Գյումրեցի մոտ 20 գործարարներ երեկ հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նրանք խոսեցին քաղաքում առկա արտադրական վիճակից ու իրացման խնդիրներից: Ս. Բալասանյանը, բերելով իր օրինակը, նշեց, թե հաջողությունների հասնելու համար գործարարներին մեծ ցանկություն է պետք. «Եթե դրսի մարդ լինի, կասի` տղերքը էսքանն են կարող, հնարավոր չէ: Բայց ես էլ միջի մարդ եմ: Ես գարեջրի գործարանը զարգացրի, իրականում էսօր արդեն դուրս ենք գալիս արտասահման, նույնիսկ Ռուսաստանից շատ մարդիկ ուզում են մեր արտադրանքը: Նույնիսկ, ոնց որ ասում են, ջոկում ենք, թե ում տանք, ում չտանք: Էսպիսի վիճակ է: Այսինքն՝ կա արտադրանք, բրենդը ձեւավորվեց, եւ ձեւավորվելուց հետո էլ էսօր շատ լուրջ մարքեթինգ ենք սկսել»:
Քաղաքապետը նաեւ խոսեց ձեւավորվելիք վերլուծական եւ տեղեկատվական բաժնի մասին, որը գործարարներին հնարավորություն է տալու ներկայացնել իրենց բիզնես ծրագիրն ու այն հետագայում զարգացնել: Այնուհետ Բալասանյանը կարեւորեց նաեւ ներդրումները, բայց, ինչպես ինքն է ասում, լավ գիտի, որ Գյումրիում ներդրումներ չեն արվում, քանի որ տարածքը ռիսկային գոտի է համարվում: Ծանր արդյունաբերության զարգացումը Գյումրիում քաղաքապետն աբսուրդ է համարում, բայց կարծում է, որ թեթեւ արդյունաբերությունը միանշանակ պետք է զարգանա:
Գործարարների մի մասին վրդովեցնում ու անգամ անհասկանալի է թվում, թե ինչու է Գյումրին համարվում ռիսկային գոտի: Նրանց մեկնաբանմամբ՝ հենց դրանից էլ սկսվում են անհաջողությունները: Աշխատատեղերի բացակայություն, գործազրկության բարձր ցուցանիշ. մշտապես արծարծվող այս խնդրին ի հակադրություն՝ գործարարները նշում են, թե աշխատատեղեր շատ կան, բայց աշխատողներ չկան: Գործատուների միության նախագահ Կարապետ Մովսեսյանը նշեց, թե ինքը բազմիցս է գրություններ ուղարկել Գյումրու զբաղվածության կենտրոն, որ մարդ ուղարկեն աշխատանքի, բայց ամիսներով աշխատողներ չեն գնում: Կ. Մովսեսյանը, որը զբաղվում է կոշիկի արտադրությամբ, բիզնեսում ունեցած իր ձախողումների պատճառը համարում է աշխատողներ չունենալը: Բացի այդ, նա խոչընդոտ է համարում նաեւ Երեւանում աշխատուժի ավելի բարձր վարձատրությունը. «Էսօր Երեւանը փակել է Գյումրիի դեմը: Ուզենք թե չուզենք` դա փաստ է: Մի լավ աշխատող կադր է լինում՝ ավելի բարձր աշխատավարձեր են խոստանում ու տանում մարդկանց: Էս պահին մենք ի վիճակի չենք բարձր աշխատավարձեր վճարել»:
Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության զարգացմանը. «Եթե կան գյուղատնտեսական համապատասխան հողատարածքներ, որտեղ կարող ենք մշակել բանջարաբոստանային տարբեր տեսակի կուլտուրաներ, որը կարող ենք վերամշակել, բնականաբար, պետք է նաեւ հասկանանք, որ գոմեշի միսը չպետք է ներմուծենք: Շիրակի մարզում մենք կարող ենք Ղուկասյանի եւ Աշոցքի տարածաշրջանում անասնապահությունը զարգացնել»:
Քննարկման շարունակությունը գործարարների խնդրանքով անցավ առանց լրագրողների` փակ ֆորմատով:
Գյումրի