ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉԻՆ` ՎՃԱՐՈՎԻ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունվարի 1-ից ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստագրերը կտեղայնացվեն, ինչի պատճառով մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն փոփոխություններ: Առանց ռիսկի հղի կինը, ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի: Այսպիսով՝ մարզի բնակիչը կծննդաբերի իր մարզում, իսկ Երեւանի բնակիչը` Երեւանում: Բայց սրանով մարզում գրանցված առանց ռիսկի հղին Երեւանում հավանաբար վճարովի ծննդօգնություն կստանա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել էին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակն ու ընթացիկ խնդիրները: Նախարարի հրամանով, որը դեռ քննարկման փուլում է, կկանոնակարգվեն ծննդաբերողների եւ մինչեւ 7 տարեկան երեխաների ուղեգրման եւ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլը կապահովի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը:
ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ ուղեգրման համակարգը քննարկման եւ լինելիության փուլում է: Պետք է միաժամանակ խրախուսել, որպեսզի կանայք տեղերում ծննդաբերեն, եթե չունեն բարդություններ: Կանոնակարգվելու է, թե որ կանայք կուղեգրվեն Երեւան: Ուղեգրվելն այլ բան է, իսկ մարդու` իր կամքով ծննդօգնության հիմնարկ ընտրելը` այլ բան: Մենք դեռեւս ուզում ենք հասկանալ կարծիքները, դեռ այն քննարկման փուլում է»:
Այսինքն, եթե հղի կինը չունի ծննդաբերության հետ կապված բարդություններ, ապա չի կարող անվճար ծննդօգնություն ստանալ Երեւանում: Այս հրամանի կոնկրետ այս կետը դեռ քննարկման փուլում  է, եւ առայժմ հայտնի չէ, թե հունվարի 1-ից հետո ինչ կլինի: «Եթե մարզի հղի բնակիչը դիմել է, ու վիճակը վատ է, ապա նրան պետք է ընդունեն մարզում, ցուցաբերեն բուժօգնություն, հետո անպայման կապվեն Երեւանի հատուկ արձագանքման ծառայություն, որպեսզի այդ ծառայությունը գնա ու տեղում ցուցաբերի բուժօգնություն կամ տեղափոխի Երեւան: Այս հրամանով այս խնդիրներն ենք կանոնակարգում»,-ավելացրեց Գ. Ավագյանը:    
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի համար նույնպես  ընդունելի է այս մոտեցումը, բայց որոշակի, հստակ կանոնակարգերի պայմաններում. «Սա վաղուց էր պետք անել: Պետությունը մարզային բուժհաստատություններ ստեղծելու նպատակով մեծ գումարներ է ծախսել, ներդրումներ արել, սարքավորումներ գնել, բժիշկներին էլ մասնագիտական խելք տվել, եթե իրենց չեն արդարացնելու, ապա ինչո՞ւ են նրանց պահում: Գոնե մարզի շրջանում ընտրություն անելու հնարավորություն տան, այսինքն՝ մարզի բնակիչը իրավունք ունենա 4-ից մեկն ընտրել: Եթե մարդը պետք է գնա ընդամենը մի ծննդատուն, որտեղ անվճար է, նշանակում է, որ այդ քայլով մարդու իրավունքը սահմանափակում են: «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում կա համապատասխան հոդված, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի ընտրել բուժհիմնարկը եւ բժշկին, իհարկե, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: Այսինքն, եթե այս հրամանով Արարատի մարզի բնակիչը պետք է գնա միայն Արտաշատի ծննդատուն, ուրեմն դրանով սահմանափակում ենք նրա իրավունքը, բայց եթե հրամանում ֆիքսում ենք, որ դու իրավասություն ունես Արարատի մարզում գտնվող 4 ծննդատներից մեկն ընտրել ու գնալ, ուրիշ»:
Տեղեկացնենք,  որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ներառում են` հղիության նախածննդյան հսկողությունը, հղիության ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, ծննդաբերությունը եւ հետծննդյան խնամքը, ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով: Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային մանկաբարձական օգնությունն ընդգրկում է ծննդալուծման համար անհրաժեշտ միջոցառումների  ամբողջ ծավալը` դեղերով  եւ  բժշկական  պարագաներով ապահովումը, լաբորատոր-գործիքային եւ ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները, նեղ մասնագետների խորհրդատվությունը, բուժական միջամտությունները` ըստ  անհրաժեշտության, հիվանդասենյակով  ծննդկանին  ապահովումը, կնոջ եւ նորածնի վարման  ու խնամքի ապահովումը բժշկի, միջին եւ կրտսեր բուժանձնակազմի կողմից:
Հ.Գ. Նշենք, որ Դ. Դումանյանը կարեւորել է նաեւ տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ: Մինչդեռ հարկ է հիշեցնել, որ անցյալ տարի երկու դեպք գրանցվեց միայն Վայքի ծննդատանը, որտեղ նորածինները մահացան: Այսքանից հետո ի՞նչ երաշխիք ունենան մարզի հղիները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս