Ի՞նչն է նորաձեւ 2013-ին, ո՞ր գույները, եւ ամենակարեւորը, ի՞նչ կրել Ամանորի գիշերը… Այս եւ մի շարք այլ հարցերի կպատասխանի դիզայներ ՖԱԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կրել Նոր տարվա գիշերը:
-Նախ եւ առաջ հագուստը պետք է համապատասխան լինի այն վայրին, որտեղ դիմավորում եք Նոր տարին: Գիտե՞ք՝ ես ինչպես եմ ընտրում Նոր տարվա գիշերվա հագուստը: Մտածում եմ, թե ինչպիսի տարի եմ ակնկալում: Ըստ դրա էլ ինչ-որ կերպար եմ հորինում ու այդպես հագնվում: Իսկ Ամանորի գիշերը լինել կերպարի մեջ շատ օրիգինալ է, չես նմանվի ոչ մեկին: Եթե, օրինակ, քեզ ռոմանտիկա է պակասում, հագնվի՛ր ավելի ռոմանտիկ: Ասում են՝ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի տարին: Եթե մեկն ուզում է գործերի մեջ հաջողություններ ունենալ, թող գործնական հագնվի: Իսկ ամենակարեւորը` հագուստը պետք է հարմար լինի, նեղություն չտա: Խորհուրդ կտամ լինել հարմարավետ, նորաձեւ, երեւացող: Ես միշտ ասում եմ՝ հագուստն ու այն կրողը պետք է միշտ հարմոնիայի մեջ լինեն իրար հետ: Եթե հագուստը դուր է գալիս, բայց ձեզ լավ չեք զգում դրա մեջ, տանջվելով մի՛ հագեք:
-2013-ին ո՞ր ոճն է նորաձեւ լինելու:
-Տենդենցները բազմազան են: Այս տարի շատ նորաձեւ է մուգ կապույտը, կանաչը: Օձի տարում նորաձեւ է փայլը` ոսկեգույնը, արծաթագույնը, թավիշը: Շատ նորաձեւ են նաեւ ուռուցիկ հագուստները, կաշվե զգեստները, վառ գույնի մորթիները: Եթե լինեք 70-ական, նույնիսկ 20-ական թվականների ոճի հագուստով, հաստատ սխալ չի լինի: Եթե օձի տարի է, չի նշանակում, որ բոլորը պետք է սկսեն օձի կաշվից կամ նման հագուստ կրել: Իսկ եթե սնահավատ եք, աստղագուշակների խոսքը հաշվի եք առնում ու մտածում եք, որ եթե օձի տարի է, պետք է հագնվել ըստ հորոսկոպի նշանի, դա մի քիչ լուրջ չէ դիզայների համար: Դիզայներները չեն կարող իրենց հագուստը համապատասխանեցնել հորոսկոպին:
-Այս տարի Դուք մեծ ցուցադրություն էիք կազմակերպել, նոր հավաքածու ներկայացրիք:
-Բայց ես դա չեմ արել սեզոնային, արել եմ պատվերով` «Աբսոլյուտ»-ի հետ համատեղ: Պատրաստել եմ իրենց ցանկությամբ` վառ գույների մեջ: Բայց Նոր տարվա համար ես տոնական փոքր հավաքածու եմ ներկայացրել, որը դեկտեմբերի 20-ից կլինի իմ խանութում:
-Երբ դիզայների աչքով եք նայում քաղաքում շրջող հայ աղջիկներին, ի՞նչ կասեք, կարողանո՞ւմ են նորաձեւ հագնվել:
-Կարողանում են, ուղղակի մերոնք մի քիչ չափից շատ են անում ամեն ինչ: Սկզբում չէի հասկանում՝ ինչպես կարելի է առավոտյան այդչափ հարդարված գնալ դասի կամ այդքան բարձրակրունկ հագնել: Հիմա հասկանում եմ՝ դա մենք ենք: Ու եթե տվյալ աղջիկը, որն այդպես զուգվել է, ուրիշ կերպ չի պատկերացնում իրեն, նաեւ հարմար է զգում, ուրեմն թող էդպես էլ լինի: Այլ բան, որ առավոտ գիշերով չլինի փայլփլուն հագուստով կամ շատ երեկոյան դիմահարդարմամբ, դա նախ եւ առաջ առողջության համար լավ չէ, կարծես ամեն օր դեմքիդ գրիմ դնես: Վատ չէ, երբ թեթեւ դիմահարդարում է, բայց երբ ա լյա Քիմ Քարդաշյան են առավոտ շուտ, այ դա լավ չէ:
-Ձեր խանութում հագուստը մատչելի՞ է, յուրաքանչյուրը կարո՞ղ է օգտվել:
-Ես կարծում եմ, որ իմ հագուստի գները, համեմատած այլ հայ դիզայներների, ավելի մատչելի են: Ուրիշ հարց, եթե ես անում եմ անհատական, հատուկ մի բան, ոչ խանութի համար: Բայց այդ գներն էլ շատ վախենալու չեն: Ես հաճախ թե՛ տոների հետ կապված, թե՛ տարբեր առիթներով անում եմ 50 տոկոսի զեղչ: Մի օր եմ զեղչում, բայց դա իսկապես 50 տոկոս է: Օրեր առաջ լրացավ մի տարին, որ ես խանութ ունեմ, ու կրկին տեսա այն նույն մարդկանց, որ առաջին օրվանից էլ մեզնից օգտվել են: Եթե նույն մարդիկ վերադառնում են նույն խանութ, նշանակում է՝ իրենք դժգոհ չեն: Ու երբ ես անում եմ այդ զեղչը, երեկոյան զգեստը դառնում է շատ մատչելի:
-Մոտավորապես ինչքա՞ն:
-40.000 դրամ: Հավատացե՛ք, դիզայներական հագուստի համար 40.000-ը շատ էժան է: Երբեք հագուստին ավելորդ գին չեմ դնում: Ինքս էլ մտածում եմ՝ ես այդքան կվճարեի՞ այս շորի համար:
-Նաեւ հարսանյաց զգեստներ եք կարում, որքա՞ն գումար պետք է ունենա հարսիկը Ձեզ դիմելու համար:
-Եթե հարսիկը վարձի լավ զգեստ թանկ սրահում, այդ նույն գնով ինքը կկարողանա պատվիրել ինձ մոտ իր ուզած զգեստը: Ամեն ինչ կախված է կտորից, քարերից, ձեւից…
ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻՑ ՇԱՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ