ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅԼ ԿԵՐՊ ԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու կապակցությամբ facebook-ի իր էջում գրել է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»:

ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԵՆ
«ԲՀԿ-ն, հանդիսանալով բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող կառույց,  համապատասխան ազդեցությամբ որոշումների կայացման դաշտում, քաղաքական դաշտում, հանրային գիտակցության մեջ եւ այլ գործընթացների շրջանակներում վերահսկելու է ընտրական գործընթացը, որպեսզի ընտրողի քվեն համապատասխանի արտաբերվող արդյունքին»,-Լուրեր.com-ին ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
ԲՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին չեն մասնակցելու ՀՀԿ-ի համագումարին, քանի որ նրանց հրավեր չի ուղարկվել: Այդ մասին NEWS.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ իրենք հրավեր են ուղարկել մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների: «Իսկ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին չենք հրավիրել: Նպատակահարմար չենք գտել: Կարծում եմ, որ արտառոց ոչինչ չկա»,-նշել է Էդ. Շարմազանովը:

ՈՉՆՉԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Կառավարության երեկ ընդունած որոշմամբ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում 1988թ. մինչ օրս կուտակված ժամկետանց դեղերի ոչնչացման նպատակով հատկացվել է 18 մլն դրամ: Ավելի քան 7 մլն դրամ է տրամադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար:

ՉԵՆ ՆԵՂԱՑԵԼ
ՀՀԿ-ն հրավեր չի ուղարկել իր նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե վիրավորված չեն ՀՀԿ-ի այս պահվածքից, ասաց. «Աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ չի տալիս, որպեսզի ոչ առաջնային կարեւորության հարցերով զբաղվեմ: Չեմ կարող գործերս թողնել ու առաջնայնորեն հետաքրքրվել՝ ՀՀԿ-ն հրավիրել է, թե չի հրավիրել»: Ինչ վերաբերում է ՀՀՇ համագումարին մասնակցելուն, Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն պաշտոնական հրավեր դեռեւս չի ստացել:




Լրահոս