ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն մի քանի տարի է՝ չեմ աշխատում, որեւէ տեղ գրանցված չեմ որպես աշխատող: Ինձ կտրամադրվի՞ գործազուրկի կարգավիճակ, եթե դիմեմ զբաղվածության պետական ծառայություն, լսել եմ՝ ինչ-որ գումարներ են վճարում այնտեղ:

Արսեն Գրիգորյան (46 տարեկան, բանվոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայության կողմից գործազուրկի կարգավիճակ է տրվում կենսաթոշակառու չհանդիսացող, աշխատանք փնտրող այն չզբաղված անձանց, որոնք աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառվել են իրենց բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնում: Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց երաշխավորվում է գործազրկության նպաստի վճարում` առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչեւ 1992թ. հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում: Գործազրկության նպաստի չափը 18 000 դրամ է: Վճարման նվազագույն տեւողությունը 6 ամիս է (առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչեւ 1992թ. հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու  դեպքում), առավելագույնը` 12 ամիս (կախված է աշխատանքային ստաժի տեւողությունից):
Եթե անձը նախկինում եղել է հաշվառված զբաղվածության կենտրոնում եւ ստացել է գործազրկության նպաստ, ապա կրկին հաշվառվելիս նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում:

«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ Սոնա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործազուրկի կարգավիճակի հավակնող քաղաքացիներին՝ զգոն լինելու մի հիշեցում. եթե որեւէ տեղ առաջարկում են աշխատանքի վերցնել, բայց չգրանցել, ուրեմն այդ գործատուն կարող է ոչ միայն ցանկացած պահի առանց պատասխանատվության հեռացնել ձեզ աշխատանքից, այլեւ զրկել հետագայում գործազրկության նպաստ ստանալու հնարավորությունից:




Լրահոս