ՄԵԿ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս է, ի՞նչ տրամադրություն ունի մեր հայրենակից Արթուր Աբրահամը մենամարտից արաջ: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ»-ը ստացել է անձամբ բռնցքամարտիկից. «Լավ եմ, մարտական տրամադրություն ունեմ, լրջորեն նախապատրաստվել եմ այս մարտին եւ միայն մեկ ակնկալիք ունեմ՝ հաղթել: Նշեմ, որ մարզիչս՝ Ուլի Վեգները, գոհ է իմ մարզավիճակից»:
Հետաքրքրվել ենք նաեւ, թե այս մենամարտից հետո էլ, ինչպես ամեն անգամ, Արթուր Աբրահամն արդյոք կգա Հայաստան. «Իհարկե կգամ: Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում՝ հարազատներիս, ընկերներիս, մտերիմներիս հետ: Բայց մինչ այդ մեկնելու եմ ԱՄՆ՝ դեկտեմբերի 22-ին ներկա գտնվելու իմ ընկերոջ՝ երգիչ Արմենչիկի մենահամերգին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
«Լուրջ պայքար է սպասվում իմ եւ Մեհդի Բուադլայի միջեւ: Սա կարող է լինել Բուադլայի կարիերայի վերջին հնարավորությունը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Նա փորձելու է ամեն ինչ, նա կարող է»,-եզրափակել է Արթուր Աբրահամը:
Աբրահամ-Բուադլա մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի ժամանակով ժամը 1:30-ին (դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը):




Լրահոս