«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում հրավիրած խորհրդակցության ժամանակ եվրոպական երկրներում եւ կառույցներում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ ներկայացուցիչների հետ, բացի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվածից, այլ հարցեր էլ է քննարկել, որոնց մասին, սակայն, հաղորդագրությունում չի նշվում: Խոսքը նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների մասին է, որին մասնակից եվրոպական դիտորդների գնահատականները պակաս կարեւոր չեն արդյունքները մարսելու համար:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել ենք, որ հանդիպման բուն նպատակներն այլ են եւ կապված են եղել նաեւ Ծառուկյանի այցի հետեւանքները վերացնելու եւ Ադոնցի «ինքնագործունեության» օրինակի՝ մյուս դեսպանների վրա տարածվելը կանխելու հետ: Բայց սա հարցի միայն մի փոքր մասն է: Առավել հետաքրքիր է, թե ինչ է խոսվել այդ հանդիպման ժամանակ, քանի որ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները հավաստում են, որ բացի պաշտոնական հաղորդագրությունում նշված թեմաներից, խոսվել է շատ ավելի լուրջ թեմաների մասին, որոնցից հարկ ենք համարում նշել երկուսը:
Առաջինը տնտեսական էր. քննարկվել են եվրոպական երկրների հետ ազատ առեւտրի անցման համաձայնագրի հետ կապված հարցեր: Մասնավորապես իշխանությունները մտահոգված են այն հարցով, որ դոնորների հավաքը, որը պետք է լիներ ԱԺ ընտրություններից հետո, տեղափոխվել է նախագահական ընտրություններից հետո, եւ դեռ վերջերս՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի՝ Երեւան այցի ժամանակ, Սերժ Սարգսյանը բարձրացրել էր այս հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն հարցի հետ էին կապված Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիա եւ ԱՄՆ կատարած այցերը, իհարկե, Տ. Սարգսյանի այցերի ժամանակ քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերաբացման հարցը:
Երկրորդը քաղաքական էր եւ վերաբերում էր Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին: Խոսքն ընտրություններին մասնակից դիտորդների գալու եւ նրանց հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մասին է, որ վերջիններս պետք է դրական վերաբերմունք արտահայտեն կայանալիք ընտրությունների նկատմամբ եւ անպատճառ նշեն, որ դրանք կայացել են ժողովրդավարական սկզբունքներով, մրցակցային պայմաններում եւ որ ամենակարեւորն է՝ թափանցիկ:
Սրանք ուղեղի լվացման ստանդարտ գործիքներն են, որոնք պարբերաբար կատարելագործվում են, ինչպես նաեւ կատարելագործվում է Հայաստանում դեռ 1996թ. հիմնադրված՝ «ընտրակեղծիքների ինստիտուտը»՝ այժմ արդեն հագեցված «գերժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխան» ուղեղալվացման տեխնոլոգիաներով:
Անշուշտ, փորձեցինք ստանալ նաեւ ԱԳ նախարարության կարծիքը՝ մեր ունեցած տեղեկության հաստատման կամ հերքման տեսքով: Նախարարության լրատվական ծառայության աշխատակիցների հետ հեռախոսով զրուցել չհաջողվեց, քանի որ վերջիններս նշեցին, որ հեռախոսով հարցերի չեն պատասխանում, միայն նամակով: «Ժողովուրդ»-ի նամակին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ուղարկած նամակում ասվում է. «Ի պատասխան հարցի՝ հայտնում եմ, որ ԱԳՆ համապատասխան հաղորդագրության մեջ ամբողջապես ներկայացված են խորհրդակցության բովանդակությունը եւ քննարկված հարցերը»: Հանդիպման մասին նախարարության պաշտոնական հաղորդագրությունը տեղադրված է ԱԳՆ կայքէջում, եւ հաղորդագրությունում մեր կողմից նշված հարցերի մասին ոչինչ չի ասվում, հետեւաբար ստացվում է, որ ԱԳՆ-ն հերքեց մեր տեղեկությունները:
Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը պնդում է իր դիվանագիտական աղբյուրների փոխանցած տեղեկությունների հավաստիությունը: Հարկ ենք համարում ասել, որ վերը նշված հանդիպման մասին գիտենք նաեւ այլ հետաքրքիր մանրամասներ, սակայն, ինչպես ասում է Գագիկ Ծառուկյանը, այդ մասին հաջորդ դասին:
Իսկ առայժմ բավարարվենք այսքանով: Սա էլ փոքր չափաբաժին չէ:
Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ