Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ օրը՝ երեկոյան, տեղեկություն ստացավ այն մասին, որ Արարատի մարզի դատախազի տեղակալը եւ ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի քննչականի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանել են, որից հետո ծեծկռտուք է եղել: ՀՀ ոստիկանությունից մեզ պաշտոնապես տեղեկացրին, որ իսկապես ինչ-որ միջադեպ եղել է, բայց գործն իրենց մոտ չէ: «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանին: Վերջինս ասաց, որ ոչ թե դատախազի տեղակալն է եղել, այլ դատախազության դատախազը՝ հրաժարվելով ասել նրա անունը: «Վաղը զանգե՛ք, կասեմ անունը: Միայն կարող եմ ասել, որ այո՛, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն»,-սա էր գլխավոր դատախազի մամուլի խոսնակի պատասխանը:
Այսինքն՝ փաստ է, որ դատախազն ու քննչականի պետը ծեծել են իրար: Ու քանի որ «Ժողովուրդ»-ն ունի օպերատիվության խնդիր, որոշվեց հրապարակել լուրը՝ հավելումով, որ Սիմոնյանն այս օրերին մուգ ակնոցներ է կրում, որ կապտուկները չերեւան: Իսկ դատախազի անունն էլ ճշտեցինք մեր աղբյուրներից, որոնք սխալվել էին միայն ազգանունի հարցում, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
Տրամաբանությունը հուշում է, որ դատախազության աշխատակիցները, առավել եւս մամլո խոսնակը, մեզանից նեղանալու, անբարեխիղճ բնութագիր տալու որեւէ հիմք չունեն: Ի վերջո, մենք չենք հրապարակել չճշտված տեղեկություն, ընդհակառակը՝ երկու պաշտոնական աղբյուրներ հաստատել են միջադեպի տեղեկությունը: Բայց քանի որ դատախազները Հայաստանում աշխատում են միայն իրենց հայտնի բարքերով, ու անհասկանալի է, թե մարմնի որ մասով են մտածում, ուստի այսօր հայտարարություն է տարածվել, թե «Ժողովուրդ» օրաթերթն անբարեխիղճ է:
Իհարկե, եթե «Ժողովուրդ»-ը չի հրապարակում դատախազության քիմքին հաճելի նյութեր, չի աստվածացնում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, չի թաքցնում դատախազների անբարոյական կերպարները, «անբարեխիղճ» է: Հիշեցնենք, որ նույն «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանի ապօրինությունների մասին: Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել էր ՃՈ աշխատակցին, այնուհետեւ նրան հրավիրել իր աշխատասենյակ եւ դաժանաբար ծեծել: Իսկ դատախազությունը շարունակում էր թաքցնել իրենց հանցանքները:
Հիմա ո՞վ է անբարեխիղճ. դատախազությո՞ւնը, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է աշխատում եւ բացառիկ նյութեր ապահովում մեկ-երկու լրատվամիջոցի, թե՞ «Ժողովուրդ»-ը, որ իր ընթերցողների հետ առավելագույնս ազնիվ է եւ ստացած ցանկացած տեղեկություն ճշտելով տարբեր աղբյուրներից՝ հրապարակում է:
Դատե՛ք ինքներդ: Իսկ մենք կշարունակենք աշխատել նույն ոճով՝ պահպանելով լրագրողական էթիկայի բոլոր կանոնները:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ որպես իրավապահ մարմին, լավ կլիներ՝ իր դիտողությունները, որոնք «Մամուլի մասին» ՀՀ օրենքում անվանվում են «հերքում կամ պատասխան» այլ լրատվամիջոցներին, ուղարկելուց առաջ դիմեր սկզբնաղբյուրին:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»