ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները։
2015թ հունիսի 16-ին «Սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք բուժօգնության է տեղափոխվել Արմավիր մարզի Նորապատ գյուղի մանկահասակ բնակիչ եւ նույն գյուղի մանկապարտեզի սան, 30.08.2010թ ծնված Էրիկը, ով նույն օրն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 96/հ եզրակացության՝ երեխայի մոտ, համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա, հիպոթերմիկ ցնցումներ», որն ուղեկցվել է կոմայով, զարգացել է կղանքի մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերված «Շիգելլա» մանրէների ազդեցությամբ եւ պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Դեպքի առթիվ հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հուլիսի 3-ին մանկահասակ տղան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է: ԲԿ-ից պահանջվել է նրա բուժհետազոտության բոլոր փաստաթղթերը:
Նախաքննության ընթացքում տուժողի հայրը` Սերգեյ Սերոբի Ամիրխանյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, որով ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած որդու իրավունքներն ու պարտականությունները:
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու, երեխայի հիվանդության, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։
Նախաքննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։