Սույն թվականի հոկտեմբերի 1-ից՝ 7 տարի նպաստ ստանալուց հետո, դադարեցվել է Ավան թաղամասի Սայաթ-Նովայի 1/4 տան բնակիչ, միայնակ կենսաթոշակառու Վերիչկա Թորոսյանի ընտանեկան նպաստը այն հիմնավորմամբ, թե «կնոջ անունով գրանցված մեքենա կա»:
«Ես 2005 թվականից նպաստ եմ ստացել: Ինչի՞ «Փարոս»-ի աշխատողը հենց հիմա է դա նկատել: Ես սրա պետություն ասողի… մենակ, պառավ կնիկ եմ, 20 հազար դրամ թոշակով ո՞նց ապրեմ: Իրանք կապրե՞ն էդքան փողով, բա դրանք խիղճ ունե՞ն: Մի բա՛ն արեք, օգնե՛ք՝ վերականգնեմ իմ իրավուքը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խնդրեց տիկին Վերիչկան:
Միայնակ կենսաթոշակառու Վերիչկա Թորոսյանը 78 տարեկան է: Ամսական ստանում է 20 հազար դրամ կենսաթոշակ: Ամուսինը մահացել է 2005թ.` իր հետեւից թողնելով բազմաթիվ հոգսեր: Որոշ ժամանակ անց մահացել է նաեւ նրա որդին` մոր խնամքին թողնելով զույգ որդիներին: Տղաներից կրտսերը ծառայում է բանակում, իսկ ավագն արդեն վերադարձել է եւ աշխատանք չունի: Ապրուստի միակ միջոցը կնոջ կենսաթոշակն է ու պետության կողմից տրվող աղքատության 16 հազար դրամ նպաստը, որն էլ Ավանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի կողմից դադարեցվել է ս. թ. հոկտեմբերի 1-ին: Այդ որոշումը ՍԾՏԲ-ն հիմնավորել է նրանով, որ իբր կնոջ անունով կա գրանցված շարժական գույք՝ ավտոմեքենա: Այնինչ առկա է նոտարական վավերացմամբ առքուվաճառքի պայմանագիր, որով հաստատվում է, որ հիշյալ մեքենան վաճառվել է 2005թ. հունիսի 8-ին: Վ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ հիշյալ պայմանագիրը կցված է նրա ընտանիքի ընտանեկան նպաստի գործերին: Թե ինչու հենց հիմա՝ 7 տարի անց, այն այլեւս չի կարող վավեր փաստաթուղթ համարվել, փորձեցինք ճշտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից պատասխանեցին, թե կառավարության որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգ»-ի համաձայն` ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի են առնվում մի շարք բնութագրիչներ, այդ թվում նաեւ անձնական oգտագործման ավտոմեքենայի առկայությունը եւ տեխնիկական զննում անցնելու հանգամանքը:
«Եթե դիմումատուն չունի ավտոմեքենա, ապա այդ մասին անհրաժեշտ փաստաթղթերը պարտադիր է ներկայացնել իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին»,-պարզաբանեցին նախարարության լրատվության բաժնից:
«Իմ իմանալով՝ մեր մեքենան երկրորդ անգամ է վաճառվել ինչ-որ մեկին, որին չեմ էլ ճանաչում: Ես ի՞նչ մեղք ունեմ, երբ իմ մեքենան ՃՈ-ի կողմից հաշվառումից չեն հանել: Չգիտեմ էլ՝ ոնց գտնեմ մեքենայի նոր տիրոջը, ախր ես միայնակ կին եմ, ո՞նց անեմ»,-տարակուսեց է ծեր կինը:
«Վերիչկա Թորոսյանը մեզ դիմել է, մենք էլ իրեն կպատասխանենք, թե ինչու եւ ինչպես, դա մենք կորոշենք: Իսկ եթե ուզում եք «Ժողովուրդ»-ին էլ պատասխանենք, ապա գրավո՛ր դիմեք կամ զանգե՛ք Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժին»,-դժկամորեն ու բացահայտ արհամարհանքով պատասխանեց Ավանի ՍԾՏԲ-ի պետ Լիլիթ Հայրապետյանը` չցանկանալով մանրամասնել հանգամանքները:
Առանց նրա խորհրդի էլ «Ժողովուրդ»-ն այս հարցով սահմանված կարգով դիմել էր Երեւանի քաղաքապետարան, իսկ նրանց պատասխանը այս դեպքում ժամանակավրեպ կլինի:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԻՄԱ ՆԿԱՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ