«Ինքնասպանությանը» նախորդող օրերին ովքե՞ր են պայմանագրային զինծառայող Վարդան Խաչատրյանից գումար պահանջել, եւ ի՞նչ կապ կարող է լինել զորամասի պահեստից ապրանքի յուրացման վերաբերյալ դատարանում քննվող գործի հետ. ՊՆ-ն հրաժարվել է քաղհայցից Վարդանի «ինքնասպանությունից» 2 օր անց:
Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 7-ին՝ ժ. 09:40-ին, Նուբարաշենի փողոցներից մեկում` «Ուազ» մակնիշի ՊՆ ավտոմեքենայում, հայտնաբերվել էր 40-ամյա պայմանագրային զինծառայող, Նուբարաշենի զորամասի պահեստապետի վարորդ Վարդան Խաչատրյանի դին: Նրա վրա հայտնաբերվել էր հրազենային վնասվածք, իսկ կողքին` «Տոզ» տեսակի հրացան: Ոստիկանությունում քրգործը հարուցվել է ապօրինի զենք կրելու եւ ինքնասպանության հասցնելու փաստով:
Զարմանալի է` Գորիսից զորակոչված եւ 2001-ից զինված ուժերում ծառայող վարորդն ինչո՞ւ է հանկարծ որոշել փողոցում, ոչ իր տաբելային զենքով «ինքնասպան լինել»: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հնարավոր շարժառիթը` լսելով շրջանառվող խոսակցություններն ու ուսումնասիրելով դրա հետ հնարավոր կապ ունեցող հանգամանքները: Ըստ լուրերի` դեպքին նախորդած օրերին ինչ-որ անձինք Վարդանից անընդհատ 3000 դոլար գումար են պահանջել, բացի այդ, Վարդանը մի քրգործով անցել է որպես վկա:
Այս` զուտ խոսակցությունների մակարդակի լուրերին կշիռ է տալիս Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քննվող մի քրգործ: Ամբաստանյալները Նուբարաշենի զորամասերից մեկի անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետ Կարեն Գրիգորյանն ու պահեստարանի պահպանման բաժնի պետ Մելիք Գեւորգյանն են, որոնք, կատարելով սառնարանային տնտեսության պահեստարանի պետի պարտականությունները, քաղաքացի Հովհաննես Մանուկյանի օժանդակությամբ փորձել են յուրացնել պետական գույքը: Խոսքը 2012թ. հուլիսի 14-ին զորամասից կատարված մոտ 143 հազար դրամի խոզի մսի ու ձեթի հափշտակության փորձի մասին է, որը, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները, «իրենց կամքից անկախ, ավարտին չեն հասցրել»: Այսինքն՝ զորամասն այս չափի յուրացման փորձի արդյունքում նյութական վնաս չի կրել, բայց այն կարող է ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ Վ. Խաչատրյանի «ինքնասպանության» հետ` հաշվի առնելով մի քանի հանգամանքներ:
Նախ՝ չի բացառվում, որ յուրացումը պահեստից ավելի մեծ է եղել, ինչպես խոսակցություններում է նշվում` 3000 դոլարի, որը պահեստապետի «ինքնասպան» վարորդը ոչ ինքնագլուխ, այլ վերեւներից` վերադաս մի գեներալի կամ պաշտոնյայի հրահանգով իր ծառայողական մեքենայով հանգիստ հանել է զորամասից եւ տարել իր պետի նշած հասցեով: Հնարավոր է, որ վերեւից եկած «կարեւոր զանգերի» պատրվակով մի քանի կիլոգրամ խոզի միս ու ձեթ էլ փորձել են պահեստապետ Կարենն ու պահպանության բաժնի պետ Մելիքը յուրացնել, բայց ոչ թե ծառայողական մեքենայով, այլ քաղաքացի Հովհաննես Մանուկյանի օժանդակությամբ: Գուցե դա էլ զորամասի հսկիչների մոտ կասկած է հարուցել, եւ 143 000 դրամի յուրացման փորձը բացահայտվել է, երեք անձինք` դարձել մեղադրյալ, ապրանքն էլ` անմիջապես վերադարձվել զորամասին: Չնայած դրան` ՊՆ-ն մինչեւ Վարդանի «ինքնասպանությունը» քաղհայց է ունեցել նշյալ գործով ամբաստանյալների դեմ, որոնք գտնվել են ազատության մեջ: Չի բացառվում, որ այդ գործով Վարդանը ներգրավված է եղել որպես կարեւոր վկա, որն ինչ-որ անհայտ կամ հայտնի անձանց պահանջով կա՛մ պետք է իր գրպանից փակեր պահեստի պակասորդ այդ 3000 դոլարը, ինչն օրեր շարունակ ուզել են նրանից, կա՛մ պետք է «ընդմիշտ լռեր» ու մոռանար այն պաշտոնյայի անունը, ում տուն, ասենք, 3000 դոլարի խոզի միս է տարել: Հնարավոր է՝ Երեւանում վարձով ապրող Վարդանը չի ցանկացել կամ չի կարողացել փակել այդ պարտքը եւ չի էլ ցանկացել լռել` եթե կանչեն դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու:
Այժմ ուշադրություն. զուգադիպությո՞ւն է իրադարձությունների հետեւյալ հաջորդականությունն ու արագ ընթացքը. հուլիսին զորամասի պահեստից յուրացում է լինում եւ բացահայտվում, դրանից 1 ամիս անց պաշտոնանկ է արվում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, նյութական մասով պատասխանատու գեներալ Արշալույս Փայտյանը` կապված գոմեշի մսի պատմության հետ, հետո Նուբարաշենի պահեստի պատասխանատուների գործը` յուրացման սիմվոլիկ չափով, արագ ավարտվում եւ ուղարկվում է դատարան: Դատարանը գործը ստանում է 2012-ի նոյեմբերի 21-ին, հաջորդ օրը կողմերին ծանուցում, դեկտեմբերի 4-ին դատական նիստ է նշանակում, երեք օր անց` դեկտեմբերի 7-ին, Վարդանն «ինքնասպան է լինում», իսկ դեկտեմբերի 10-ին ՊՆ ներկայացուցիչը չի գալիս դատական նիստին եւ գրությամբ հրաժարվում է նյութական պահանջից. պատճառաբանում է, որ ամբաստանյալները հանցանքն ավարտին չեն հասցրել, եւ ապրանքը վերադարձվել է զորամաս:
Բայց եթե յուրացրածը միայն 143 000-ն էր, ապա ՊՆ-ն նախաքննության ընթացքում արդեն պետք է հրաժարված լիներ քաղհայցից, իսկ եթե չի հրաժարվել մինչ դատարան մտնելն ու Վարդանի «ինքնասպանությունը», ուրեմն յուրացումը ավելի մեծ է եղել, որի մնացած մասը ինչ-որ անձինք փորձել են Վարդանից ստանալ մինչեւ դատի օրը: Երեւի չի ստացվել, եւ հնարավոր է, որ հենց պահանջողներն էլ ստիպված են եղել ե՛ւ ՊՆ-ի գումարը փակել, ե՛ւ Վարդանի «հաշիվները մաքրել»: Իսկ երկուշաբթի ՊՆ-ն հրաժարվել է նյութական պահանջից, քանի որ արդեն բոլոր վնասներն են վերականգնված եղել: Իհարկե, սա դեռ վարկած է, բայց տպավորություն կա, որ մանր քրգործերով ու «ինքնասպանություններով» փորձում են բարձրաստիճան ինչ-որ մեկի կեղտոտ թիկունքը փակել…
Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ «ԻՆՔՆԱՍՊԱՆԻ» ԵՎ ՊՆ ՀԱՅՑԻ ՄԻՋԵՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ