՝ ՀԱԿ-ի հույսին: Բացի այդ, նախազգուշացրել է, որ Ծառուկյանի դեմ կա կոմպրոմատների բազա, ընդ որում՝ ամենը ջրի երես կհանեն ոչ թե ՀՀԿ-ականները, այլ ՀԱԿ-ից հեռացած որոշ «ընդդիմադիրներ»՝ Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք: Ավելին, Ս.Սարգսյանն ասել է, որ ինքը նույնիսկ հրահանգելու է, որ ՀՀԿ-ականները Ծառուկյանի հասցեին ծպտուն անգամ չհանեն՝ նրան «հոշոտելու» գործընթացը թողնելով նախկին ՀԱԿ-ականներին: Բայց սա դեռ ամենը չէ: Ս.Սարգսյանը նաեւ նախազգուշացրել է, որ իր թիմում շատ մարդիկ են «ատամները սրած» սպասում՝ Ծառուկյանի վրա հարձակվելու համար, եւ ինքն այլեւս չի փորձի զսպել նրանց:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրեն հայտնի չէ՝ Ծառուկյան-Սարգսյան հանդիպում եղել է, թե ոչ: «Ծառուկյանը մնում էր մենակ ոչ թե ՀԱԿ-ի հետ, այլ մենակ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ: Այսօր էլ Ծառուկյանը միայնակ է միլիոնավոր, հարյուր հազարավոր հայերի հետ: Նրան հավատում ու վստահում են բոլոր այն հայաստանցիները, որոնք իրականում խորքային հասկանում են՝ ինչ է կատարվում, ինչ գնով է մեզ տրվել այս որոշումը, ինչ գնով են տրվում ժողովրդի շահից բխող որոշումները»: Ինչ վերաբերում է Բրյուսելից վերադառնալիս ԲՀԿ-ականների միջեւ շտաբի աշխատանքները բաժանելուն, ըստ Ուրիխանյանի՝ ԲՀԿ կառույցները միշտ էլ կազմ-պատրաստ վիճակում են:
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»-Ը ՏԱՊԱԼԵՑ ԲՀԿ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ